Մայիս 22, 2025
exclusive
914 դիտում

Արսեն Ջուլֆալակյան․ Ըմբշամարտով կրկին զբաղվելու պատճառը փախուստ էր իրականությունից


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` Ջուլֆալակյանի անձնական արխիվից


Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց եւս մեկ մրցանակ՝ Պանամերիկայի փոխչեմպիոնի կոչումը։

Տեւական դադարից հետո Ջուլֆալակյանը տվել է առաջին հարցազրույցն ու պատասխանել Mediamax Sport-ի հարցերին։ Խոսել ենք Արգենտինան ներկայացնելու որոշման, պատերազմում պարտվելու, Հայաստանում տիրող իրավիճակի, սպորտի միջոցով դատարկությունը լցնելու ու վերադարձի մասին։

- Արսեն, 2021-ի հունիսին հայտարարեցիր ակտիվ սպորտից հեռանալու մասին։ Դու դեռ լավ մարզավիճակում էիր ու կարող էր շարունակել, ինչո՞ւ նման որոշում կայացրիր։

- Որոշումս պայմանավորված էր մի քանի պատճառով։ Նախ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները․ բացարձակ կորցրել էի մարզվելու եւ մրցելու ցանկությունն ու մոտիվացիան: 2020թ նոյեմբերի 10-ից սկսած հասկացա, որ չեմ կարողանալու շարունակել...

Ուղղակի ինձ հույս էի տալիս, թե կանցնի: Ցավոք, այդ վիճակը ոչ միայն չանցավ, այլ սպասվածից շատ ավելի ծանր եղավ: Պատճառը մեղավորների անպատժելիությունն էր, ավելին՝ նրանց իշխանության մնալը: Հասկանում էի, որ դա բերելու է մեր Հայրենիքի կործանմանը:

Կարեւոր հանգամանք էր նաեւ այն, որ ստորագույն կերպով ինձնից խլվել էր իմ՝ 4-րդ Օլիմպիական խաղերին մասնակցելու վաստակածս իրավունքը։

Մյուս հանգամանքն աշխատանքս էր Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայում։ Նախագահն ու Բյուրոն, նկատելով աշխատանքիս որակը, նոր եւ պատասխանատու լիազորություններով էին ինձ օժտում: Արդյունքում սկսեցի զբաղվել ոչ միայն մարզիկների հանձնաժողովով, որի նախագահն եմ, այլեւ  ներկայացնել UWW-ն միջազգային կոնֆերանսներում, հանդիպումներում, իրականացնել դասընթացներ եւ սեմինարներ, մասնակցել մյուս հանձնաժողովների աշխատանքներին:

Որոշումս վերջնական էր եւ կարիերաս ավարտեցի ըմբշամարտից բացարձակ գոհ եւ շնորհակալ։

Լուսանկարը` UWW


- Բայց դու դրանից հետո ամեն դեպքում վերադարձար ու սկսեցիր պայքարել 2024-ի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար։

- 2023-ի սկզբին աշխատանքային այցով Շվեյցարիայում էի ու շատ անսպասելի Արգենտինայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը խոսեց Փարիզի խաղերին մասնակցելուս մասին։ Չնայած առաջարկն անչափ գայթակղիչ էր, բայց սկզբում լուրջ չընդունեցի, քանի որ շուրջ երկու տարի նույնիսկ ըմբշամարտի դահլիճ չէի մտել մարզվելու։  

Այդ ժամանակ ամբողջ միտքս ու ժամանակս տարված էր ընդդիմության պայքարով եւ Հայաստանի պատուհաս իշխանության հեռացմամբ: Չնայած կանխատեսումներիս եւ առաջարկներիս՝ գործել ավելի վճռական եւ կտրուկ, պայքարն այդպես էլ արդյունք չտվեց, եւ բոլորս լուռ, շատերը նույնիսկ հանգիստ, հետեւեցինք, թե ինչպես է Հայաստանի իշխանությունը հանձնում Արցախը՝ ցեղասպանության եզրին թողնելով շուրջ 120,000 մեր հայրենակիցներին, կործանելով մեր հայրենիքի մի մասը:

Վստահ էի, այս անգամ ավելի բարդ էր լինելու հաղթահարել կորուստը (միգուցե անհնար): Կրկին հոգեպես վատ վիճակում հայտնվելուց խուսափելու համար որոշեցի դրական պատասխան տալ Արգենտինայի առաջարկին։ Ամբողջ օրը սպորտով զբաղվելը թույլ կտար այլ բաների մասին չմտածել: Եթե կուզեք՝ սա փախուստ էր իրականությունից:

Լուսանկարը` UWW


- Բայց պրոֆեսիոնալ սպորտից այդքան բացակայելուց հետո հե՞շտ կարողացար վերականգնվել ու մարզավիճակ հավաքել։

- Ի զարմանս ինձ՝ այո։ Ամեն բան շատ լավ էր ընթանում, վստահ էի, որ վարկանիշ եմ նվաճելու: Քանի որ ուղիղ 4 տարի մրցման չէի մասնակցել, որոշեցինք մեկ միջազգային մրցաշարի մեկնել: Կիսաեզրափակչում 6։0 հաղթում էի, բայց ոչ վտանգավոր վիճակում ոտքիս ջիլը տեղից խախտվեց... Ֆրանսիայում ստուգումներ անցա։ Խորհրդակցեցի Գերմանիայում իմ բժշկի հետ ու իմացա, որ փոքր հավանականություն կա 30-35 տոկոսով վերականգնվելու առանց վիրահատության։ Որոշեցի ռիսկի դիմել։ Ցավոք, ժամանակը քիչ էր ու վարկանշային մրցման 2-րդ գոտեմարտին վնասվածքը կրկնվեց, պայքարը շարունակել չկարողացա։

- Արսեն, ճիշտ է, ասում ես, որ նպատակդ իրականությունից փախչելն էր, բայց կարծես դա այդքան էլ չէր ստացվել քեզ մոտ։ Դու ակտիվ մասնակցում էիր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

- Իրականում ըմբշամարտ վերադառնալուց հետո հակասական վիճակում հայտնվեցի: Մի կողմից հաղթահարվեց հոգեբանական ծանր վիճակը, մյուս կողմից տեսա, որ դեռ կարող եմ շատ բարձր մակարդակով մրցել։

2024-ի մայիսին, երբ սկսվեց Սրբազան պայքարը, մի վերջին հույս առաջացավ, որ թեկուզ ուշացած, այնուամենայնիվ հնարավոր կլինի կանգնեցնել պարտությունների ու խայտառակությունների շղթան:

Հունիսի 12-ին, երբ իշխանության հրամանով կրակ բացվեց ԱԺ-ն շրջապատած խաղաղ ցուցարարների վրա, հանրությունը չցրվեց. պահանջում էինք, որ շարունակեն եւ ավարտին հասցնեն սկսածը: Երբ հայտարարվեց տուն գնալու մասին, հասկացա, որ ամեն ինչ ավարտված է եւ տեւական ժամանակ բան չի փոխվելու: Հենց հաջորդ օրը սկսել եմ քննարկել բոլոր աշխատանքային առաջարկները, որոնք վաղուց ունեի արտերկրից։

Լուսանկարը` UWW


- Փաստորեն Հայաստանում ստեղծված անելանելի իրավիճակով պայմանավորված որոշեցիր տեղափոխվել Արգենտինա։

- Ոչ միայն: Որոշիչ պատճառ հանդիսացավ ավագ դուստրս: Նա զբաղվում է պրոֆեսիոնալ թենիսով, Արգենտինայում գտել էի այդ տարիքային խմբի աշխարհի լավագույն մարզիչներից մեկին, ով համաձայնել էր մարզել Լիվիանային: Դրան գումարվել էր 4-րդ լեզու սովորելու ընտանիքիս մոտիվացիան, իհարկե, հայկական միջավայրը, որը Բուենոս Այրեսում զգալի է: Վերլուծելով առաջարկները՝ կանգ առա Արգենտինայի վրա։ Մեկ տարվա պայմանագիր կնքեցի՝ օգնելու այնտեղ զարգացնել ըմբշամարտը: Ինքս էլ սկսեցի թեթեւ մարզումներ անել ու լիարժեք բուժել ոտքս։

- Այսինքն մտածում էիր կրկին գոտեմարտ անցկացնելու մասին։

- Խոստովանում եմ, որ տհաճ հիշողություններ էին մնացել վերջին գոտեմարտից: Չէի ցանկանա, որ դրանով ավարտվեր անցածս փառահեղ ուղին: Խեղճություն-խղճահարություն կար դրա մեջ...

Բայց նաեւ վստահ չէի, որ ոտքս կդիմանա ու ես էլ կկարողանամ ինչպես հարկն է պատրաստվել։ Պատճառն Արգենտինայում հատկապես հունահռոմեական ըմբշամարտի թույլ զարգացած լինելն է։ Այնուամենայնիվ, ամեն բան սահուն ընթացավ: Մարտի վերջն էր, որ վերջնականապես որոշեցի մասնակցել Պանամերիկայի առաջնությանը։

- Այդտեղ դու դարձար արծաթե մեդալակիր ու  տիտղոս նվաճեցիր նոր աշխարհամասում։ Ի՞նչ տվեց այն քեզ։

Լուսանկարը` UWW


- Հաճելի էր նորից առողջ վիճակում գոտեմարտել եւ վայելել ընթացքը, հաղթել: Նաեւ խորհրդանշական էր` ծննդյանս օրվա հետ էր համընկել: Ես ցանկացա ցույց տալ, որ անհնարին ոչինչ չկա: Ով ինչ ուզում է ասի, հայը յուրահատուկ է: Ցավոք միայն անհատապես: Եթե կարողանանք հավաքական առումով մեր այդ յուրահատկությունը դրսեւորել, կարծում եմ շատ ուժեղ արդյունք կլինի: Մի բան, որն ամեն կերպ փորձում են կանխել, թե՛ դրսից, թե՛ ներսից:

38 տարեկանում անցկացրածս բոլոր գոտեմարտերում առաջին համարով եմ աշխատել: Ամերիկացի ըմբիշը գոտեմարտից հետո պատմեց, թե ինչքան է սովորել եւ ոգեշնչվել՝ դիտելով գոտեմարտերս, որ միշտ երազել է իմ պես գոտեմարտել, բայց «այսօր հասկացա, որ երբեւէ այլեւս չեմ կարողանա քո մակարդակի գոտեմարտ վարել»:

Որոշակի տխրեցրեց ոսկու բացակայությունը: Ինչպես ցույց տվեց գոտեմարտը, պատրաստ էի հաղթելու: Պետք է հաղթեի 9։7 հաշվով, բայց նույն հաշվով այն շնորհվեց մրցակցիս:

- Արսեն, զգացվում է, որ ամեն դեպքում մեծ սիրով ես վերսկսել մարզումներդ։ Սա քո վերջի՞ն մրցաշարն էր, թե՞ կրկին կտեսնենք քեզ գորգի վրա։

- Եթե չեմպիոն դառնայի, հաստատ վերջինն էր լինելու: Այս պահին դեռ ոչինչ չեմ կարող ասել: Բայց որ այս պահին ամբողջությամբ կենտրոնանալու եմ UWW-ում գործիս վրա, հաստատ է: Այս տարի սեպտեմբերին այդ պաշտոնի ընտրություններն են։

Լուսանկարը` Ջուլֆալակյանի անձնական արխիվից


- Աշխատանքից խոսենք, որը ծավալում ես միջազգային ֆեդերացիայում։ Սա որքանո՞վ է օգնում հայկական ըմբշամարտին։

- Իմ աշխատանքը ենթադրում է չեզոքություն, սակայն նման բարձր պաշտոնի պարագայում բոլորը հաշվի են նստում ազգությանդ հետ․․․ Փորձում եմ Հայաստանի ֆեդերացիայի բոլոր դիմումներին հնարավորություններիս սահմաններում դրական լուծում տալ։ Օգտագործում եմ կապերս եւ մեր մարզիկների ու մարզիչների համար տարբեր հնարավորություններ ստեղծում: Օրինակ՝ հենց հիմա 4 մարզիկ եւ 1 մարզիչ 20-օրյա հավաքի են Ռիոյում՝ Բրազիլիայի հրավերով: Բոլոր ժամանակներում մոտիվացիաս միշտ էլ նույնն է եղել․ ինչքան հնարավոր է օգնել մարզիկներին։

- Փաստորեն կապը պահում ես։ Ե՞րբ կտեսնենք քեզ կրկին Հայաստանում։

- Երբևէ կապս կտրված չի եղել Հայաստանի հետ։ Ողղակի ընդդիմադիր կեցվածքս զգուշացնում է մարդկանց: Վախենում են տարբեր զարգացումներից, ինչը յուրաքանչյուրի տոկունության եւ կայացվածության մակարդակի ցուցիչ է: Բացի դրանից, այսօրվա Հայաստանը պրոֆեսիոնալների համար չէ: Տեսեք ովքեր են կարեւոր պաշտոններ զբաղեցնում, պարզ կլինի: Էլ չասած, որ անպատվաբեր է աշխատել այս իշխանությունների հետ։

Հայաստանից ես չեմ գնացել, ժամանակավոր գործուղման եմ: Դեկտեմբերին կլինենք տանը: Միակ բանը, որ շատ եմ ցանկանում, մինչ այդ ազատված լինենք ՔՊ կոչվող ուռուցքից:

Հ․Գ․ Պանամերիկայի առաջնության օրերին աղջիկս նույնպես մրցումների էր: Դարձավ Բուենոս Այրեսի մինչեւ 10 տարեկանների հաղթող: Երբեք չէի մտածի, որ այնքան կմնամ ակտիվ սպորտում, որ նույն օրը երկուսով մրցման կլինենք: Սիրածս աղջկա-կնոջս գործն ավելի բարդացավ. երկու ճակատով պետք է պայքարի։

Արսեն Ջուլֆալակյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին