Ապրիլ 26, 2024
3466 դիտում

UWW-ն ներկայացրել է ԱԱ-ի մեդալների հավակնողներին. Նրանց մեջ երեք հայ կա


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Բելգրադում սպասվող Աշխարհի առաջնության ժամանակ հունահռոմեական ոճի ըմբիշների մեդալների համար հիմնական պայքարողներին:


UWW-ն Հայաստանի հավաքականից այդ ցանկում ընդգրկել է երեք մարզիկի՝ Սլավիկ Գալստյանին (67 կգ), Մալխաս Ամոյանին (77 կգ) եւ Արթուր Ալեքսանյանին (97 կգ):

Մալխաս Ամոյան

Լուսանկարը` Մեդիամաքս


77 կգ քաշային կարգն այս ԱԱ-ում լինելու է ամենաուժեղ կազմ հավաքածը: Մասնագետները գտնում են, որ տեղի են ունենալու լարված ու անզիջում գոտեմարտեր:

Նախորդ առաջնության չորս մեդալակրից երկուսն այս քաշում են՝ Սանան Սուլեյմանով (Ադրբեջան) եւ Մոհամադլի Գառաեի (Իրան): Պայքարի մեջ են մտնելու նաեւ Օլիմպիական երկու մեդալակիր՝ Ազխոլ Մահմուդովը (Ղրղզստան) եւ Շոհեի Յաբիկուն (Ճապոնիա):  

Սակայն այսքանով վառ անունները չեն սպառվում: Ըստ UWW-ի՝ իր պայքարն է թելադրելու նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը: «2021-ին Ամոյանն արդեն դարձել է Աշխարհի չեմպիոն, սակայն այն ժամանակ նա հանդես էր գալիս 72 կգ քաշային կարգում: Այս տարի Եվրոպայի առաջնության ժամանակ նա նոր քաշում էր ու բավական տպավորիչ հաղթանակ տարավ՝ նվաճելով ոսկե մեդալ:

Ամոյանը բավական հարմարավետ էր զգում մեկ քաշային բարձր կարգում եւ հիմա, երբ վերջին ելույթից անցել է ավելի քան հինգ ամիս, միանշանակ կարելի է ասել, որ Աշխարհի երկրորդ ոսկին նվաճելու հստակ հնարավորություն ունի»:

Արթուր Ալեքսանյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Ոչ պակաս համառ պայքարում են անցնելու տիտղոսակիր կազմ հավաքած 97 կգ ըմբիշների գոտեմարտերը: Առաջին համարն Աշխարհի գործող չեմպիոն Մուհամմադ Սարավին (Իրան) է, որը Տոկիոյի խաղերում պարտություն կրեց Արթուր Ալեքսանյանից, իսկ հետո նվաճեց բրոնզե մեդալ:

«Սարավին պայքարող ու գրեթե թույլ կողմեր չունեցող ըմբիշ է, փոխարենը շատ արագ գտնում է մրցակցի թերություններն ու օգտվում դրանցից: Մեդալ նվաճելու ամենամեծ շանս ունեցող Սարավիի բոլոր հակառակորդների համար դժվար է լինելու նրան դիմակայելը»:

Նրան հաջորդում է ԱԱ-ի արծաթե մեդալակիր Ալեքս Ժոկեն (Հունգարիա), որը նախորդ եզրափակչում պարտվել էր իրանցուն: Նշվում է, որ ուսի վնասվածքից նա ապաքինվել է ու ձգտելու է կրկին մեդալակիր դառնալ:

Եւ, իհարկե, Արթուր Ալեքսանյան, որը Տոկիոյի արծաթից հետո առաջին անգամն է հանդես գալու միջազգային այսպիսի խոշոր մրցաշարում: «Օլիմպիական չեմպիոն ու Աշխարհի բազմակի չեմպիոն Ալեքսանյանն այնքան էլ ակտիվ չէ, սակայն դա կարող է նաեւ լավագույն լուծումը լինել: 30-ամյա հզոր մարզիկն այժմ ավելի է մտածում իր մարմնի մասին, քան դա անում էր նախկինում: Նա ձգտելու է իր հերթական չեմպիոնությանը, ինչը նրա պես փորձ ու գիտելիքներ ունեցող մարզիկն ունակ է անելու»:

Սլավիկ Գալստյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայ ըմբիշը 2019 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ դարձել էր բրոնզե մեդալակիր: Այժմ, չնայած չեմպիոնության հիմնական պայքարը UWW-ում տեսնում են 67 կգ քաշային կարգի ԱԱ-ի չեմպիոն Մուհամմադռեզա Գեռաեի մոտ, սակայն նշում են նաեւ մի շարք մարզիկների անուններ, ովքեր կարող են տեղ գտնել լավագույնների կազմում:

Դրանց մեջ ներառված է նաեւ Գալստյանը, որն այս տարի Եվրոպայի առաջնությունում կանգնել էր պատվոհարթակի երրորդ աստիճանին:

Հունահռոմեական ոճի ըմբիշներն Աշխարհի առաջնությունում պայքարը սկսելու են սեպտեմբերի 10-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին