exclusive
10198 դիտում

Նրանք հաղթեցին պատերազմին...



Up&Down-ում այս շաբաթ ասիական ֆուտբոլի հրաշագործներն են: Նրանք, ովքեր չնկատեցին նույնիսկ պատերազմը: Mediamax Sport-ը սկսում է անդրադառնալ նաեւ հավաքական թիմերի:

Ֆուտբոլի Սիրիայի ազգային հավաքական

Մի պահ պատկերացնենք իրավիճակ, որտեղ երկրպագում ենք մի թիմի, որը պատերազմի պատճառով սեփական հարկի տակ հանդիպումներ չի կարող անցկացնել: Երեւի առաջին իսկ նախադասությունից հետո իմաստ չկա շարունակել միտքը ու թվել այն միլիոնավոր հոգեբանական, մարդկային, սոցիալական գործոնները, որոնք կարող են խոչընդոտել տվյալ թիմի հաջողությանը: Եթե մի փոքր էլ խորանանք խնդրի մեջ, միանշանակ կփաստենք, որ դեպքերի այսպիսի զարգացման դեպքում ֆուտբոլն ամենեւին էլ ամենակարեւոր զբաղմունքը չէ:

Եզրահանգումն այլ է պատերազմական Սիրիայում: Այս երկրում մարդիկ ապրում են երազելով եւ ապացուցում, որ նույնիսկ աներանելի իրավիճակներում անհավանական լուծումներ հնարավոր են, չէ՞ որ կշեռքի նժարին ազգային պատիվն է:

Նրանք հաղթեցին պատերազմին: Այլ կերպ բնորոշել Սիրիայի հավաքականի խաղը Մունդիալ 2018-ի որակավորման փուլում չափազանց բարդ է: Արդեն 6 տարի ասիական այդ երկրում շարունակվում է պատերազմը, մարդիկ կենաց-մահու կռիվ են տալիս հանապազօրյա հացի համար, բայց դա չի խանգարում առջեւում պահել նվիրական երազանքն ու գնալ դրա հետեւից: Ինչ կարելի էր սպասել մի երկրի ազգային թիմից, որտեղ չկան ընդգծված աստղեր, չկան կայուն միջին մակարդակ ունեցող ֆուտբոլիստներ եւ, որ ամենակարեւորն է՝ այդ երկրում ամենուր քաոս է:

Սիրիական իշխանությունները պատերազմական իրավիճակում ազգային քարոզչությունն ամրացնելու համար՝ որպես թիրախ ընտրեցին ֆուտբոլը եւ չսխալվեցին: Նրանք փայլուն հասկանում էին, որ մարզաձեւը կարող է համախմբել ժողովրդին ու մի շարք հարցերի խաղաղ լուծում տալ:

Լուսանկարը` twimg.com


Վերջին տարիների ընթացքում ճգնաժամը խլեց  38 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանք, 13 հոգի էլ անհետ կորածների շարքում են: Հանուն ազգային շահի եւ մեկ գերակա նպատակի, Սիրիայի հավաքական վերադարձան նույնիսկ նրանք, ովքեր Բաշար Ասադին քննադատելու համար ժամանակին հեռացվել էին թիմից: Եկավ նաեւ սիրիական ֆուտբոլի լեգենդ, հավաքականի առաջատար  Ֆիրադ Ալ-Հատիբը: Հեռանալուց 5 տարի հետո նրա օգնությունն ավելի քան վճռական դեր ունեցավ: Պետությունն այսպիսի կարեւոր պահի ներեց ամեն ինչ:

Սիրիայի հավաքականը 2017 թվականին անցկացրած 5 պաշտոնական խաղում կրել է ընդամենը մեկ պարտություն, տարել  2 հաղթանակ եւ գրանցել 2 ոչ-ոքի: 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Սիրիան պատմական նվաճման հասավ: Աշխարհի առաջնություն ուղեգիր վաստակելու համար նրանք պարտավոր էին  Իրանի դաշտում, գոնե, ոչ-ոքի խաղալ մի մրցակցի հետ, որն արդեն վաստակել է Մունդիալ 2018-ի ուղեգիր:

Հյուրերն անսպասելի մեկնարկ վերցրին եւ 13-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Սիրիական երազանքի առաջին քայլը կատարեց Տամեր Մոհամադը: Իրանն այդ պահին չհամակերպվեց պարտության մտքի հետ: Սերդար Ազմունի դուբլի շնորհիվ, դաշտի տերերը հաղթում էին մինչեւ մրցավարի կողմից ավելացրած 2-րդ րոպեն: Սիրիացիներն ամենավերջում արագ հակագրոհ կազմակերպեցին ու հերոսացան: Հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկած, հայկական արմատներով Մարդիկ Մարդիկյանի փոխանցումից հետո, գոլի հեղինակ դարձավ Օմար Ալ-Սոման եւ Իրանը զրկվեց հաղթանակից:

Սիրիան վաստակած 1 միավորի հաշվին հասավ պատմական արդյունքի, եւ իրավունք ստացավ աշխարհի առաջնության ուղեգրի համար մասնակցել անցումային խաղերի: Նախ պետք է երկխաղյա դիմակայությունում հաղթել Ավստրալիայի հավաքականին, այնուհետեւ փորձել հաղթահարել կենտրոնական ու հյուսիսամերիկյան գոտու 5-րդ տեղը գրաված թիմի արգելքը:

Գուցե, Սիրայի հավաքականը չկարողանա արժանի պայքար մղել անգամ Ավստրալիայի հետ, գուցե 2 խաղերն էլ ձախողվեն, բայց դա չէ ամենակարեւորը: Չէ որ, վճռական պահին, ավերակների վերածված պետությունն իր վերջին շնչով այնպիսի ադրենալին ներարկեց իր ժողովրդին, որը, գուցե,  բավարար լինի հետագայում ամրանալու ու կրկին առաջ շարժվելու համար: Կամերունի, Չինաստանի, Քաթարի պես երկրները զրկվեցին աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից, իսկ Սիրիան չընկրկեց:

Սա հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է նույնիսկ օրհասկան պահի համախմբվել, մի կողմ դնել բոլոր անձնական ու պետական ամբիցիաներն, ու պայքարել մեկ նվիրական երազանքի համար, որտեղ գերակա շահը պետության անունն է: Սիրիական ֆուտբոլի ձեռքբերումներն օրինակ  պետք է լինեն մի շարք երկրների համար: Եվ վերջում Սիրիայի հավաքականը 13 միավորով իր ենթախմբում գրավեց 3-րդ տեղը, եւ թիկունքում թողեց հայազգի մասնագետ Սամվել Բաբայանի գլխավորած Ուզբեկստանի հավաքականին: Սիրիացիների արդյունքը ստիպեց Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացինային պաշտոնանակ անել Սամվել Բաբայանին: Հաջողությունից հետո Սիրիայի հավաքականն, անկասկած,  շաբաթվա լավագույնների շարքում է:

«Ռեալ» Մադրիդ

Քանի դեռ ֆուտբոլային աշխարհի, անգամ ամենաալարկոտները վերջին շաբաթների ընթացքում անխնա քննադատում են կատալոնական «Բարսելոնային», Մարդիդի «Ռեալի» ձախողումները մնում են ստվերում: Այո՛, Իսպանիայի սուրպերգավաթի համար երկու խաղերում կատալոնացիները ցավալի պարտություններ կրեցին: «Ռեալը» մրցակցին գերազանցեց բոլոր առումներով: Բայց  այն, ինչ է կատարվում արքայական ակումբի հետ Իսպանիայի առաջնության վերջին երկու խաղում, կարող է  բացատրել միայն թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Ֆրանսիացի մասնագետի ռոտացիա որակվող փոփոխությունները, մեղմ ասած, չեն տպավորում: Թիմը, ոչ տրամաբանական կազմի ընտրության պատճառով արդեն առաջնության մեկնարկում թանկարժեք միավորներ է կորցնում: Եթե «Վալենսիայի» հետ խաղում Զիդանն ինչ-որ տեղ կազմի ընտրության հարցում այլ տարբերակ չուներ, ապա «Լեւանտեի» հետ խաղում լուծումները բազմաթիվ էին: Այս անգամ էլ ֆրանսիացին հայտացուցակից դուրս էր թողել Կեյլոր Նավասին եւ Լուկա Մոդրիչին, այն դեպքում երբ խաղին որակազրկման պատճառով չէր կարող մասնակցել Քրիշտիանու Ռոնալդուն:

Զիդանը թերագնահատել էր «Լեւանտեին» եւ խաղադաշտ էր դուրս բերել ոչ մարտունակ կազմ: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալ» տեղափոխված Դանի Սեբալյոսը, հերթական անգամ մնացել էր պահեստայինների նստարանին, մինչդեռ խաղադաշտում էր Մարկոս Լյորենտեն: Իսկոն եւս հիմնական կազմում չէր: Կիսապաշտպանության ձախ եզրը փակում էր նոմինալ ձախ պաշտպան Տեո Էռնանդեսը: Զիդանը նույնիսկ նման պարագայում հիանալի մարզավիճակում գտնվող Մատեո Կովաչիչին չէր վստահել տեղը մեկնարկային կազմում:

Լուսանկարը` cloudfront.net


Մադրիդցիները ամենահեշտ թվացող խաղում դժվարությամբ 1:1 խաղացին «Լեւանտեի» հետ: «Ռեալը» 2-րդ խաղակեսում ստիպված էր խաղալ տասը հոգով, բայց նույնիսկ նման պարագայում ոչ-ոքին արդարացված չէ: «Լեւանտեի» հետ խաղում վնասվածք ստացավ Կարիմ Բենզեման: Չնայած ֆրանսիացին վերջին խաղերում չի տպավորում, այնուհանդերձ կենտրոնական հարձակվողի դիրքում այլ տարբերակ Զիդանն այլեւս չունի: «Լեւանտեի» հետ խաղում  էլ վառ ընդգծված 9 համարի անհրաժեշտությունը զգացվում էր:

Բենզեմային փախարինած Գարեթ Բեյլը  հեռու էր լավագույն մարզավիճակից եւ հերթական անգամ հիասթափեցրեց իր միջին մակարդակի ֆուտբոլով: Ակնհայտ են խնդիրները պաշտպանության գծում՝ բացակայում է համագործակցությունը: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ մադրիդցիները խաղադաշտ են դուրս գալիս այն մտքով, որ ցանկացած պարագայում կարող են մրցակցից ավել գոլեր խփել: Բայց արդյուքն այլեւս չի երեւում: «Ռեալում» վերջին խաղերում ակնհայտ է կարգապահության բացակայությունը, դրա ապացույցը՝ ստացած կարմիր քարտերն են:

Այս ամենին ի պատասխան՝ «Բարսելանան», մի շարք խնդիրներով շարունակում է պրագմատիկ ֆուտբոլ խաղալ եւ 3-րդ անընդմեջ հաղթանակը տանել: Մեսսին, գրեթե միայնակ կատալանոցիներին տանում է իր ետեւից: Այստեղ ակամայից մնում է ավելացնել. այո՛, «Ռեալը» ֆանտաստիկ կազմ ունի, թիմը բոլոր մրցաշարերում հաղթողի կոչման հիմնական հավակնորդն է, բայց դա միայն թղթի վրա: Այսպիսի անկայուն խաղով ու տարօրինակ ռոտացիաներով՝ Մադրիդը ռիսկի է դիմում ձախողել մրցաշրջանը: Արքայական ակումբը շաբաթվա թիվ 1 ձախողակն է:

Կարոլինա Պլիշկովա

Կանանց համաշխարահային թենիսում, Սերենա Ուիլյամսի բացակայության պայմաններում, առաջատարի ու լավագույնի փնտրտուքները շարունակվում են: Մինչ ԱՄՆ-ի Բաց առաջնության միջնամաս աշխարհի թիվ 1 ռակետն էր՝ Չեխիան ներկայացնող Կարոլինա Պլիշկովան: Թենիսիստուհին հիանալի մարզավիճակ էր հավաքել եւ համարվում էր US Open-ի թիվ 1 ֆավորիտը: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանը, որ նախորդ անգամ նա հասել էր մինչեւ եզրափակիչ, հաղթելու շանսերն ավելի էին մեծացել: Դրական գործոններին գումարենք նաեւ այն, որ մրցաշարի առաջին իսկ փուլում պայքարից դուրս էր մնացել  գլխավոր մրցակիցներից մեկը՝ Սիմոնա Հալեպը:

Պլիշկովան վստահ սկսեց առաջնությունը եւ անարգել հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ: Չեխ թենիսիստուհին ճանապարհից հանեց Մագդա Լինեթին, Նիկոլ Գիբսին, Շուհայ Ժանգին եւ  Ջենիֆեր Բրեյդիին: Քառորդ եզրափակչում էլ խնդիրներ չպետք է լինեին: Մրցակից Կոկո Վանդեվեյգը, մշտապես աչքի է ընկել անկայունությումբ: Մեկ հիանալի խաղին միշտ հետեւել է խայտառակ պարտությունը:

Լուսանկարը` cnn.com


Պլիշկովան չկարողացավ օգտվել ամերիկուհու բնավորությունից ու ֆիասկոյի ենթարկվեց:  Մրցավեճն ավարտվեց 2 սեթում՝ հօգուտ Վանդեվեյգի, ով հաջորդ իսկ խաղում լքեց պայքարը: Պլիշկովան պարտվեց US Open-ում եւ դարձավ աշխարհի 2-րդ ռակետը: Չեխ թենիսիստուհին նման հետընթացից հետո շաբաթվա ձախողակների շարքում է:

«Մանչեսթեր Սիթի»

Նոր մեկնարկած մրցաշրջանում գերլարված պայքար է խոստանում անգլիական Պրեմիեր լիգան: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս հաղթողի կոչման հիմնական հավակնորդներից է «Մանչեսթեր Սիթին»: Պեպ Գվարդիոլան նախորդ մրցաշարջանում անընդհատ կազմի փնտրտուքների մեջ էր, եւ չէր կարողանում թիմին օպտիմալ մարզավիճակ հաղորդել: Այս տարի եւս մեկնարկային խաղերը երկակակի տպավորություն են թողնում: Բայց  դա չի վերաբերում «Լիվերպուլի» հետ խաղին:

Այն ինչ արեց «Սիթին» մերսիսայդցիների հետ տնային խաղում, դրվագ էր նոր ֆիլմից, որը, գուցե, Անգլիայի առաջնության 4-րդ տուրից հետո տեսնելու են մանչեսթերյան ակումբի երկրպագուները: Կլոպի թիմը ձախողվեց խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում: «Սիթին» շատ արագ էր անցնում պաշտպանությունից հարձակման: Փայլուն էին համագործակցում եզրային պաշտպաններն ու հարձակվողները: Դաշտի կենտրոնական հատվածում իրավիճակի տերը Ֆերնանդինյոն ու Կեւին Դե Բրյույնեն էին, ովքեր անընդհատը կտրող փոխանցումներով հարվածի էին դուրս բերում Գաբի Ժեզուսին ու Սերխիո Ագուերոյին:

Լուսանկարը` skysports.com


«Լիվերպուլն» առաջին կեսում կարմիր քարտ էր ստացել, բայց մինչ կարմիր քարտը, «Սիթին» հասցրել էր առաջ անցնել հաշվի մեջ:  Հեղափոխական էր Գվարդիոլայի 3 պաշտպանով մարտավարությունը, որը գերհարձակողական խաղ էր ապահովել առջեւում: «Լիվերպուլը» չէր հասցնում փակել գոտիները եւ վնասազերծել մրցակցի գերարագ եզրային հարձակվողներին: Արդյունքում Կլոպի թիմը դարպասից հանեց 5 անպատասխան գնդակ: Դուբլի հեղինակ դարձան Գաբի Ժեզուսն ու Լեռոյ Սանեն: Սերխիո Ագուերոն հեղինակելով մեկ գոլ, վերածվեց Անգլիայի առաջնության բոլոր ժամանակների ոչ եվրոպացի լավագույն ռմբարկուի՝ շրջանցելով Դուայթ Յորքին: Գվարդիոլայի թիմը ֆանտաստիկ խաղով շաբաթվա լավագույների շարքում է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am