Կայացան Լա Լիգայի 23-րդ տուրի հանդիպումները: Մադրիդի «Ռեալը» ընդունեց հետնապահներից մեկին՝ «Դեպորտիվոյին», որի նկատմամբ, ոչ առանց դժվարությունների, հաղթանակ տարավ: «Ռեալը» նորից խաղում էր առանց իր երկու հիմնական կենտրոնական պաշտպանների ու մեկ եզրային պաշտպանի, ինչպես նաեւ առանց երկու կենտրոնական կիսապաշտպանների: Վնասվածքներ ունեցողների ցուցակին ավելացել էր նաեւ Խեդիրան, ով քիչ թե շատ փոխարինում էր Մոդրիչին: Այդ բոլոր խնդիրների մասին իմանալով, «Դեպորտիվոն» առաջին իսկ րոպեներից նետվեց հարձակման, եւ մոտ 10 րոպե «Ռեալին» իր սեփական տուգանային հրապարակում փակված պահեց: Եթե «Դեպորտիվոն» կարողանար այդ րոպեների ընթացքում գոլ խփել, անձամբ ես «Ռեալի» հաղթանակի վրա խաղադրույք չէի կատարի: Բայց «Դեպորտիվոն» չխփեց, եւ մադրիդացիները կամաց-կամաց հետ քաշվեցին իրենց դարպասից ու սկսեցին վտանգավոր հարվածներով անհանգստացնել հյուրերի դարպասապահին: Ռոնալդուն ու Բեյլը նախ մրցակցի դարպասաձողին հարվածեցին, իսկ 22-րդ րոպեին երկարատեւ հարձակումից հետո Իսկոն գեղեցիկ շրջանցիկ հարվածով բացեց հաշիվը: Հետագայում «Դեպորտիվոն» հնարավորություն ունեցավ հավասարեցնելու հաշիվը, սակայն այդ նույն դարպասաձողը երկրորդ խաղակեսում խաղաց «Ռեալի» օգտին: Խաղը հանդարտվեց 73-րդ րոպեին Բենզեմայի խփած գոլի շնորհիվ: Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով:

Լուսանկարը` http://i.eurosport.com/
Այն, որ Լեւանտեն չի դիմակայի «Կամպ Նոույում», ի սկզբանե ակնհայտ էր: «Բարսելոնան» միացրել է իր տուրբոշարժիչն ու ոչնչացնում է մի հակառակորդին մյուսի հետեւից: Հարցը կայանում էր նրանում, թե քանի՞ հարված կիրացնի «Բարսան»: Սահմանափակվեցին 5 գոլերով: Մեսսիի հեթ-տրիկը (որը նրան մոտեցրեց Ռոնալդուին ռմբարկուների պայքարում ) եւ Նեյմարի ու Սուարեսի գոլերը ցուցատախտակին «Լեւանտեի» ջախջախման մասին էին վկայում՝ 5-0:

Լուսանկարը` http://i.eurosport.com/
Հավատում եք, թե ոչ, բայց ես ենթադրում էի, որ «Ռեալի» հանդեպ տարած հիասքանչ հաղթանակից հետո «Ատլետիկոյի» էմոցիոնալ ուժերը չեն հերիքի «Սելտայի» հետ հանդիպմանը տրամադրվելու համար: Այո, Սիմեոնեն իրեն որպես գերազանց հոգեբան ցույց տվեց, սակայն ամեն մեկի հոգին չես կարող ուսումնասիրել: Իսկ գալիսիացիները նույնիսկ «Բարսայի» նկատմամբ տարած հաղթանակ ունեն: Իսկ ահա «Ատլետիկոն» նույն բանով չի կարող գլուխ գովալ: Խաղը ցույց տվեց, որ «Ատլետիկոյի» հետ կապված իմ մտավախություններն անհիմն չեն: Նրանք նույնիսկ մոտավորապես չէին հիշեցնում այն թիմը, որ մի շաբաթ առաջ «Ռեալին» էր հաղթել: Արդյունքում 0-2 հաշվով պարտություն: Պարտվելով՝ «Ատլետիկոն» մեծացրեց «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ ունեցած միավորների տարբերությունը:

Լուսանկարը` http://i.eurosport.com/
4-րդ տեղին հավակնող թիմերից վրիպեց միայն «Վիլյառեալը»՝ սեփական դաշտում 0-2 հաշվով պարտվելով «Ռայո Վալեկյանոյին»: «Վալենսիան» մեծ դժվարությամբ ու միայն 11-մետրանոցի շնորհիվ հաղթեց «Խետաֆեյին»՝ 1-0: «Սեւիլյան» վստահորեն «Կորդովայի» հարցերը լուծեց 3-0 հաշվով:
Այս շաբաթ մեզ սպասում է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆը: Վայելենք ֆուտբոլը, պարոնայք:
23-րդ տուրի արդյունքները՝
Ալմերիա-Ռեալ Սոսյեդադ 2-2
Գրանադա-Ատլետիկ 0-0
Ռեալ-Դեպորտիվո 2-0
Սեւիլյա-Կորդովա 3-0
Սելտա-Ատլետիկո 2-0
Ռայո Վալյեկանո-Վիլյառեալ 2-0
Բարսելոնա-Լեւանտե 5-0
Վալենսիա-Խետաֆե 1-0
Մալագա-Էսպանյոլ 0-2:
Մրցաշարային աղյուսակ՝
1. Ռեալ – 57 (միավոր)
2. Բարսելոնա - 56
3. Ատլետիկո - 50
4. Վալենսիա - 47
5. Սեւիլյա - 45.....
18. Գրանադա - 19
19. Լեւանտե -19
20. Կորդովա – 18:
Ռմբարկուներ՝
Ռոնալդու - 28 (գնդակ)
Մեսսի - 26
Նեյմար -17:
Տեսությունը պատրաստել է Արսեն Սարգսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: