Մայիս 11, 2024
exclusive
4225 դիտում

Գոռ Սահակյան. Հաղթանակս նվիրում եմ եղբայրներիս ու մյուս հերոսների հիշատակին


Լուսանկարը` Սահակյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Սահակյանի անձնական արխիվից


18-ամյա Գոռ Սահակյանը երեկ Ֆինլանդիայում ընթացող Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում նվաճել էր ոսկե մեդալ:


Mediamax Sport-ի հետ զրույցում ծանրորդը խոստովանել է, որ հաղթանակը սպասված էր:

«Ես հավատում էի իմ հաղթանակին: Առաջին անգամն էի մասնակցում երիտասարդական պայքարին: Իմ մարզիչ Մհեր Պողոսյանի հետ շատ էինք աշխատել, շտկել բոլոր թերություններս ու կարողացանք հասնել նրան, ինչին ձգտում էինք: Թուրք մարզիկը հաղթել էր Աշխարհի առաջնությունում, բայց ես շատ էի աշխատել ու արեցի ամեն ինչ, որպեսզի շրջանցեմ նրան: Արդյունքում ես առաջինն էի, նա՝ երկրորդը:

Հրման երրորդ մոտեցմանը պատրաստ էի, պարզապես ժամանակը խանգարեց: Ուշ էի հարթակ դուրս եկել ու վերջին վայրկյանին փորձեցի քաշել ծանրաձողը, բայց չստացվեց: Կարծում եմ, որ շտապելը խանգարեց:

Լուսանկարը` Սահակյանի անձնական արխիվից


Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչպիսի աննկարագրելի հույզեր եմ ունեցել չեմպիոն դառնալուց հետո: Սա իմ կարիերայի սկիզբն է, ձգտելու եմ ավելի ուժեղանալ ու հաջող մասնակցություններ ունենալ երիտասարդական առաջնություններում, ինչու ոչ, մտածում եմ նաեւ մեծահասակենրի Եվրոպայի առաջնության մասին:

Պարգեւատրման արարողության ժամանակ ես հագել էի շապիկ, որի վրա պատկերված էին հորաքույրներիս որդիները՝ Մարտին Ավթանդիլյանն ու Վանիկ Գրիգորյանը: Նրանք երկուսն էլ 44-օրյա պատերազմի ժամանակ են զոհվել, Վանիկը ժամկետային զինծառայող էր, իսկ Մարտինը կամավոր էր մեկնել ճակատ:

Բոլորն էլ, այդ թվում եւ թուրք մարզիկներն ու նրանց մարզիչները, հասկացել էին եւ ուշադիր ինձ էին նայում:

Ես հաղթանակս նվիրում եմ իմ եղբայրներին ու մեր բոլոր հերոսներին, որոնց շնորհիվ այսօր մենք ապրում ենք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին