Վաղը մեր ֆուտբոլի ազգային հավաքականն ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարում արդեն 7-րդ հանդիպումը կանցկացնի: Ընդամենը երկու ամիս անց հայտնի կդառնան Ֆրանսիայում կայանալիք առաջնության ուղեգրերն ապահոված թիմերի անունները:
Մեր պարագայում հույսը, կարելի է ասել, մարած է, թեեւ որոշ լավատեսներ դեռ շարունակում են հավատալ բարեհաջող ելքին: Սակայն այս ընտրական մրցաշարում էլ, երբ եզրափակիչ փուլ դուրս գալն ամենաիրականն ու հնարավորն էր թվում, մեր ֆուտբոլիստներին կրկին առաջադրանքը կատարել չհաջողվեց:
Խնդիրն ազգային ընտրանուն չհավատալու կամ վստահելու մեջ չէ, պարզապես մեկ հայացքն էլ ընտրական I խմբին բավական է, որ ամեն ինչ հասկանալի դառնա: Խմբի առաջատար Պորտուգալիան մեզ գերազանցում է 11 միավոր, իսկ Դանիան ու Ալբանիան՝ 9-ական: Մեզանից թերեւս ամենավատ վիճակում է Սերբիան, որն ՈւԵՖԱ-ի կողմից կարգապահական տույժերի ենթարկվելուց հետո իր հաշվին -2 միավոր ունի: Միայն իսկական հրաշքն ու մեր ֆուտբոլիստների գերագույն նվիրումը կարող են երկրպագուներին մնացած 3 խաղերում նույնքան հաղթանակ պարգեւել:
Այսպիսի մտահոգություններով ու խնդիրներով ենք մոտենում սեպտեմբերի 4-ին Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտում կայանալիք խաղին, որն, ի դեպ, անցնելու է առանց երկրպագուների: Առաջին խաղում թիմերի գրանցած ոչ-ոքին՝ 1:1, դեռեւս երկուսի համար էլ ամենաարդյունավետն է եղել: Ավելորդ է նշել, թե երկու թիմերի համար էլ որքան կարեւոր է այս հանդիպումը սեփական հեղինակությունը վերականգնելու ու վստահություն ձեռք բերելու համար:
Սերբիայում երկրպագուների պակասը փորձելու ենք լրացնել Հայաստանում: Այդ խաղից 3 օր անց հյուրեր ընդունելու պատիվը վստահվելու է մեզ: Գիտենք, որ ստադիոնների ընտրության լայն հնարավորություն չունենք, ու հերթական անգամ խաղը կայանալու է մեր գողտրիկ ու հայ ֆուտբոլասերների համար սիրելի դարձած Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այն միշտ չէ, որ հաջողվում է պռնկեպռունկ լցնել, թեեւ ընդամենը 14 հազար հանդիսական է տեղավորում: Ամեն ինչ որոշում է հավաքականի խաղերի արդյունավետությունն ու մրցակիցների կարգը: Թոփ հավաքականներին, որոնք այս ընտրական մրցաշարում մեզ համար պորտուգալացիներն ու ֆրանսիացիներն էին, հանրապետականը մարզասերների պակաս չուներ:
Սեպտեմբերի 7-ին ընդունելու ենք դանիացիներին, որոնց վերջին տարիներին չենք էլ հասցնում կարոտել, նրանց տեսնում ենք, գրեթե, մեր խաղացողներին հավասար: ԱԱ-2014-ի, ԵՎՐՈ-2016-ի ու դեռ մի անգամ էլ ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում մեր հավաքականների ճանապարհները դեռ խաչվելու են:
Նախորդ ընտրական մրցաշարում Դանիայի ընտրանու նկատմամբ 4:0 հաշվով տոնած հաղթանակը թերեւս ամենատպավորիչներից էր մեր ընտրանու համար: Սակայն հաջողությունը չստացվեց կրկնել այս ընտրականի հենց առաջին խաղում, 2:1 հաշվով ուժեղ էին դանիացիները: Այս անգամ հաղթանակ գրանցելու հերթն արդեն մեր ֆուտբոլիստներինն է, թեեւ Դանիան շատ վստահ է հանդես գալիս ու հավակնում է տիրանալ ԵՎՐՈ-2016-ի ուղեգրերից մեկին:
Սեպտեմբերի 7-ին Երեւանում Դանիային, անկասկած, հաղթանակն ավելի շատ է անհրաժեշտ լինելու, քան մեզ: Թիմն ամեն ինչ կանի ձեռքից 3 միավորը բաց չթողնելու ու մինչեւ վերջին խաղը պայքարի մեջ մնալու համար:
Իսկ մեզ համար ամեն ինչ արդեն վաղուց ավարտված է, պարզապես ինչպես սերբերն են սեպտեմբերի 4-ի խաղով արդեն սկսելու նախապատրաստվել ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարին, գուցե, մեր ընտրանու համար էլ այդ հանդպումը մի նոր սկիզբ հանդիսանա ավելի մեծ ու ցանկալի հաղթանակների ճանապարհին:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: