Ապրիլ 25, 2024
exclusive
1649 դիտում

Սամվել Գասպարյան. Չեմ համակերպվում ԱԱ-ի մեդալի գույնի հետ, բայց չեմ էլ ընկճվում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվ


Սամվել Գասպարյանը երեկոյան Բոգոտայում իր կարիերայի առաջին մեդալը նվաճեց Աշխարհի առաջնությունում: Նա մինչեւ 102 կգ քաշային կարգում 389 կգ-ով բրոնզե մեդալակիր դարձավ:

Mediamax Sport-ին ծանրորդը պատմել է բարդ մրցաշարի, իր գործադրած ջանքերի, մեդալի կարեւորության ու քաղած դասերի մասին:

«Մրցակցությունը շատ մեծ էր, ես էլ հաղթելու հիմնական թեկնածուներից մեկն էի: Բավական փորձառու ծանրորդներ էին իմ քաշային կարգում ներկայացված՝ Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոններ, բայց դա ինձ չէր հետաքրքրում, միակ նպատակս իմ պատվիրած կիլոգրամները բարձրացնելն էր:

Մեդալների համար պայքարը շատ թեժ ստացվեց: Մի կողմից կիլոգրամների համար էր մրցակցություն, մյուս կողմից՝ մրցավարական թյուրիմացություն եղավ, բայց ի վերջո բրոնզե մեդալ նվաճեցի մեր երկրի ու թիմի համար: Չկարողացա իմ ցանկացած կիլոգրամները բարձրացնել:

Այդ մեդալը մեր թիմին հիմա շատ էր պետք, թեկուզ այն բրոնզ է, բայց ցույց է տալիս, որ այսքան ամիսների ծանր մարզումներն իզուր չեն եղել: Ինձ համար այն դաս էր, որ էլ ավելի քրտնաջան է պետք պարապել:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Վարկանշային Աշխարհի առաջնություն էր ու եւս մեկ քայլ արեցի դեպի Փարիզ-2024, թեեւ այս արդյունքն ինձ չի բավարարում, պետք է այն բարելավել:

Նախորդ տարվա Աշխարհի առաջնությունում 0 ստանալուց հետո քիչ ժամանակ պահանջվեց, որ կենտրոնանամ ու ապացուցեմ, թե ինչի եմ ընդունակ: Շատ լուրջ էի պատրաստվել առաջնությանն ու ավելի շատ կիլոգրամների էի գրանցել մարզումների ժամանակ: Բոգոտայում պայքարը ցույց տվեց, որ Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար մի քիչ թերացել եմ ու հետագայում պետք է ավելին կարողանամ անել:

Ապրումներս սովորական են, չեմ համակերպվում մեդալի գույնի հետ, բայց չեմ ընկճվում, ամեն մրցումից պետք է դասեր քաղել ու առաջ շարժվել, նահանջելու տեղ չկա: Առաջիկայում շատ կարեւոր առաջնություններ կան, որոնց պետք է պարտաճանաչ մասնակցել:

Դրանից մեկը Եվրոպայի առաջնությունն է, որը կայանալու է Երեւանում, ու պարտավոր ենք արդարացնենք մեր հայրենակիցների սպասելիքները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին