Դեկտեմբեր 23, 2024
exclusive
57390 դիտում

Հայ մարզիկները եւ 1915-ը. մաս 3-րդ


Լուսանկարը` Մարմնամարզ պարբերական

Լուսանկարը` Մարմնամարզ պարբերական

Լուսանկարը` Մարմնամարզ պարբերական

Լուսանկարը` Մարմնամարզ պարբերական

Լուսանկարը` Մարմնամարզ պարբերական


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Mediamax Sport-ը շարունակում է ընթերցողների ուշադրությանը ներկայացնել «Հայ մարզիկները եւ 1915-ը» շարքը: Այս անգամ անդրադարձել ենք Կ.Պոլսում կայացած Հայկական օլիմպիական խաղերին, հայ-թուրքական ազգամիջյան խռովություններին:

Հայկական օլիմպիական խաղերն ու մարզիկների ոգեւորությունը

Օսմանյան կայսրությունում գործող հայկական ակումբները, հայ մարզիկները եւ առողջ ու ուժեղ սերունդ ունենալու բոլոր կողմնակիցներն աստիճանաբար հանգեցին այն մտքին, որ պետք է այնպիսի սպորտային միջոցառում կազմակերպել, որը կմիավորի բոլոր հայերին:

Սպորտին մոտ կանգնած անհատները, ինչպիսիք էին Շավարշ Քրիսյանը, Վահրամ Փափազյանը, դեռ 1910-ից երազում էին Հայկական օլիմպիական խաղեր կազմակերպելու մասին:

Գրիգոր Ճոլոլյանը, վկայակոչելով Հակոբ Սիրունուն, գրում է. «Ճաշարանն էինք դարձեալ օր մը, երբ խօսքը եղաւ Սթոքհօլմի մեջ տեղի ունենալիք Ողիմպիականին՝ յանկարծ գաղափար մը յայտնուեցաւ մեր մտքին մէջ Հայկական Ողիմպիական մը սարքել»:

Ու արդեն մեկ տարի անց՝ 1911-ին «կիրակի՝ մայիսի 1-ին, Գատըգիւղի Իւնիօն Քլիւպի դաշտավայրում» մեկնարկեց հայկական ակումբների ու միությունների կազմակերպած մրցահանդեսը, որը եւ համարվեց Հայկական 1-ին օլիմպիական խաղերը: Սրանով սկիզբ դրվեց նաեւ Հայ մարմնամարզական ընդհանուր միությանը:

Լուսանկարը` Մարմնամարզ պարբերական


Այդ միջոցառմանը, որը մեծ խանդավառություն ու ոգեւորություն առաջացրեց հայերի շրջանում, մասնակցեց տարբեր հոսանքների ու գաղափարների հարող 20 հայկական ակումբ:

Այստեղ «մարզահագուստը պարտադիր չէր, կարճ տաբատն ու ֆլանելն ալ բավական էին»: Մրցաձեւերը մոտ 16-ն էին՝ 100 յարդ վազք, գնդի նետում, բարձր ցատկ, կես մղոն վազք, հեծանիվի մրցում, ֆուտբոլ, ակումբների միջեւ վազքի մրցում եւ այլն:

Մրցանակակիրները ստացան մեդալներ՝ «1911 մայիս 1» գրությամբ, իսկ հաղթող ակումբը՝ մեդալ ու գավաթ:

«Հայ Ոլիմպիական այս առաջին խաղերը յաղթանակ մըն էր, ոչ թե անոր համար, որ հսկայացունց ուժեր երեւան եկան կամ անմրցելի խաղեր կատարուեցան հոն, այլ տեղի ունեցածը արտակարգ իրողութիւն մըն էր հայ հասարակության համար: Ան գլուխ հանուեցավ չսպառուած յաջողութեամբ»,- խաղերի ավարտից հետո գրեց «Մարմնամարզը»:

Ոգեւորված այսպիսի համախմբված միջոցառումից՝ հայերը որոշեցին այն ամենամյա դարձնել: Նրանք նպատակ ունեին, որ մասնակցեն ոչ միայն Օսմանյան կայսրությունում ապրող մարզիկները, այլեւ տարբեր երկրներում հաստատված հայերը:

Մյուս խաղերը, որոնք առաջինի համեմատ ավելի կազմակերպված էին, տեղի ունեցան եւս երեք անգամ: 3-րդի բացումը կայացավ Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանի հովանու ներքո եւ մեծն Կոմիտաս վարդապետի նախագահությամբ:

Հայկական օլիմպիական վերջին խաղերը կայացան 1914 թվականին:

Ազգամիջյան խռովությունները, հայերի հաղթանակներն ու 1915-ը

Նման ազատ ու անկաշկանդ հանդիպումների կազմակերպումը չէր կարող չանհանգստացնել երիտթուրքերին: Թուրքիայի առաջնորդներն աստիճանաբար սկսեցին զսպող գործողությունների դիմել՝ նշելով, որ հայերն իրենց մարզական միջոցառումների ժամանակ ազգայնական վերաբերմունք են դրսեւորում:

Այսպես, Գատըգյուղում թուրքական «Ֆեներբահչե» ակումբը կազմակերպեց միջազգային մրցումներ: Ինչպես գրում է «Մարմնամարզը», թուրքերը բազմաթիվ էին. «այնպէս կը կարծուէր, որ թուրք մարզիկները առաջին պիտի ելնէին, ի յայտ բերելով իրենց չորս տարուան աշխատութեան պտուղը: Թուրք մարզիկներուն վրայ դրուած ակնկալութիոնները ի դերեւ ելան, որովհետեւ գրեթե բոլոր մրցումներուն մէջ ալ Հայերը առաջնութիւնը խլեցին»:

Լուսանկարը` Մարմնամարզ պարբերական


Մեկ այլ անգամ էլ շուրջ 3000 հայ, եվրոպացի, հույն ու թուրք երկրպագուներ, ինչպես նաեւ թուրք բարձրաստիճան զինվորականներ, ներկա գտնվեցին թուրքական «Գալաթասարայ» ու հայկական «Բալթալիման» թիմերի ֆուտբոլային հանդիպմանը: Այստեղ եւս հաղթեցին հայերը՝ 5:0:

Հայերի ուրախությանը թուրքերը պատասխանեցին, թե ինչու է տարբերություն դրվում հայի եւ թուրքի մեջ, բոլորն էլ օսմանցի են:

«Ինչո՞ւ սակայն Հայուն առաւելութիւններէն օգտուելու համար անոր Օսմանցիական յատկությունները նկատի կառնուին, իսկ ջարդերու, կողոպուտներու ատեն իբր Հայ. մենք ալ այդ ինչուն կուղղենք իրենց»,- այսպես է պատասխանում Շավարշ Քրիսյանը «Մարմնամարզի» անդրադարձում:

Սպորտային միջոցառումները հայերի ու թուրքերի միջեւ զուտ սպորտային չէին ընկալվում: Ազգամիջյան խռովություններ հրահրում էին ոչ միայն թուրքերը, այլեւ հայերը: Ամեն մի հաղթանակից հետո հայերը բարձրաձայնում էին, որ դա բնական է, քանի որ հայ մարզիկները բարձր են իրենց թուրք գործընկերներից:

Հակասություններն աստիճանաբար խորանում էին, երիտթուրք իշխանությունները դառնում էին ավելի ագրեսիվ ու անհանդուրժելի: «Արտավազդ» ակումբի դեմ դատավարություն է սկսվում: Իսկ արդեն մի քանի ամիս անց էլ թուրքական կառավարիչների հրամանով սկսում են փակվել հայկական մարզական ակումբները: Արդեն 1915 թվականին Օսմանյան կայսրությունում արդեն դադարում են գործել հայկական գրեթե բոլոր մարզական ակումբները:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Հոդվածում մեջբերումներ են արվել «Մարմնամազ» հանդեսից, Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» եւ Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումը Օսմանյան կայսրությունում» գրքերից:

Կարդացեք նաեւ «Հայ մարզիկները եւ 1915-ը» շարքի առաջին եւ երկրորդ մասերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին