Մայիս 08, 2024
2192 դիտում

Արմեն Բաբալարյանն ԱԱ-ից առաջ խոսել է թիմի մարզավիճակի ու վնասվածքների մասին


Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 10-ին Բելգրադում կայանալու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ընտրանին Օլիմպավանում այսօր բաց մարզում է անցկացրել:

ԱԱ-ում ելույթ են ունենալու Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Առաջին անգամ թիմը հանդես է գալու Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ: Մարզիչն ԱԱ-ից առաջ խոսել է թիմի ընդհանուր վիճակի ու մարզիկների վնասվածքների մասին:

«Առաջին պաշտոնական հավաքն է իմ գլխավորությամբ, բայց նախկինում էլ միշտ մասնակցել եմ եւ որեւէ մեկը բաց չեմ թողել: Սովորաբար երիտասարդներին միշտ միացնում ենք մեծերին ու համատեղ մարզումներ ենք անցկացնում: Դա երկուստեք բոլորին էլ օգնում է, անգամ պատանեկան տարիքի լավագույն մարզիկներն են ներկա լինում, ինչպես եւ այսօր:

Այս ընթացքում փորձել ենք ըմբիշների ֆիզիկական մակարդակը բարձրացնել կամ էլ պահել եղածը: Մինչեւ առաջնություն էլ պետք է նույն կերպ աշխատենք ու արդեն մրցավայրում տեսնենք, թե ինչ կստացվի ու ինչ արդյունքների կկարողանանք հասնել:

Իմ ոճին բոլոր տղաները ծանոթ են՝ մեծից մինչեւ ամենափոքրը:  Ես էլ գիտեմ, թե ամեն մեկի հետ ինչպես աշխատել, մրցման փուլում ինչ հոգեբանական վիճակում են, ինչի են ընդունակ կամ էլ ինչն է պակասում: Գիտեմ, թե որքան ժամանակ ու ինչ է պետք ամեն առանձին ըմբիշի իր լավագույն վիճակին հասցնելու համար:

Վնասվածք ունեն Գալստյանը, Ղարիբյանը, Ալեքսանյանը, բուժումները շարունակվելու են մինչեւ վերջին օրը, բժշկական կենտրոնի հետ ենք աշխատում: Ինձ թվում է՝ տղաները նորմալ վիճակում են, առհասարակ աշխարհում չկա որեւէ ըմբիշ, որ կարեւոր մրցումներից առաջ փոքր վնասվածք չունենա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին