Հոկտեմբեր 14, 2024
12046 դիտում

Ալեքսանյանը ցանկանում է ՕԽ-ի վատ մրցավարությունը բողոքարկել դատարանում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Reuters


Չորս ըմբիշով Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հունահռոմեական ոճի ընտրանին 1 արծաթե մեդալ է նվաճել: Տոկիոյում 2-րդ տեղն է զբաղեցրել Արթուր Ալեքսանյանը:

Այսօր հավաքականի մարզիչներն ասուլիսի ժամանակ ամփոփել են ելույթներն ու առանձնահատուկ խոսել վատ մրցավարությունից: Ահա թե ինչ է ասել մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը:

«Շնորհավորում եմ մեր բոլոր մեդալակիրներին, խաղերում հաջողության հասնելը հեշտ բան չէ: Մեր փոքրիկ երկրի ներկայացուցիչները նման հզոր պետությունների դեմ էին պայքարում: Պատրաստվել էինք ոսկու, բայց արծաթ եղավ:

Արթուրի մեդալը մեծ արժեք ունի, մեծ քանակությամբ քրտինք ու արյուն է դրվել դրան հասնելու համար, առողջություն քայքայվել: Պետք է գնահատել այդ ամենը: Առհասարակ շնորհավորում եմ խաղերի մեր 17 մասնակիցներին էլ:

Լուսանկարը` Reuters


Ի տարբերություն ազատ ոճի ըմբշամարտի, հունահռոմեականում մրցավարների ազդեցությունը գոտեմարտերի վրա շատ մեծ է: Եթե նրանք մտքներին դնեն խանգարել որեւէ մարզիկի, կանեն: Ինքս էլ մրցավար եմ ու այդ նրբություններին լավ ծանոթ եմ:

Ես իմ կարիերայի ընթացքում չեմ հիշում մի դեպք, ինչպիսին պատահեց Կարեն Ասլանյանի (67 կգ) հետ: Մաքուր հաղթանակ գրանցվեց, հաղթողի անունը հայտարարվեց, բայց վերջում առավելությունը մրցակցին տրվեց: Գոտեմարտի ելքը չի կարելի փոխել, բայց երեւաց, որ մրցավարներն ամենակարող են:

Իմ բողոքը որեւէ երկրի կամ մարզիկի դեմ չէ, այլ մրցավարության, որ նման կերպ են աշխատում Օլիմպիական խաղերի պես կարեւոր մրցաշարի ժամանակ ու մարդուն զրկում մեդալից:

Կարապետ Չալյանը (77 կգ) կիսաեզրափակչում լավ սկսեց պայքարը, բայց գցումը կատարել չկարողացավ: Իմ ու Կարոյի մեղքն եմ համարում, որ ամեն ինչ այդպես ստացվեց:

Արթուր Ալեքսանյանի (97 կգ) իրանցի մրցակիցը կիսաեզրափակչում բռնեց նրա ոտքը, ինչի արդյունքում վնասվածք ստացավ ու եզրափակչին լիարժեք պատրաստ չէր: Մարզիկներ կան, որոնց մրցավարները միշտ օգնում են, այդպես էլ եղավ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիկներին զրկում են մեդալից, Արթուրին խանգարեցին կրկնակի Օլիմպիական չեմպիոն դառնալ: Նա պարգեւատրման ժամանակ մեդալը չկախեց վզից, քանի որ ավելիին էր արժանի:

Արթուրը, Կարապետն ու Կարենը չպարտվեցին, պարզապես նրանց չթողեցին հաղթել: Դիմելու եմ մեր ՀԱՕԿ-ին, ԿԳՄՍ-ին ու ըմբշամարտի ֆեդերացիային, որ մի բան անենք: Մեր ունեցած ապացույցներով՝ նկարներով ու տեսանյութերով դիմենք սպորտային արբիտրաժային դատարան, բողոքարկենք գոտեմարտերի ելքերը: Ցույց տանք մեր մարզիկներին, որ իրենց թիկունքում երկիր կա կանգնած:

Մեր նպատակն այն է, որ մեր մարզիկներին չխանգարեն պայքարել, օգնել պետք չի, թողնեն, որ ըմբիշներն իրենց մեջ որոշեն լավագույնին: Մեզանից 2 մեդալ գողացան, իսկ մյուսի՝ գույնը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին