Ապրիլ 17, 2024
exclusive
14997 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Սիմոն Մարտիրոսյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է. 17.02.1997 թ-ին Հայկաշենում

Մարզաձեւ. Ծանրամարտ (109 կգ)

Անձնական մարզիչ. Աշոտ Փիլոսյան

Կրթություն. Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Սովորում է պետական Տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայում:

Ընտանեկան դրություն. Ամուսնացած չէ

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզաձեւի ընտրությունը. 11 տարեկանից մեծ եղբորս հետ գնում էի Էջմիածին ու բռնցքամարտ պարապում: Կարճ ժամանակ անց նա զորակոչվեց բանակ, իսկ հայրիկս ինձ այլեւս չթողեց միայնակ գնալ-գալ: Մեր հարեւան Արշակը, որն զբաղվում էր ծանրամարտով, առաջարկեց իր հետ գնալ Ջրառատի դահլիճ: Այդ առաջարկությունը փոխեց իմ կյանքը: Միանգամից համաձայնեցի, գնացի այնտեղ ու առանց տեխնիկային տիրապետելու բարձրացրի ծանր քաշ: Մարզիչս Արշակին ասաց, որ այլեւս առանց ինձ դահլիճ չմտնի:

Սերը դեպի ծանրամարտ. Ինձ ամենասկզբից դուր է եկել ծանրությունը, որն օր օրի ավելացնում էի: Ինչքան ծանր կիլոգրամ էի բարձրացնում, այնքան ավելի էի ոգեւորվում: Ի տարբերություն շատ երեխաների, ովքեր չէին դիմանում, ես չէի ընկճվում, երբ մարզիչները շատ էին խոսում ինձ վրա: Ես հասկանում էի, որ նրանք դա ինձ համար են անում:

Առաջին մրցաշարը. Երեւի երկու ամիս էի մարզվում, երբ մասնակցեցի Սեւան մարզական ընկերության կազմակերպած մրցաշարին: Շատ էի ոգեւորվել, պոկեցի 55, հրեցի 75 կգ: Մրցումներին եկել էր նաեւ Անդրանիկ Կարապետյանը: Նա արդեն հաջողությունների էր հասել, շատ ատլետիկ կառուցվածք ուներ: Հորեղբայրս ինձ ասաց, թե տես այդ տղան ինչքան է աշխատել: Ես էլ մտածեցի՝ լավ, իմ անունը մարդիկ դեռ շատ կլսեն:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարեւոր հաղթանակը. Դրանք մի քանիսն են: Նախ՝ պատանիների Աշխարհի առաջնության չեմպիոն դառնալն էր: Իմ կարիերայի ընթացքում ամենաշատն ուրախացել եմ հենց այդ ժամանակ: 16 տարեկան էի ու առաջին անգամ էի կանգնում չեմպիոնական պատվոհարթակին: Հետո անչափ ուրախացել եմ Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճելու ժամանակ, ապա՝ 2019-ին, երբ առաջին անգամ դարձա Աշխարհի չեմպիոն: Մեծագույն նպատակ ունեի այդ տիտղոսը նվաճել, բայց ոչ թե փառքի արժանանալու, այլ իմ ընտանիքին օգնելու համար:

Պատանին մեծահասակների թիմում. Փոքր ժամանակ ես ցանկանում էի ուժեղ լինել, էներգիաս ծախսել ու գեղեցիկ կառուցվածք ունենալ: Չէի պատկերացնում, որ պրոֆեսիոնալ մակարդակով նման արդյունքների կհասնեմ: 14 տարեկան էի, երբ մասնակցեցի Հայաստանի մեծահասակների առաջնությանը: Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը նկատել էր ինձ ու մարզչիս ասել, որ ինձ թիմ է հրավիրելու: Շատ էի ուրախացել ու լարված մեկնեցի հավաքին: 17 տարեկանում մեծահասակների թիմում էի: Արդեն ճանաչում էի ծանրորդներին ու հեշտ էր ինտեգրվելը: Պարզապես զգացողություններն էին ուրիշ, այլեւս իմ փոքր աշխարհում չէի, ամեն ինչ ընդգրկուն էր դարձել:

Հասուն ծանրորդ դառնալը. Ես այդ մթնոլորտում մեծ աճ գրանցեցի իմ հասակակիցների համեմատ ու հասունացա որպես ծանրորդ: Սկսեցի ամեն ինչ կշռադատել, շատ բաներ հասկանալ, դարձա ավելի նպատակասլաց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մոռացվելու մտավախությունը. Այս ընթացքում նաեւ խնդիրներ ի հայտ եկան: Երբ մուտք ես գործում մեծահասակների առաջնություններ, շատ բան չես իմանում: Օրինակ՝ ես չգիտեի, թե ինչպես պետք է ճիշտ քաշ գցել: Եվրոպայի առաջնության ժամանակ մեկ օրում 4-5 կգ քաշ կորցրի, իսկ դա սխալ է ու վատ անդրադարձավ արդյունքիս վրա: Տեսա, որ անկախ նախկինում գրանցած փայլուն հաղթանակների, եթե մեկ անգամ սայթաքում ես, բոլորը քեզ մոռանում են: Ու հասկացա, որ պետք է միշտ գործես, գործես այնքան ժամանակ, ինչքան կաս սպորտում, ներում է տարիքդ եւ առողջությունդ: Այդքան էլ համաձայն չեմ, թե մարդ ուրիշի սխալների վրա պետք է սովորի ու ինքը թույլ չտա: Ամեն մեկս մեր սեփական փորձով ենք հասկանում բացթողումներն ու ուղղում դրանք:

Ռիոյի Օլիմպիական խաղերը. Ժամանակն արդեն եկել էր, որ ես ցույց տայի իմ իրական ուժը: Ստացվեց այնպես, որ համընկավ Օլիմպիական խաղերի հետ: Եթե դրանք լինեին մեկ տարի անց, հաստատ ավելի լավ կմասնակցեի: Բայց արծաթե մեդալն ինձ շատ ոգեւորեց, ստիպեց ավելի լավ մարզվել ու լավացնել արդյունքներս: Մեծահասակներում իմ կարիերայի բեկումնային պահը եղավ Ռիոյում ու աճեց մյուս տարիների ընթացքում:

Մարզիչները. Լավ մարզիկ լինելու համար տարբեր որակներ են պետք՝ գենետիկականից մինչեւ աշխատասիրություն: Բայց ամենակարեւորը հիմքն է, որը դնում են մարզիչները: Աշոտ Փիլոսյանն է այն ինձ մոտ շատ ամուր դրել, նա հոգեբան, մարզիչ ու ծնող է ինձ համար: Հետո Էդուրադ Կիզողյանը, Մելիք Ղուկասյանը, այսօր արդեն Փաշիկ Ալավերդյանը: Հենց նրա շնորհիվ եմ հասել մեծ արդյունքների:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուժեղագույնը լինելը. Մարզումներից ես զգում եմ, որ հերթական անգամ ուժեղագույնն եմ լինելու իմ քաշային կարգում: Բազմաթիվ ոսկե մեդալները պարտավորեցում ու ճնշում են, որովհետեւ բոլորը սպասում են միայն հաղթանակի ու չեն ընդունում ոչ մի այլ բան: Բայց վերջին ԵԱ-ն ցույց տվեց, որ սպորտում ամեն ինչ էլ հնարավոր է: Ես վնասվածքից լրիվ չէի ապաքինվել, ինչն էլ խանգարեց:

Սթափեցում. Այդ առաջնությունից ես հետեւություններ եմ արել: Դրանցից ամենագլխավորն այն էր, որ լիարժեք մարզումներ է պետք անել ու ամբողջովին տրվել: Միգուցե այդքան էլ կարեւորություն չէի տվել ԵԱ-ին: Ձախողումն ինձ համար նաեւ դրական ազդեցություն ունեցավ, ինչ-որ տեղ սթափեցրեց:


Հանգստություն մրցման ժամանակ. Ես եզակի մարզիկներից եմ, որոնց համար ցանկացած մրցաշար սովորական երեւույթ է: Կապ չունի ես ՕԽ-ում, ԱԱ-ում կամ ԵԱ-ում եմ մասնակցում, շատ թեթեւ եմ տանում ու առհասարակ չեմ մտածում մրցակիցների կամ ցանկացած այլ բանի մասին: Մարզումից հետո հնարավորինս կտրվում եմ ծանրամարտից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոգեբանական ծանրամարտը. Ամեն մարզիկի համար ամենամեծ մրցակիցը հենց ինքն է: Մեր մարզաձեւը շատ նյարդային ու հոգեբանական է, պետք է կարողանաս քեզ տիրապետել, կառավարել ու հեռու վանել բոլոր կասկածելի մտքերը: Եղել է պահ, երբ ես վստահ չեմ եղել ուժերիս, բայց դուրս եմ եկել հարթակ, հեռացրել եմ դրանք իմ գլխից ու վստահ կատարել վարժությունս: Մարզավիճակն է ենթադրում հոգեբանական վստահությունը, ուժեղ լինելն է քեզ տալիս վստահություն:

Ճանապարհ դեպի Տոկիո. Այն շատ դանդաղ եղավ: Հատկապես պատերազմն ազդեց բոլորիս վրա: Իհարկե, չես կարող այն մոռանալ, բայց ինձ հուսադրում է լավը լինելու սպասումը եւ այդ հույսով եմ առաջ շարժվում: Կարծում եմ, որ ցանկացած հաղթանակ մեզ պետք է ու կարող է թեթեւացնել այս ամենը:

Օլիմպիական 2-րդ խաղերը. Այն միայն ոսկեգույն եմ տեսնում: 2016-ին գնում էի մեդալի հետեւից, իսկ հիմա՝ ոսկու:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի թիմի միակ մասնակիցը. Դժվար է, քանի որ պատասխանատվությունը միայն քեզ վրա է:

Թիմի աջակցությունը. Տղաների ուշադրությունը շատ եմ զգում, ինչը հաճելի, ուրախացնող ու նաեւ պարտավորեցնող է: Որ կատակներ եմ անում, չեն պատասխանում, ասում են «գնա, հետ արի, էն ժամանակ կասենք քեզ»: Կամ ունենք մարզումային գործիքներ, որոնք քիչ են, միշտ ասում են «դու պատրաստվիր, մենք հետո կանենք»: Առաջնային դիրքում հիմա ես եմ, նրանք անհանգստանում ու աջակցում են ինձ:

Տոկիոն. Երկրորդ անգամ եմ լինելու այս քաղաքում: Տարիներ առաջ երիտասարդական Աշխարհի առաջնությունում հենց այստեղ եմ երկրորդ անգամ դարձել չեմպիոն: Շատ հիանալի քաղաք է, մարդիկ լավն են: Բոլոր շենքերի վրա իրենց մուլտհերոսներն են, դրա համար Տոկիոն ասոցացնում եմ ճապոնական անիմացիոն ֆիլմերի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հավաքականը. Գրեթե մեծ մասին ճանաչում եմ, միասին Օլիմպիական, Ուսանողական խաղերի կամ հավաքների ենք մասնակցել: Մեր բոլոր մասնակիցներին էլ հաջողություն եմ մաղթում:

Հաղթանակի կարեւորությունը. Մեր երկրի հետ տեղի ունեցածից հետո դա ուղղակի պետք է ժողովրդին: Անխտիր բոլորն են զգում հաղթանակի կարիք, այն կգոտեպնդի մեզ:

Լուսանկարը` Մեդիամաքս


2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերի մեդալակիր

2016-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր


ԵԱ-ի 2016-ի երրորդ մրցանակակիր, 2017 եւ 2019-ի չեմպիոն


ԱԱ-ի 2018, 2019-ի չեմպիոն


Աշխարհի ու Եվրոպայի ռեկորդակիր


Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով


Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին