Օգոստոս 18, 2022
exclusive
1276 դիտում

Դավիթ Հովհաննիսյան. Հաջորդ նպատակս Աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելն է


Լուսանկարը` EWF

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Դավիթ Հովհաննիսյանն առաջին անգամ մեծահասակների պայքարում չեմպիոն հռչակվեց:

Նա մինչեւ 96 կգ քաշային կարգում երկամարտում գրանցեց 377 կգ ու 1-ին տեղը գրավեց՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ պոկումում եւ արծաթ՝ հրումում:

Mediamax Sport-ի հետ զրույցում ծանրորդն ամփոփել է առաջնությունն ու խոսել նպատակներից:

«Շատ հետաքրքիր դասավորվեց Եվրոպայի առաջնությունը: Լավ էի պատրաստվել մրցաշարին ու գնացել էի չեմպիոնության հետեւից: Ամբողջ ընթացքը բավական լարված ու ադրենալինով լի էր:

Ես պոկումն եմ ավելի շատ սիրում ու կարողացա այդ վարժությունում ոսկե մեդալ նվաճել: Թեեւ հրումն էլ վատ չի ստացվում, այդքան էլ չեմ զիջում մրցակիցներին ու 3-րդ արդյունքը ցույց տվեցի:

Պետք է ամեն ինչ անեմ, որ էլ ավելի լավ հանդես գամ: Թեեւ չեմպիոն հռչակվեցի, բայց իմ ուզած կիլոգրամները չբարձրացրի: Ուրախացրեց այն, որ պոկումը 6 կգ-ով լավացրի:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Արծաթե մեդալակիր դարձավ Արա Աղանյանը, ուրախ եմ նրա համար, բայց ես երբեք մրցակիցների վրա չեմ կենտրոնանում: Մտածում եմ իմ անելիքների մասին, հիշում եմ, թե որքան դժվարությունների միջով եմ անցել, ինչ բացթողումներ ունեցել: Եթե որեւէ մրցակցի հետ պայքարես, մյուսներին աչքաթող կանես ու ամեն ինչ կխառնվի իրար:

Նախորդ տարի Մոսկվայում կայացած ԵԱ-ում 0 ստացա, թեեւ էլի լավ էի մարզվել ու պատրաստ էի: Պարզապես լուրջ վնասվածք ունեի ու չէի հասցրել բավականաչափ բուժել այն: Չէի վերականգնվել, ինչն էլ զգացնել տվեց առաջնության ժամանակ:

Երբ ելույթի ժամանակ ցավ ես զգում, ահավոր է լինում, լիարժեք հանդես գալ չես կարողանում: Դրան հաջորդած Աշխարհի առաջնությանն արդեն ֆիզիկապես ուժեղացել էի, ավելացրել կիլոգրամների քանակը:

Առհասարակ, ամեն մրցումից սովորում ես, ավելացնում որակներդ, լարվածությունն է քչանում, բայց պրոֆեսիոնալ սպորտում այն երբեք չի անհետանում, միշտ ուղեկցում է մարզիկին: Պարզապես սովորում ես լարվածությունը կառավարել:

Հաջորդ նպատակս, իհարկե, Աշխարհի առաջնությունում լավ հանդես գալը, արդյունքս բարելավելն ու մեդալ նվաճելն է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին