Դեկտեմբեր 23, 2024
exclusive
59045 դիտում

Հայ մարզիկները եւ 1915-ը. մաս 1-ին


Լուսանկարը` wikipedia.org

Լուսանկարը` indiancountrytodaymedianetwork.com

Լուսանկարը` wikipedia.org

Լուսանկարը` wikipedia.org

Լուսանկարը` wikipedia.org

Լուսանկարը` wikipedia.org


Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Mediamax Sport-ը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում «Հայ մարզիկները եւ 1915-ը» շարքը, որում անդրադառնում է Արեւմտյան Հայաստանի հայ մարզիկներին, սպորտում նրանց ավանդին ու հայերի կազմակերպած տարբեր մրցաշարերին:

Օլիմպիադա. Օսմանյան կայսրության առաջին ներկայացուցիչները հայեր էին

Ժամանակակից Օլիմպիական խաղերին հայերն առաջին անգամ մասնակցել են 1912-ին: Հենց այդ նույն տարում էլ՝ կրկին առաջին անգամ Օլիմպիադայում հանդես է եկել Օսմանյան կայսրությունը, որը ներկայացրել են Վահրամ Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը:

1911 թվականին, երբ Թուրքիան դարձավ Միջազգային Օլիմպիական կոմիտեի անդամ երկիր, այդ երկրի պատվիրակ Սելիմ Սըրը Թարջանը «Իքդամ» ու «Սաբահ» թերթերի միջոցով հայտարարեց, որ Թուրքիան առաջին անգամ մասնակցելու է Օլիմպիական խաղերին, ու կայսրության մարզիկները կարող են ելույթ ունենալ այդ միջոցառմանը: Արդյունքում, Թուրքիան հանդես եկավ ընդամենը երկու մարզիկով, ու երկուսն էլ հայ էին:

Բնականաբար, թուրքերը շատ էին ցանկանում իրենց առաջին խաղերում անպայման թուրք մարզիկի տեսնել, այդ էր նաեւ պատճառը, որ հայերի մասնակցությունն ազգային տարաձայնությունների պատճառ դարձավ:


Վահրամ Փափազյանը ձախից 2-րդն է
Լուսանկարը՝ wikipedia.org կայքից


Թարջանը մարզական մրցակցությունը հավասարեցնում էր ռազմական մրցակցությանը: Արդեն Օլիմպիական խաղերի բացումից հետո նա գրել էր, թե որքան ծանր էր ու ցավալի, երբ 26 տարբեր ազգերի ներկայացուցիչները «Ստոկհոլմում են, ու միայն մենք չկանք»:

«Մարմնամարզ» հայկական հանդեսն ու նրա խմբագիր Շավարշ Քրիսյանն այս դիտարկումն անպատասխան չթողեցին. «Մեր երկու հայերն ալ պայքարել են Օսմանյան կայսրության համար»: Քրիսյանը գրել է, որ Սելիմի ասածները նորություն չեն, ու հայ երիտասարդները պետք է ֆիզիկապես ուժեղանան, Հայաստանը բարեկարգեն, «այլապես լացն ու կոծը օգուտ չի տա»:

Վիճաբանություն, մեծ ծախսեր ու հանգանակություն

Իսկ մինչ Ստոկհոլմի խաղերը հայերի շրջանում սկսվել էր բուռն քննարկում, թե ով է ի վերջո մեկնելու Օլիմպիադա: Մի խումբը պաշտպանում էր Մկրտիչ Մկրյանին, մյուսը՝ Վահրամ Փափազյանին:

Այս երկու երիտասարդներն էլ այդ ժամանակ սովորում էին Պոլսի ամերիկյան «Ռոբերտ» քոլեջում: Նրանք ակտիվ մասնակցում էին մարզական տարբեր միջոցառումների ու իրենց գիտելիքը փոխանցում մյուս հայ երիտասարդներին:

«Պր. Մկրտիչ թէ ֆիզիքական ուժով եւ թէ մարմնի գեղեցկությեամբ մեր աթլէթներուն ամէնքն ալ կը գերազանցէ: Եթէ այսօր հայ աթլէթներուն մէջ մրցում մը սարքուի Պր. Մկրեան է որ կետերը (point)ները պիտի խլէ»,- վիճաբանությունների ժամանակ գրել էր Սարգիս Մկրյանը, որը ոչ մի ազգակցական կապ չի ունեցել Մկրտիչ Մկրյանի հետ:

«Մարմնամարզն» էլ Սարգիս Մկրյանին պատասխանել է, որ, ըստ որոշման, Օլիմպիական խաղեր կարող է մեկնել այն մարզիկը, ով մասնակցել է հայկական Օլիմպիական խաղերին, իսկ Մկրյանն, ի տարբերություն Վահրամ Փափազյանի, այդ տարի չէր մասնակցել:


Վահրամ Փափազյանը
Լուսանկարը՝ wikipedia.org կայքից


Արդեն ավելի ուշ պարբերականի աշխատակազմի ջանքերով հավաքվում են Պոլսի հայկական ակումբների ներկայացուցիչներն ու քննարկում Օլիմպիադա մեկնողի անունը: Ձայների 7-1 հարաբերակցությամբ Մկրյանը հաղթում է Փափազյանին: Սակայն որոշում է ընդունվում «դրամական հասոյթը նպաստաւոր եղած պարագային Պ. Փափազեանն ալ ուղարկել»:

Հայերի համար էլ չափազանց շատ ծախսեր պահանջող այս գործը գլուխ բերելու համար հանգանակություն է կազմակերպվում, ու երկու մարզիկն էլ մեկնում են Ստոկհոլմ:

Վահրամ Փափազյանը գրել է, որ հայ երիտասարդը չպետք է պարապ մնա ու մարզվելով պետք է քիչ ժամանակ անց հաղթի բոլորին. «Ու եթէ Եւրոպան հայուն արւնովը մեզի չճանաչաւ, թող զմեզ մեր ուժովը ճանչնայ»:

Վահրամ Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանն Օլիմպիական խաղերում

Ստոկհոլմի Օլիմպիական խաղերին մասնակցել է 28 երկրի 2406 մարզիկ, որոնք պայքարել են 14 մարզաձեւերում: Վահրամ Փափազյանը ելույթ է ունեցել 800մ ու 1500մ վազքում, իսկ Մկրտիչ Մկրյանը՝ աջ ու ձախ ձեռքերով գնդի, սկավառակի նետում մարզաձեւերում, հնգամարտում եւ տասնամարտում:

Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման ժամանակ, ինչպես պայմանավորվել էին, պետք է հայ մարզիկների հետ քայլեր նաեւ Սելիմ Սըրը Թարջանը, սակայն նա այդպես էլ չի մասնակցել միջոցառմանը:

«Մարմնամարզը», որը Ստոկհոլմում ունեցել է հատուկ թղթակից, լուսաբանել է ոչ միայն հայ մարզիկների, այլեւ բոլոր մարզաձեւերի ներկայացուցիչների ելույթները:  Ահա թե ինչ է տեղի ունեցել Օլիմպիադայում:

Վահրամ Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը նկատում են, որ մասնակից երկրների ազգային դրոշների մեջ բացակայում է Օսմանյան կայսրության դրոշը: Նրանք հանդիպում են կազմակերպիչներին ու բարձրաձայնում այդ խնդրի մասին: Շուտով կազմակերպիչները շտկում են իրենց սխալը, իսկ Թուրքիայի դեսպանը զարմանք է ապրում, թե ինչպես են ազգությամբ հայերը պայքարում Օսմանյան կայսրության համար:


Մկրտիչ Մկրյանը
Լուսանկարը՝ wikipedia.org կայքից

Վահրամ Փափազյանն արդեն 1962-ին, երբ Ցեղասպանության պատճառով բռնել էր գաղթի ճամփան ու ապրում էր Բեյրությում, գրել է, որ հայերի շնորհիվ թուրքական դրոշն առաջին անգամ ծածանվեց մյուս երկրների դրոշների կողքին. «Շնորհիվ հայ երիտասարդի մը, որ քանի մը տարիներ յետոյ պիտի լար իրեն նման հայրենասէր ժողովուրդի մը անթաղ, միլիոնաւոր դիակներուն վրայ... ջարդուած թուրքէն»:

Կրկին «Մարմնամարզից» իմանում ենք, որ Ստոկհոլմի «Ստադիոն» թերթի խմբագրություն է այցելել Մկրտիչ Մկրյանը ու հարցազրույց տվել: Թերթն անդրադարձել է 19-ամյա Մկրյանին՝ նշելով, որ նա ուժեղ մարզիկ է:

Մկրյանը բավականին հաջող է մասնակցում ու կարողանում է հասնել մինչեւ կիսաեզրափակիչ: Մասնակցելով աթլետիկայի 5 ձեւերում՝ Մկրյանը ռեկորդ է սահմանում՝ դառնալով Թուրքիան ներկայացրած միակ մարզիկը, ով այդքան մարզաձեւերում է հանդես եկել: Լավ տպավորություն է թողնում նաեւ Փափազյանը, որի ելույթի մասին տարիներ անց թոռը գրել է.

«Պապիկս պատմել է, որ մրցման ժամանակ, երբ արդեն հասնելիս է եղել վերջնագծին ու մոտ 20 մետր առաջ է եղել մրցակիցներից,  սակայն դանդաղեցրել է վազքն ու հայտնվել հետնապահների թվում»: Պարզվում է, որ Փափազյանը չի ցանկացել, որպեսզի Օլիմպիական խաղերում Թուրքան դառնա մեդալակիր երկիր:

1916-ի Օլիմպիադայի սին հույսերը…

Օլիմպիադայի ավարտից հետո «Մարմնամարզը» գրում է. «Թէեւ երկու հայ երիտասարդները նշանակալի յաղթանակ չտարան խաղերուն մէջ, սակայն գոնէ ցոյց տուին թէ Հայն ալ սկսած է շարժիլ՝ այս թմրած արեւելքին մէջ, ուր ամէն ոք իր անձնական կրքերը կը վայելէ: Մենք վստահ ենք, որ վեցերորդ Ողիմպիականին մէջ Պեռլինում հայը պիտի ունենայ իր պատկառելի ներկայացուցիչները:  Ցոյց տալու թէ իրաւունք ունինք ապրելու: Բայց մինչեւ այդ՝ այնքան աշխատանք կատարելիք»:

Իսկ 4 տարի անցը հայերի համար այդպես էլ չեղավ: Ինչպես այս թերթի խմբագիր, արեւմտահայ ականավոր գործիչ Շավարշ Քրիսյանն, այնպես էլ 1,5 մլն անմեղ հայեր ոչնչացվեցին երիտթուրք պարագլուխների կողմից, իսկ մի հսկայական հատված էլ բռնեց գաղթի ճամփան:


Վահրամ Փափազյանը
Լուսանկարը՝ wikipedia.org կայքից

Փրկվածներից էին նաեւ առաջին հայ օլիմպիականներ Վահրամ Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը:

1915 թվականից հետո Փափազյանը հաստատվում է Բեյրութում, ամուսնանում Անետ Եգավյանի հետ եւ ունենում 4 երեխա: Ապա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ եւ մահանում 92 տարեկան հասակում:

Մկրտիչ Մկրյանի հետագա գործունեության մասին, ցավոք, ոչինչ հայտնի չէ: Նրա մասին արխիվային նյութեր չեն պահպանվել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
 
Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Նյութում մեջբերումներ են կատարվել «Մարմնամարզ» հանդեսից, Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» եւ Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումը Օսմանյան կայսրությունում» գրքերից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին