Դեկտեմբեր 22, 2024
exclusive
14440 դիտում

Սլավիկ Գալստյան. Հաղթելու համար կարեւոր է յուրաքանչյուր վայրկյանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այս տարի Աշխարհի առաջնությունից վերադարձավ երկու մեդալով:

Մինչեւ 63 կգ քաշային կարգում մեծահասակների պայքարում իր առաջին հաջողությունը գրանցեց Սլավիկ Գալստյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Mediamax Sport-ի հետ զրույցում ըմբիշն ամփոփել է տարին, նշել հաջողություններն ու բացթողումները եւ այն նպատակները, որոնք կփորձի կյանքի կոչել արդեն 2020-ին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարվա առաջին մեդալն ու հաղթանակին շուտ հավատալու դասերը

Տարին սկսեցի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունով, որտեղ զբաղեցրի 2-րդ տեղը: Մինչեւ եզրափակիչ գոտեմարտն ամեն ինչ լավ ընթացավ, տոնեցի մի շարք հաղթանակներ:

Եզրափակչում մրցակիցս Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն էր, առաջին մրցափուլում առավելություն ունեի, բայց շատ միավոր տվեցի նրան ու 8:10 հաշվով պարտվեցի:

Չէի սպասում, որ գոտեմարտն այդպիսի ընթացք կստանա, երեւի զգոնությունս թուլացրի ու վերջում բաց թողեցի հաղթանակը: Նպատակս ոսկե մեդալն էր, բայց չստացվեց:

Այս առաջնությունից հետո հասկացա, որ պետք է մինչեւ վերջ պայքարել, նույնիսկ մեկ վայրկյանը շատ կարեւոր է: Բացի այդ գիտակցեցի, որ յուրաքանչյուրին հնարավոր է հաղթել, պարզապես պետք է վստահ լինել ու հավատալ ինքդ քեզ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոգեբանական պատրաստվածությունից մինչեւ սխալների ճիշտ վերլուծում

Դրանից հետո Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ եւս շատ էի ցանկանում մեդալակիր դառնալ: Սխալ կլինի ասել, որ վատ էի մոտեցել մրցաշարին, իրավունք ստացա երրորդ տեղի համար գոտեմարտել, բայց զիջեցի մրցակցիս:

Այս պարտությունից հետո մի քիչ նեղված էի, չէի կարողանում կենտրոնանալ ու հասկանալ, թե ինչն եմ սխալ արել: Մարզիկն անտեղի չի պարտվում. կամ զիջում ես որովհետեւ  թույլ ես, կամ էլ բացթողումներ ես ունեցել: Մի քիչ ժամանակ անցավ, մարզչիս հետ վերլուծեցինք, գիտակցեցի, որ ամեն ինչ դեռ առջեւում է, կկարողանամ հավաքվել ու մեդալներ նվաճել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինձ համար շատ կարեւոր է հոգեբանական պատրաստվածությունը, միայն ֆիզիկապես ուժեղ լինելը բավարար չէ հաջողության հասնելու համար: Այդ պատճառով էլ սկսեցի նաեւ այդ ուղղությամբ աշխատել: Իհարկե, ինձ օգնում էին մարզիչս, ընկերներս, ընտանիքս, բայց եթե մարդ ինքն իր մեջ չկարողացավ ամեն ինչը հաղթահարել, ով ուզում է կողքից օգնի, չի ստացվի:

Երկրորդ տարին է, որ ես մեծահասակների մրցաշարերի եմ մասնակցում: Մրցումից մրցում հասկացա, որ կապ չունի մրցակիցի անունը, եթե զգում ես, որ պատրաստ ես, ուրեմն կարող ես առաջ անցնել: Յուրաքանչյուր մարզիկ նախ ինքն է հավատում իրեն, զգում, որ կարող է հաղթել: Եթե այդ տրամադրվածությունը լինում է, մյուսներն էլ են սկսում վստահել:

Իհարկե, մարզիչն անընդհատ քիչ-քիչ ներարկում է հաղթանակի ցանկությունը, բայց դու էլ պետք է կարողանաս ճիշտ ընդունել այդ չափաբաժինը: Միայն մարզչով չի սահմանափակվում, հարկավոր է նրանից ճիշտ վերցնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վնասվածքը, մարզչական փոփոխությունն ու ԱԱ-ն

Եվրոպայի առաջնությունից հետո հավաքներից մեկի ժամանակ վնասվածք ստացա: Չնայած շատ էի ուզում մեկնել Աշխարհի առաջնություն, բայց մի պահ եղավ, որ այն բաց թողնելու հավանականությունը մեծ էր, որովհետեւ վնասվածքս լուրջ էր:

Երկու ամիս չպարապեցի, լավ բուժվեցի ու վերջին հավաքից առաջ էլ իմացա, որ ընդգրկվել եմ թիմի կազմում: Մարզիչներն ուղղակի ինձ հավատացին, իսկ ես զգում էի, որ կարող եմ: Երեւի այս ամենն ինչ-որ տեղ նաեւ լավ էր, որովհետեւ ավելի հանգիստ մոտեցա առաջնությանը:

ԱԱ-ից առաջ մեր գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց, իհարկե, մենք չէինք ցանկանում, որ այդպիսի փոփոխություն լիներ: Ազդեցություն կար, բայց պետք չէր կենտրոնանալ դրա վրա, պարզապես հարկավոր էր մտածել, որ շատ կարեւոր առաջնության ես պատրաստվում ու աշխատել այդ ուղղությամբ: Իսկ Ջուլֆալակյանին փոխարինած Էդուարդ Սահակյանին բոլորս լավ ծանոթ ենք, քանի որ նա մեր երկրորդ մարզիչն էր, դրա համար հեշտ է միասին աշխատելը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լավ մարզավիճակում մեկնեցի առաջնություն՝ իմանալով, որ իմ քաշային կարգում շատ տիտղոսակիր ըմբիշներ կան: Ես նույն ենթախմբում ընդգրկվեցի Աշխարհի չեմպիոն Ստեփան Մարյանյանի հետ: Գիտեի, որ եթե հանկարծ մինչ նրա հետ հանդիպումը զիջեմ որեւէ մեկին, ապա մրցաշարը կավարտվի ինձ համար: Այդ պատճառով արեցի ամեն ինչ, որ առաջ անցնեմ ու հաղթեմ նաեւ նրան: Բայց տակտիկական սխալ արեցի, պարտվեցի ու միայն բրոնզե մեդալի համար կարողացա պայքարել:

Մեծահասակների առաջին մեդալն ու Օլիմպիական քաշային կարգը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այն, որ կրկին մեդալային գոտեմարտ պետք է ունենայի, ինձ ավելի էր զգոն դարձնում: Անցած դժվարին ճանապարհը պարտավորեցնում էր ինձ անպատճառ հաղթել: Հասկացա, որ ԱԱ-ի մեդալից ընդամենը վեց րոպե է բաժանում, հավատացի ինձ ու տրամադրվեցի միայն հաղթանակի:

Մեծահասակների պայքարում սա իմ առաջին մեդալն էր, ճիշտ է, պատանիների, երիտասարդների առաջնություններում էլ եմ մեդալակիր դարձել, բայց սա լրիվ ուրիշ է: Այս բրոնզե մեդալը կարծես չեմպիոնություն լինի ինձ համար: Իհարկե, գիտեմ, որ կարող էի եզրափակիչ դուրս գալ, բայց էլի ուրախ եմ երրորդ տեղի արդյունքով:

Այս մեդալը նվաճելուց հետո անհամեմատ ինքնավստահ եմ դարձել: Մարզչիս հետ շտկումներ պետք է անեմ, որպեսզի մյուս տարի ավելի լավ մասնակցեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես շատ ժամանակ հաղթելիս եմ լինում մրցակիցներիս, բայց վերջում միավորներ եմ տալիս ու պարտվում: Հասկացել եմ, որ սա հոգեբանական խնդիր է, ոչ թե ֆիզիկական: Շուտ եմ սկսում հավատալ հաղթանակին ու այն բաց եմ թողնում: Անպայման կուղղեմ սա:

63 կգ քաշային կարգը ոչ Օլիմպիական է: Մի քանի օր անց հանդես եմ գալու Հայաստանի առաջնությունում, որտեղ կմասնակցեմ Օլիմպիական 67 կգ քաշում: Կփորձեմ ոսկե մեդալակիր դառնալ ու արդեն մյուս տարի մասնակցել վարկանշային մրցաշարի: Բացի այդ էլ կպատրաստվեմ նաեւ Եվրոպայի առաջնությանը:

Սլավիկ Գալստյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին