exclusive
9247 դիտում

Փոքրիկ Օլիմպիական խաղերը. Հայերը պատրաստ են Բուենոս Այրեսին


Լուսանկարը` olympic.org

Լուսանկարը` olympic.org

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Ձյուդոյի ֆեդերացիա

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` olMediamax

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` worldtaekwondo.org


Պատանեկան Օլիմպիական խաղեր ՄՕԿ-ը սկսել է անցկացնել 2010 թվականից: Առաջին անգամ 14-18 տարեկան մարզիկներն իրենց ուժերն են չափել Սինգապուրի ամառային խաղերում, 2 տարի անց էլ կազմակերպվել են ձմեռային խաղեր:

Այս տարի Բուենոս Այրեսում ամառային խաղերն արդեն 3-րդ անգամ են կայանալու: Հայաստանը ներկայացնելու են 8 մարզիկներ:

Թեեւ խաղերն ամառային են, բայց կայանալու են հոկտեմբերի 6-18-ն Արգենտինայում, քանի որ հենց այդ ժամանակ է Հարավային Ամերիկայում լինելու տաք ու բարենպաստ եղանակ:

Կազմակերպիչները 38 մարզաձեւերում նախատեսում են մոտ 4000 մարզիկների մասնակցություն, նրանք ժամանելու են 206 երկրներից:

Mediamax Sport-ը ներկայացնում է խաղերի հայ մարզիկների մարզումային ծրագիրն ու պատրաստվածությունը: Խոսել ենք նրանց մարզիչների հետ:

Լուսանկարը` olympic.org


Ծանրամարտ   

Կարեն Մարգարյան (77 կգ) - Գեւորգ Դավթյան (մարզիչ)

Օլիմպիական խաղերին Մարգարյանը սկսել է պատրաստվել օգոստոսի 8-ից Ծաղկաձորում, ապա մարզումները շարունակել է Աբովյանում, որտեղ մնալու է ընդհուպ մինչեւ Բուենոս Այրես մեկնելը՝ հոկտեմբերի 3-ը: Թիմի կազմում 3 մարզիկներ են: 

Կարեն Մարգարյանին ենք ընտրել մասնակցության համար, քանի որ նրա արդյունքները Եվրոպայի առաջնությունում շատ բարձր են եղել: Ավելի հավանական ենք համարում, որ նա կկարողանա մեդալի համար պայքարել նաեւ Օլիմպիական խաղերում: Մարզումների ժամանակ նա նույն կիլոգրամները բարձրացրել է, բայց խաղերի համար պետք է արդյունքը բարելավի:

Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավթյանն առաջին անգամ է մարզչի կարգավիճակում լինելու խաղերում: Խոստովանում է, որ շատ լարված է, բայց միաժամանակ նաեւ ոգեւորված:

Լուսանկարը` Mediamax


Երբ ես էի այս տարիքում ,մենք միայն Եվրոպայի առաջնության էինք մասնակցում, անգամ ԱԱ չկար, իսկ հիմա պատանի մարզիկները սեփական Օլիմպիական խաղերն ունեն: Նրանք վաղ տարիքից մտնում են սպորտային պայքարի մեջ ու փորձ ձեռք բերում, դա շատ կարեւոր է:

Դավթյանը շատ է ցանկանում մեդալով վերադառնալ Արգենտինայից, կարծում է, որ ճիշտ են աշխատում ու կկարողանան կատարել իրենց առջեւ դրված խնդիրը:

Իմ փորձն ու գիտելիքները ես փոխանցում եմ սաներիս, Կարենին էլ լավ ծանոթացնում եմ խաղերի նրբություններին: Այն սովորական մրցաշար չէ, բայց պետք չէ լարվել ու ամեն ինչին ուշադրություն դարձնել: Մրցակցային առումով ոչ մի տարբերություն էլ չկա, նույն հարթակն է ու ծանրաձողը, պարզապես պետք է լուրջ ու զգոն լինել:

Լիանա Գյուրջյան (+63 կգ) - Վիգեն Խաչատրյան

Ծանրորդուհին հիմա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուկրաինայում, մարզչի վկայությամբ շատ լավ մարզավիճակում է:

Լուսանկարը` Mediamax


Այս տարի Լիանան ԵԱ-ում հաղթող է դարձել 183 կգ արդյունքով, մարզումների ժամանակ 10 կգ-ով ավելացրել է այդ ցուցանիշը: Իր համար սովորական քաշային կարգում հանդես գալու դեպքում կարող էինք հաղթող էլ դառնալ: Դեռ մրցակիցների քաշերի հայտացուցակը չենք տեսել, որ հնարավոր լինի ակնկալիքների մասին խոսել: Բայց միանշանակ մասնակցելու ենք լավ տեղ զբաղեցնելու համար:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Սահակ Հովհաննիսյան (60 կգ) - Գագիկ Խաչատրյան

Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դառնալուց հետո ըմբիշը սկսել է պատրաստվել Օլիմպիական խաղերին: ԵԱ-ում ձեռքի վնասվածքով է հանդես եկել, վերադառնալուց հետո նախ այն բուժել է, որպեսզի կարողանա լիարժեք մարզվել:

Որոշել էինք բաց թողնել Աշխարհի առաջնությունը, որ հասցնի լիովին ապաքինվել: Հիմա էլ բժիշկների հսկողության տակ է, ամեն ինչ լավ է: Սահակը 2 հավաքի է մասնակցել երիտասարդական ընտրանու հետ, նախ մեկնել է Ալուշտա, ապա մարզումներ անցկացրել Օլիմպավանում: Վերջին նախապատրաստական 10-օրյա փուլը կրկին Երեւանում է լինելու:

Լուսանկարը` Mediamax


Հովհաննիսյանի մրցակիցները լինելու են մյուս մայրցամաքների հաղթողները, քանի որ Արգենտինան որպես տանտեր մասնակից չի ներկայացրել, հանդես է գալու Եվրոպայի փոխչեմպիոն վրացի ըմբիշը:

Թեժ մրցակցություն է սպասվում: Սահակը լավ է տրամադրված, մանավանդ Եվրոպայի հաղթող դառնալուց հետո ավելի ոգեւորված է ու սպասում է խաղերին: Հույս ունենք, որ ամեն ինչ կստացվի ու լավ հանդես կգա:

Ձյուդո

Յուրի Իսրայելյան (55 կգ) -Հովհաննես Դավթյան

Յուրի Իսրայելյանին խաղերից առաջ ընդամենը 1 հավաք է մնում անցկացնել: Սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 1-ը նա Օլիմպավանում է մարզվում, որից հետո մեկնելու է մրցավայր:

Յուրին ուղեգիր բավական բարդ պայքարում է ձեռք բերել, այն հնարավոր էր նվաճել աշխարհի վարկանշային աղյուսակում մինչեւ 5-րդ տեղը զբաղեցնելու դեպքում: Մասնակցել ենք պահանջվող 5 մրցաշարերին, 4-ում մեր մարզիկը մրցանակային եռյակում է ընդգրկվել ու կարողացել է ապահովել մասնակցությունը:

Լուսանկարը` Ձյուդոյի ֆեդերացիա


Դավթյանի խոսքով, սպասելիքները նրանից շատ մեծ են, կարեւորը լավ մարզավիճակում է ու որեւէ բան չի խանգարում, որ մեդալով վերադառնան:

Բոլոր մրցակիցներին ծանոթ է, տարբեր մրցաշարերում արդեն հանդիպել են, նորեկներ չեն լինելու, կարեւորը ճիշտ տրամադրվելն ու մասնակցելն է:

Հրաձգություն

Հայկ Բաբայան (հրացան)- Անդրանիկ Այվազյան

Սեպտեմբերին Բաբայանը Կորեայի Չանգվոն քաղաքում Աշխարհի առաջնությանն է մասնակցել, ցույց տված արդյունքը մարզիչը նորմալ է համարում: Վերադառնալուց հետո մի քանի օր հանգստացել է, ապա շարունակել մարզումները:

Հայկի համար ստուգարք եմ կազմակերպել, ավելի լավ է կրակել ու բարձր արդյունք ցույց տվել, քան ԱԱ-ում: Հավատում եմ, որ կկարողանա պատանեկան խաղերում իր եղբոր՝ Հրաչիկ Բաբայանի պես, մեդալակիր դառնալ: Կարող եմ երաշխավորել, որ եզրափակիչ կմտնի ու 8 ուժեղների թվում կլինի, բայց որ տեղը կգրավի, մրցումները ցույց կտան:

Լուսանկարը` Facebook


Լող

Արթուր Բարսեղյան (ազատ ոճ  50 մ, 100 մ ու բաթերֆլայ 50 մ) -Արմինե Ավետիսյան

Հուլիսին Արթուր Բարսեղյանը հանդես է եկել Հելսինկիում  կայացած պատանիների Եվրոպայի առաջնությանն ու 50 մ ազատ ոճում ուղեգիր նվաճել: Օգոստոսին Գլազգոյում էլ նա մրցել է մեծերի ԵԱ-ում:

Մեր մրցումային շրջանն արդեն ավարտվել է: Հիմա միայն մարզումներ ենք անցկացնում օրը 2 անգամ՝ առավոտյան ու երեկոյան, բավական ծանրաբեռնված աշխատում ենք: Արթուրը շատ մարտական է տրամադրված ու ցանկանում է հաջող հանդես գալ: Առաջնային նպատակը եզրափակիչ փուլ դուրս գալն է, դա շատ լավ արդյունք կլինի: Արթուրը 16 տարեկան է ու մրցակիցներից 2 տարով փոքր է, նրա համար շատ դժվար է լինելու: Եթե անգամ կիսաեզրափակչում հայտնվի, հաջող կհամարենք մասնակցությունը:

Լուսանկարը` olMediamax


Գեղարվեստական մարմնամարզություն

Յուլիա Վոդոպյանովա - Լիլիթ Հարությունյան

Յուլիան վերջերս Եվրոպայի առաջնությանն է մասնակցել, հիմա էլ կենտրոնացած մարզումներ է անցկացնում Նիժնի Նովգորոդում: Օլիմպիական խաղերից առաջ սեպտեմբերի 28-29-ն Ուզբեկստանում միջազգային մրցաշարի է մասնակցելու:

Մասնակցելուց հետո ժամանելու ենք Մոսկվա, որտեղից էլ ուղեւորվելու ենք Երեւան, մրցավայր մեկնելու ենք ողջ թիմի հետ: Մեր գլխավոր նպատակը խաղերում արժանի մասնակցելն ու Հայաստանը ներկայացնելն է:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Թաեքվոնդո

Անդրանիկ Խաչատրյան (73 կգ) - Նորայր Մեքինյան

Անդրանիկ Խաչատրյանն իր ուղեգիրը դեռ ապրիլին է նվաճել Թունիսում կայացած վարկանշային մրցաշարում: Հայ մարզիկը նաեւ բրոնզե մեդալակիր է դարձել: Գարնանն էլ սկսել է պատրաստվել խաղերին:

Լուսանկարը` worldtaekwondo.org


Իրանում G1 կարգի մրցաշարի է մասնակցել, ապա Երեւանում հավաք ունեցել մեծահասակների ընտրանու հետ: Նաեւ միջազգային մրցաշարի է մասնակցել Մոսկվայում, հիմա էլ այնտեղ է, Ռուսաստանի ընտրանու հետ է մարզվում, որպեսզի լավագույնս հանդես գա խաղերում: Սպասելիքներ, իհարկե ունենք, բայց նախապես ոչինչ պետք չէ ասել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին