Դեկտեմբեր 21, 2024
exclusive
19809 դիտում

Կանանց ըմբշամարտ. Առաջին համարձակները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարիներ առաջ Հայաստանում մտածել անգամ չէինք կարող կանանց ըմբշամարտը զարգացնելու մասին: Թեեւ բոլոր նախադրյալներն ու  անհրաժեշտ պայմանները կային, սակայն պակասում էին այն կամային ու ուժեղ աղջիկները, որոնք պատրաստ կլինեին առաջամարտիկներ դառնալ:

Այս մարզաձեւի ամենատարբեր գագաթները նվաճվել են հայ ըմիշների կողմից, հերթն արդեն հայ աղջիկներինն է, որոնք շատ մարտական են տրամադրված ու պատրաստ են սպորտային ամենատարբեր մրցաշարերում հաջողություններ գրանցել:

Կանանց ըմբշամարտի սկիզբը դրվել է Արտիմետում

Հայաստանում աղջիկների խումբ առաջին անգամ հավաքվել է 2014 թվականի սեպտեմբերին, ու որքան էլ որ զարմանալի լինի, ոչ թե Երեւանում, այլ Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում: Նախաձեռնությունը մարզիչ Գոռ Աբգարյանինն է եղել, որը Ֆրանիսայում միջազգային մրցաշարի ժամանակ աղջիկների գոտեմարտերին հետեւելուց հետո որոշել է ինքն էլ խումբ բացել:

«Մտածեցի, որ մենք ոչ մեկից պակաս չենք, ծանրամարտով, բռնցքամարտով ու ձյուդոյով զբաղվող աղջիկներ ունենք, ինչու ըմբշամարտում էլ չփորձել: Մինչ այդ մարզիչները չէին ցանկանում նման պատասխանատվության տակ ընկնել, վախենում էին նաեւ մրցակցության բացակայությունից»,- ասում է մարզիչը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս գործում նախաձեռնող եղավ Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Արտիմետի մասնաճյուղը, որտեղ էլ կազմավորեց աղջիկների առաջին խումբը: Այսօր նրանք արդեն 8 են, որոնցից 3-ի հետ էլ հանդիպելու ու նրանց մարզումներին հետեւելու հնարավորություն է ունեցել Mediamax Sport-ը:

Համարձակները. ըմբշամարտով ապրող աղջիկները

Այս աղջիկները ոչնչով չեն տարբերվում իրենց հասակակիցներից, սակայն արդեն այս տարիքում հստակ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից ու ինչ նպատակների համար են պատրաստ տքնաջան մարզվել:

12-ամյա Անի Առաքելյանը վերջերս է առաջին անգամ միջազգային մրցաշարի մասնակցել Ֆրանսիայում ու հաղթանակով վերադարձել: Բագնոլետ քաղաքի 22-րդ միջազգային մրցաշարում, որտեղ հանդես են եկել նաեւ Հունգարիայի, Պաղեստինի ու Ֆրանսիայի մարզիկները, նա ելույթ է ունեցել 2 տարիքայինների պայքարում: Անին մինչեւ 35 կգ քաշային կարգում կարողացել է 2 տիտղոս նվաճել:

«Թեեւ Ֆրանսիայում առաջին մրցումս էր, բայց ամեն ինչ շատ հեշտ էր ինձ համար: Ինձ դուր եկավ մրցաշարի մասնակցելն ու հատկապես հաղթելը»,- խոստովանում է մարզուհին:

Գոռ Աբգարյանն էլ փաստում է, որ Անին շատ հեռանկարային է, մարզվում է մեծ նվիրումով ու ժամերով դուրս չի գալիս դահլիճից. «Ես եմ տուն ուղարկում հանգստանալու: Առավոտյան 6:30 արթնանում է ու գնում վազելու, շատ տղաներից էլ լավ է մարզվում: Իր պարի ուսուցչին խոստացել է, որ Աշխարհի չեմպիոն է դառնալու: Շատ կամային աղջիկ է»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչ սպորտն ընտրելը, Անին 3 տարի պարի է գնացել, սակայն ըմբշամարտի առաջին մարզմանը հետեւելուց հետո որոշել է ինչ էլ լինի, ինքն էլ է հաճախելու: Ոչ ծնողների անհամաձայնությունը, ոչ էլ մյուսների կարծիքները չեն խանգարել նրան կայացնել իր որոշումը.

«Բայց ի վերջո ծնողներս էլ հաշտվեցին այդ մտքի հետ: Ես իմ դասընկերուհիներին էլ եմ պատմում մարզումների մասին, նրանցից շատերն են ցանկանում զբաղվել այս սպորտով, սակայն ծնողները դեմ են»:

Անին նշում է, որ սկզբում ոչինչ էլ չէր ստացվում, բայց մեծ ցանկության դեպքում ամեն ինչի էլ հնարավոր է հասնել: 

Լիլիթ Պետրոսյանն ու Կատրին Սեդրակյանն էլ են սեպտեմբերից հաճախում ըմբշամարտի մարզումների: Նրանք հենց առաջին մարզումից էլ սիրահարվել են այս սպորտաձեւին ու որոշել իրենց կյանքը կապել դրա հետ:

Լիլիթի ընտանիքում բոլորը հեշտությամբ են իրենց համաձայնությունը տվել, որ աղջիկը զբաղվի սպորտով: «Ամեն ինչ շատ հոգեհարազատ էր հենց ամենասկզբից,  ինձ շատ լավ էի զգում դահլիճում: Ծնողներիս ասացին, որ դա իմ ընտրությունն է, եթե ուզում եմ՝ կարող եմ զբաղվել ըմբշամարտով»,- պատմում է նա:

Թեեւ նրա դասընկերուհիները համոզված են, որ ըմբշամարտը կանացի մարզաձեւ չէ, նա խոսակցություններին ուշադրություն չի դարձնում ու շարունակում է մարզվել:

Կատրինը դպրոցում է իմացել ըմբշամարտի մարզումների մասին ու առանց երկար մտածելու եկել մարզադահլիճ: «Ըմբշամարտում ամեն ինչ իմ սրտով է, մենք պայքարում ենք, միասին ժամանակ անցկացնում: Ուզում եմ մեդալներ նվաճել, բայց հատկապես՝ Օլիմպիական չեմպիոն դառնալ»,- նշում է նա: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Աղջիկները համոզված են, որ մոտ ապագայում դեռ մեկ սպորտային գագաթ չէ, որ նվաճելու են: Թեեւ սկզբում շատ դժվարություններ են հաղթահարել, բայց լիահույս են, որ իրենց կուռքերի՝ Արսեն ու Արամ Ջուլֆալակյանների, Կարեն Ասլանյանի պես հայտնի ըմբիշներ են դառնալու:

Մարզումային առանձնահատկություններն ու օլիմպիական սպասումները

Մարզիչ Գոռ Աբգարյանի վկայությամբ, պատահական չէ, որ ամենահամարձակ աղջիկները հենց Արտիմետից են: Նրա խոսքով, իրենց գյուղը շատ սպորտային է, ու բոլորն ուրախանում ու ոգեւորվում են մյուսների հաջողություններով:

Այդպես է եղել նաեւ աղջիկների պարագայում: Նա կարծում է, որ պատանիների ԵԱ-ի ու Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Զավեն Միքայելյանի նվաճումները եւս կարեւոր ու որոշիչ դեր են խաղացել:

«Եվրոպայի առաջնությունից հետո դպրոցում մեծ շուքով ենք դիմավորել Զավենին, դա երեխաների վրա մեծ տպավորություն է գործել»,- ընդգծում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզումները շաբաթական 4 օր են տեւում: Թեեւ Աբգարյանի վկայությամբ աղջիկների հետ աշխատելու առանձնահատկություններ կան, սակայն իրենց ծանրաբեռնվածությամբ ու տեւողությամբ դրանք ոչնչով չեն տարբերում ազատ ոճի տղաների մարզումներից: Նրանք նաեւ հատուկ մարմնամարզիկ մարզիչ ունեն, Էդիտա Տոնոյանն աշխատում է աղջիկների ճկունությունը լավացնելու ուղղությամբ:

Աբգարյանի խոսքով, աղջիկները շատ հեռանկարային են ու նրանցից առաջիկայում մեդալներ են ակնկալում միջազգային ասպարեզում: Աշնանն աղջիկների թիմը պատրաստվում է մրցաշարի մասնակցել Ռուսաստանում, իսկ նրանց առաջնահերթ նպատակը 2020 թվականին Արգենտինայում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերին մասնակցելն է:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին