Մեկ տարի առաջ այս օրը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը նվաճեց Հայաստանի 14-րդ ոսկե մեդալը:
Ռիոյում Արթուր Ալեքսանյանն իրականություն դարձրեց բոլոր մարզիկների ամենանվիրական երազանքը. լինել լավագույնը, ամենաբարձունքում ու հավերժ կրել Օլիմպիական չեմպիոնի ամենաբաղձալի տիտղոսը:
Րոպեների ընթացքում նա ստիպեց ապրել հպարտության ու երջանկության պահեր, փայլել լայնարձակ ժպիտով, բայց եւ կրկին վերապրել կորստի ցավը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ալեքսանյանը սովորական մարզիկ չէ ու իր Օլիմպիական նվաճումը նշեց բոլորից տարբերվող կերպով:
Օլիմպիական չեմպիոնն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված 19-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով շապիկով էր: Օլիմպիական չեմպիոնը հերոսին վայել կերպով մեծարեց հերոսներին:
Mediamax Sport-ը ներկայացնում է օլիմպիական շապիկի պատմությունը, որի մասին պատմել է Ալեքսանյանի մտերիմ ընկեր, կրկին հունահռոմեական ոճի ըմբիշ Վաղարշակ Մինասյանը:
Գաղտնի մտադրությունն ու դրա իրագործումը
2016-ի ապրիլը շատ մռայլ ու ծանր ստացվեց, 4-օրյա պատերազմը անտարբեր չէր թողնել ոչ մեկի: Բացառություն չէին նաեւ մարզիկները, որոնց համար տարին առանց այն էլ շատ պատասխանատու ու կարեւոր էր, պետք էր պատրաստվել օգոստոսին կայանալիք Օլիմպիական խաղերին:
Հենց այդ ընթացքում էլ՝ խաղերի նախապատրաստական հավաքներից մեկի ժամանակ, Արթուրի մոտ առաջացավ Ռիոյում նման շապիկ կրելու գաղափարը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հավաքի էինք, պարզապես զրուցում էինք, բնականաբար պատերազմի թեման շրջանցել չէինք կարող: Արթուրը հայտնեց իր մտադրությունը: Այս մասին միայն երկուսիս էր հայտնի, որոշել էինք ոչ ոքի չասել:
Ալեքսանյանն ինքն է ընտրել Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը, իսկ շապիկը պատվիրելու պարտականությունը եղել է Մինասյանի վրա: Այն պատրաստ է եղել հունահռոմեական թիմի Ռիո մեկնելուց ընդամենը մի քանի օր առաջ:
Արթուրը շատ էր ուզում շապիկը հագնել ու որոշել էր միայն ոսկե մեդալ նվաճելու դեպքում այն ցուցադրել: Օլիմպիական խաղերի կանոնակարգով արգելվում է պարգեւատրման ժամանակ որեւէ լուսանկար կրել շապիկին, հակառակ դեպքում կարող են որակազրկել: Արթուրը գնացել էր այդ ռիսկին ու իր մտադրությունն իրականություն դարձրել:
Օլիմպիական խաղերին Գյումրիում, ինչպես եւ ամբողջ Հայաստանում մեծ ոգեւորութամբ են հետեւել, քաղաքի կենտրոնում տեղադրված մեծ էկրանին ըմբիշի որոշիչ գոտեմարտին հետեւելու են եկել բազմաթիվ համաքաղաքացիներ ու ընկերներ:
Երբ չեմպիոն դարձավ, հավաքվածներին ասացի, որ նրանց անակնկալ է սպասվում, բայց չբացահայտեցի, թե ինչ: Պարզապես ասացի՝ կբացի շապիկն ու կտեսնեք, այդպես էլ եղավ: Շատ հուզիչ պահ էր, այնուհետեւ մեր օլիմպիականներին մեծ ոգեւորությամբ դիմավորեցինք օդանավակայանում: Արթուրին ուսերիս վրա տարա, անչափ ուրախ էի, աննկարեգրելի ոգեւորություն էր տիրում ամենուր:

Լուսանկարը` PAN Photo
Հերոսներին նվիրված հաղթանակը
Օլիմպիական պատվոհարթակից իջնելուց հետո իր առաջին հարցազրույցում Արթուր Ալեքսանյանը խոստովանեց, որ հաղթանակը նվիրում է մեր հերոսներին, զինվորներին, ովքեր զոհվել են կամ հիմա կանգնած են սահմաններում:
Ապրիլյան դեպքերից հետո էի դեռ որոշել, որ հաղթելու դեպքում անպայման այսպիսի շապիկ եմ հագնելու: Շատ եմ ցանկացել, որ այն մեր բոլոր հերոսների նկարով լինի, բայց, ցավոք, նրանք այնքան շատ են, որ հնարավոր չէր տեղավորել մեկ շապիկի վրա: Ռոբերտի նկարում բոլորն են խտացված: Երբ իմացա, թե Աբաջանն ինչ սխրանք է գործել, հենց այդ ժամանակ էլ այդ միտքն առաջացավ: Նրա շնորհիվ ես շատ բան հասկացա, սկսեցի պատկերացնել, թե ինչ հզոր ուժ ունի հայն ու ինչեր կարող է անել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մարզիկը ցանկացել էր ամբողջ աշխարհին ցույց տալ հայ հերոսին ու ոչ Օլիմպիական խարտիայի խախտումը, ոչ էլ այլ արգելքներ նրան չէին խանգարել իրականություն դարձնել մտածածը:
Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Գոհար Նալբանդյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: