Դեկտեմբեր 22, 2024
21912 դիտում

Օլիմպիական յուրահատուկ ռեկորդները, պահերն ու նմանը չունեցող մարզիկները


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` oprahdaily.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` CNN

Լուսանկարը` anguilla.bpositivenow.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Տոկիոյում կայացած Օլիմպիական խաղերը 16 օր շարունակ համախմբեցին ու սպորտային տոն պարգեւեցին ամբողջ աշխարհին: Կորոնավիրուսի պատճառով 1 տարի հետաձգված խաղերը հույսի խորհրդանիշ դարձան այս բարդ ժամանակներում:

Որքան էլ այս խաղերը տարբերվում էին նախորդներից, կար մի բան, որը հատուկ է բոլոր Օլիմպիադաներին՝ սպորտային անկրկնելի ոգին էր, յուրահատուկ պայքարը, գրանցված աննախադեպ արդյունքներն ու գեղեցիկ պատմությունները:
Mediamax Sport-ն առանձնացրել է մի քանիսն ու կարծում է, որ դրանք կոգեշնչեն նաեւ ձեզ:

2 ոսկի ու 2 հաղթող նույն ձեւում

Տղամարդկանց բարձրացատկի մրցումները Տոկիոյում բավական լարված անցան: Չեմպիոնության հավակնորդները քաթարցի Մութազ Էսսա Բարշիմն ու իտալացի Ջանմարկո Տամբերին էին:

Լուսանկարը` Getty Images


Երկուսն էլ 2,37 մ արդյունք գրանցեցին, իսկ երբ մրցավարները նրանց առաջարկեցին լրացուցիչ ցատկ կատարել, մարզիկները հրաժարվեցին: Փոխարենը նրանք շատ ավելի լավ որոշում կայացրին: Նախ մրցավարին հարցին, թե արդյոք կարող են ոսկին կիսել միմյանց միջեւ, որ նրանից յուրաքանչյուրն Օլիմպիական չեմպիոն դառնա: Պարզվեց՝ հնարավոր է, եթե երկուսն էլ դեմ չեն:

Մրցակիցներ լինելուց բացի Բարշիմն ու Տամբերին նաեւ ընկերներ են: Տոկիոյում նրանք ցույց տվեցին, որ փոխադարձ հարգանքը բոլոր տեսակի մեդալներից կարեւոր է:

Վերջին անգամ աթլետիկայում ոսկե մեդալը կիսել էին հեռավոր 1912-ին Սթոքհոլմի խաղերում:

8-րդ խաղերը

62-ամյա ավստրալացի Էնդրյու Հոյն իր 8-րդ խաղերին մասնակցեց ու ձիասպորտում 2 մեդալ նվաճեց: Նա բրոնզե մեդալակիր դարձավ անհատական պայքարում ու 2-րդը դարձավ թիմային մրցաշարում:

Լուսանկարը` Getty Images


Հոյն Օլիմպիական եռակի չեմպիոն է ու Օլիմպիական շարժման հայտնի դեմքերից է: Նրա առաջին խաղերը եղել են 1984 թվականին Լոս Անջելեսում, սակայն այնտեղ էլ, 4 տարի անց կայացած Սեուլի խաղերում էլ առանց մեդալի է մնացել: Հաջողության է հասել 1992-ին Բարսելոնայում, ապա՝ Ատլանտայում:

Նրա համար ամենահաջողն են եղել հարազատ Ավստրալիայում 2000-ին կայացած խաղերը, տիրացել է ոսկե ու արծաթե մեդալների: Ռիոյի խաղերը Հոյը բաց է թողել, այլապես Տոկիոյում 9-րդ անգամ հանդես կգար:  

8-րդ խաղերին է մասնակցել նաեւ 46-ամյա մարմնամարզուհի Օքսանա Չուսովիտինան: (Ուզբեկստան): Նա ռեկորդ է սահմանել իր մարզաձեւում: Հենց խաղերում էլ Չուսովիտինա հայտարարել է կարիերայի ավարտի մասին:

Լուսանկարը` oprahdaily.com


Չուսովիտինային մարմնամարզության տատիկ էին անվանում, Ռիոյի խաղերից հետո նա գրանցվել էր Գինեսի Ռեկորդների գրքում, որպես 7-րդ խաղերի մասնակից, բացի այդ էլ այդ պահին նա ամենատարեց մարմնամարզուհին էր՝ 41 տարեկան 56 օրական:

Տոկիոյում նա կարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 1992-ի Բարսելոնայի խաղերի ոսկե ու 2008-ի Պեկինի բրոնզե մեդալակիր է:

Բացառիկ մարզուհին

Էլեյն Թոմփսոն-Հերան պատմության 2-րդ մարզիկն է, ում հաջողվել է ոսկե մեդալներ նվաճել 100 ու 200 մ վազքում մի քանի խաղեր շարունակ: Առաջինը դժվար չէ գուշակել, որ նրա հայրենակից Ուսեյն Բոլտն է:

Եզրափակչում նա ցույց է տվել 21,53 արդյունք: Թոմփսոն-Հերայից արագ 1988 թվականին վազել է միայն ամերիկուհի Ֆլորենս Գրիֆֆիտ-Ջոյները: Նրա համաշխարհային ռեկորդը կազմում է 21,34 վրկ:

Թոմփսոն-Հերան Օլիմպիական քառակի չեմպիոն է, 2 ոսկի էլ նա նվաճել էր 2016 թվականին Ռիոյում:

Լուսանկարը` Getty Images


Առաջին եվրոպացին

Քանի որ խոսք գնաց աթլետիկայից, անդրադառնանք եւս մեկ տարբերվող ցուցանիշ: Ամենամեծ հետաքրքրություն ունեցող մրցատարածությունում՝ 100 մ վազքում, Տոկիոյում հաղթեց իտալացի Լամոնտ Մարսել Ջեյքոբսը:

Նրա հաղթականը սենսացիոն համարվեց, իսկ ինքը 29 տարի անց առաջին եվրոպացին է, որն այդ ձեւում Օլիմպիական չեմպիոն հռչակվեց:

Լուսանկարը` Getty Images


Մեդալային նորեկները

Սան Մարինոն Օլիմպիական խաղերին մասնակցում է 1960 թվականից ու 61 տարի անց նոր միայն նրա մարզիկներին հաջողվեց մեդալներ նվաճել: Ընդ որում՝ միանգամից 3 մեդալ: Հրաձիգ Ալեսանդրա Պերիլին բրոնզ նվաճեց, իսկ 2 օր անց նա Ջան Մարկո Բերտի հետ 2-րդ տեղը գրավեց: Երկրի 3-րդ մեդալն էլ ապահովեց ըմբիշ Մայլ Ամինը՝ դառնալով 3-րդ մրցանակակիր:

1972-ից խաղերում հանդես եկող Բուրկինա-Ֆասոյի համար 1-ին անգամ մեդալ նվաճեց աթլետ Յուգ Ֆաբրիս Զանգոն: Նա եռացատկում 3-րդ արդյունքն է ցույց տվել:

Մյուս հաջողակ երկիրը Թուրքմենստանն է: 1996-ում նորամուտը նշած երկրին արծաթ է բերել ծանրորդ Պոլինա Գուրեւան:

Լուսանկարը` Getty Images


7-ակի չեմպիոնուհին

Սինքրոն լողորդուհի Սվետլանա Ռոմաշինան իր Օլիմպիական 7-րդ ոսկուն է տիրացել: Տոկիոյում նա 2 անգամ հաջողության է հասել ու յուրահատուկ ռեկորդ սահմանել:

Ռուս մարզուհին մասնակցել է 4 խաղերի՝ 2012-ի Լոնդոնից սկսած, ու բոլորում էլ հաղթող հռչակվել:

Նրանից շատ Ռուսաստանի հավաքականում մեդալներ նվաճել է միայն մարմնամարզուհի Լարիսա Լատինինան՝ 9 ոսկի:

Լուսանկարը` CNN


Երազանքի կատարումը

Օլիմպիական խաղերի անմոռանալի պահերը միշտ չէ, որ կապված են մեդալներ նվաճելու հետ: Հենց այդպիսին է սքեյդբորդիստ Դալլաս Օբերհոլցեր դեպքը: Խաղերում նորամուտը նշած մարզաձեւով նա սկսել է զբաղվել 30 տարի առաջ էկրաններ բարձրացած ֆիլմի շնորհիվ:

Ու թեեւ Տոկիոյում ՀԱՀ-ից մարզիկն անգամ եզրափակիչ անցնել չի կարողացել, սակայն իրականություն է դարձրել իր երազանքը՝ 46 տարեկանում Օլիմպիական խաղերում կանգնելով սքեյթի վրա:

Լուսանկարը` anguilla.bpositivenow.com


«Ինձ պետք չէ հաղթանակը կամ մեդալը, ես կորցնելու կամ ապացուցելու ոչինչ չունեմ: Գիտեմ, որ բավական մեծ եմ ու կարեւորը կարողանայի սքեյթի վրա 45 վայրկյան մնալ: Ուզում էի ժպտալ ու հանկարծ սրտի կաթված չստանալ»,- խոստովանել է նա:

Գործել սիրող բրիտանացին

Ջրացատկորդ Թոմաս Դեյլին Մեթյու Լիի հետ Օլիմպիական խաղերում նվաճեց ոսկե ու բրոնզե մեդալներ: Սակայն չեմպիոնությունից բացի նա իր վրա ավելի մեծ ուշադրություն դարձրեց գործելու նկատմամբ ունեցած սիրո շնորհիվ:

Օլիմպիական տրիբունաներում գործելիս արված նրա լուսանկարները պարզապես ցնցեցին սոցկայքերը: Նա կորոնավիրուսի ընթացքում է գտել այդ զբաղմունքը, ինստագրամի առանձին՝ madewithlovebytomdaley էջ ունի, որը նվիրված է իր սիրելի ու հանգստացնող հոբբիին:

Լուսանկարը` Getty Images


Հուլիսին Դեյլին գործելու մրցույթ է կազմակերպել ու հավաքված 5787 ֆունտ սթերլինգը փոխանցել բարեգործական կազմակերպության:

Գործելը հանգստացնող ազդեցություն ունի, այն նվազեցնում է վախի զգացողությունն ու անհանգստությունը, մկանների լարվածությունը, ազատում գրգռվածությունից ու օգնում կենտրոնանալ:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին