Հունիս 05, 2025
exclusive
13862 դիտում

Հայ ծանրորդները Ռիո-2016-ում կձգտեն կրկնել ԵԱ-ի արդյունքները


Լուսանկարը` Photolure


Այս գիշեր Նորվեգիայի Ֆորդե քաղաքից Հայաստան է վերադաձել ծանրամարտի հավաքականը:

Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները նվաճել են 8 ոսկե, 7 արծաթե ու 3 բրոնզե մեդալ՝ թիմային պայքարում ելույթն ավարտելով 1-ին տեղում: 

Mediamax Sport-ը զրուցել է տղամարդկանց ու կանանց հավաքականների գլխավոր մարզիչների հետ:

Տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյան

Մեր մարզիկները Եվրոպայի առաջնությունում լավ հանդես եկան: Դեռ երկու մեդալ էլ կորցրինք, քանի որ վնասվածքների պատճառով ԵԱ-ին չկարողացան մասնակցել  Սմբատ Մարգարյանն (56 կգ) ու Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ): Նրանց վնասվածքները լուրջ չեն, բայց որոշեցինք ամբողջովին ապաքինվելու հնարավորություն տալ: Փոխարինող ծանրոդներն էլ վատ հանդես չեկան ու օգնեցին թիմային հաշվարկում:

Հիմա մեր կարեւոր նպատակն Օլիմպիական խաղերում լավ հանդես գալն է: Պետք է փորձենք այնպես անել, որ ԵԱ-ում ցույց տված արդյունքները մեր ծանրոդները բարելավեն մոտ 5-10 կգ-ով, որպեսզի կարողանան պայքարել մեդալների համար:

Մի քանի օր մարզիկները կհանգստանան, այնուհետեւ Ծաղկաձորում կանցկացնենք հավաք: Դրանից հետո Հայաստանում հավաք կունենանք, ամռանը կմեկնենք Վրաստան, որպեսզի թիմում ընդգրկվեն նաեւ հունիսի 26-ից հուլիսի 2-ը Թբիլիսում կայանալիք երիտասարդների ԱԱ-ի հայ մասնակիցները: Իսկ վերջին հավաքը հենց Ռիո դե Ժանեյրոյում կունենանք:

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյան

Առաջին անգամն էր, որ մենք հանդես եկանք թիմով ու դարձանք հաղթող: Միշտ էլ մեր աղջիկներն ուժեղ են եղել, մեդալներ են նվաճել, սակայն թիմային պայքարում լավագույնի կոչումը նվաճելուց հեռու ենք եղել:

Այս անգամ ապացուցեցինք, որ մենք էլ ուժեղ թիմ ունենք, կարող ենք հաղթել շատ հզոր երկրների: Այո, մեր երկրի բնաչկությունը քիչ է, տարածքով փոքր ենք, սակայն ուժեղ ենք ու անպարտելի: Հիմա պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս ձեռքբերումը պահենք, զարգացնենք ու ավելիին ձգտենք:

Հիմա աղջիկներին հանգիստ է տրվել: Արդեն մայիսի 15-ից կհավաքվենք Ծաղկաձորում ու աստիճանաբար կսկսենք նախապատրաստվել Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին