Մայիս 19, 2024
502 դիտում

Հայաստանը խոստանում է 2027-ի վարկանշային ԱԱ-ն անցկացնել ամենաբարձր մակարդակով


Լուսանկարը` Մեդիամաքս


2027 թվականի ծանրամարտի վարկանշային Աշխարհի առաջնությունը կայանալու է Երեւանում եւ այդ առիթով այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ասուլիս է կայացել:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջին անգամ են Օլիմպիական մարզաձեւի վարկանշային ԱԱ կազմակերպելու: Նա նշել է նախկին տարիներին կազմակերպած մի քանի խոշոր մրցաշարերի՝ ծանրամարտի եւ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունների, սամբոյի ԱԱ-ի եւ ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակչի շնորհիվ փորձ են ձեռք բերել:

«Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս էր կազմակերպված, մեր թիմին էլ հաջողվեց 36 մեդալ նվաճել: Նման կազմակերպչական բարձր մակարդակ խոստացել ենք ապահովել նաեւ 2027-ին»,- ասել է նա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ընդգծել է, նման խոշոր մրցաշարը կազմակերպելն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է, քանի որ վարկանշային ԱԱ-ին հսկայական քանակությամբ թիմեր ու լավագույն մարզիկներ են հանդես գալիս:

«Եվրոպայի առաջնության կազմակերպմամբ շատ բարձր նշաձող ենք սահմանել մեզ համար եւ պարտավոր ենք այն պահել նաեւ ԱԱ-ի ժամանակ: Առաջիկայում հսկայական աշխատանք ունենք իրականացնելու, որպեսզի ամենատպավորիչ ու ստացված առաջնություններից մեկը կազմակերպենք: Հույս ունենք մեր ծանրորդներն էլ լավ արդյունքներ եւ ռեկորդներ կգրանցեն: Սպորտը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում, 2018 թվականից հետո 5 անգամ ավելացրել ենք ֆինանսավորումը»,- ավելացրել է Անդրեասյանը:

2027-ին Հայաստանում են կայանալու նաեւ մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն ու Ֆրանկոֆոնիայի խաղերը:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին