Փետրվար 22, 2025
exclusive
9214 դիտում

Զավեն Միքայելյանի Հայաստանից հեռանալն ու նոր նվաճումները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունահռոմեական ոճի ըմբիշ, պատանեկան Օլիմպիական խաղերի ու պատանիների Եվրոպայի արծաթե մեդալակիր, Ֆրանսիայի ակումբային առաջնության չեմպիոն Զավեն Միքայելյանը խոստումնալից ու լավ երիտասարդ ըմբիշ է:

Mediamax Sport-ն անդրադարձել էր նրան «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում ու մշտապես հետեւել հաջող ելույթներին Հայաստանում ու միջազգային մրցաշարերում:

Մեծ սպորտի ապագա աստղերը. Զավեն Միքայելյան


Արդեն 2 տարի է նա այլեւս չի ներկայացնում Հայաստանն ու փորձում է կայանալ Ֆրանսիայում: Ըմբիշը պատմել է դժվարությունների, վնասվածքը հաղթահարելու ու նոր երկրի դրոշի տակ հանդես գալու մասին:

Արդեն 2 տարի է մարզվում եմ Ֆրանսիայի երիտասարդական ու Մ-23 տարեկանների հավաքականում: Ֆրանսիա եմ տեղափոխվել 2017 թվականին իմ ավագ ընկեր Արտակ Մարգարյանի աջակցությամբ: Նա Ֆրանսիայի հավաքականի տիտղոսակիր մարզիկներից է, ինձ օգնել է գրանցվել ու ներկայացնել իր ակումբը՝ «Sarreguemines»-ը: Առանց նրա այստեղ չէի լինի, անչափ շնորհակալ եմ ինձ հավատալու ու օգնելու համար:

Հայաստանից հեռացա, քանի որ խնդիրները բազմաթիվ էին՝ մարզումային լավ պայմաններ չկային, վնասվածք ունեի, որը բուժելու համար ֆինանսական միջոցներ ընտանիքս չուներ, իսկ Ֆրանսիայում պատրաստ էին հոգալ բոլոր ծախսերը:

Ֆրանսիայում նորամուտս եղել է 2017-ի աշնանը Դիժոն քաղաքում 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոն Սթիվ Գենոնի անվան մրցաշարում: Մինչեւ հիմա շատ ջերմ մթնոլորտում եմ աշխատում բոլոր մարզիչների հետ: Ինձ մարզում է հենց Գենոնը:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Սկզբում առողջական խնդիրներ ունեի, բայց կարողացա շուտ վերականգնվել ու մարզիչների ճիշտ աշխատանքի շնորհիվ արդեն մի քանի մրցաշարերում եմ հաղթել ու պատրաստվում եմ Ֆրանսիայի ակումբային առաջնությանը, որը շատ ուժեղ է: Տարբեր երկրների ուժեղ ըմբիշներ են ելույթ ունենում ֆրանսիական ակումբներում:

«Sarreguemines»-ը Ֆրանսիայի գործող չեմպիոնն է, դա ինձ շատ է ոգեւորում ու օգնում ավելի շատ մարզվել, որպեսզի նորից կարողանանք կրկնել թիմային հաջողությունը: Նպատակս բոլորից շատ մարզվելն ու հնարավոր մրցաշարերում հաղթելն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուզում եմ շնորհակալութուն հայտնել Հայաստանում անձնական մարզչիս՝ Գոռ Աբգարյանին եւ Վարդան Թադեւոսյանին, որ ինձ հասկացան ու ընդունեցին տեղափոխությունս: Նրանք շարունակում են մնալ իմ մարզիչները քանի դեռ ես գործող ըմբիշ եմ:

Ուրախ եմ, որ Ֆրանսիան եմ ներկայացնելու, լրջորեն մարզվում եմ, ունեմ բժշկական ապահովագրություն, ինչը շատ կարեւոր է ու Հայաստանում չկար, մենք հաճախ ստիպված էինք ինքներս հոգալ բուժման ծախսերը: Շնորհակալ եմ ֆրանսիացի մարզիչներին՝ Գենոյին, Ժիլ Բուատոյին ու ակումբի մարզիչ Էրիկ Սիրկին, նման լավ թիմեր ունենալու համար: Նրանց հետ պատրաստ եմ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին