Եվրոպայի մինչեւ 15 ու 17 տարեկան ծանրորդների առաջնություններում Հայաստանի հավաքականները նվաճել են 29 մեդալ՝ 14 ոսկե, 11 արծաթե ու 4 բրոնզե:
Պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանը գոհ է թիմի ելույթից, չնայած կարծում է, որ կարող էին ավելի լավ մասնակցել:
«Մինչ առաջնությունն էլ սպասելիքները շատ էին: Ես գիտեի, որ տղաները կարողանալու են լավ արդյունքներ գրանցել: Ցավոք, երեք հոգի 0 ստացան, սակայն ընդհանուր ես գոհ եմ բոլոր տղաներից: Հույս ունեմ, որ նրանք մյուս տարի ավելի լավ մեդալներ են նվաճելու»,- ասել է Կիզողյանը:
Լեւոն Մանուկյանն ու Սարգիս Կիրակոսյանը ոսկե մեդալներով են վերադարձել հայրենիք: Եվրոպայի առաջնությունը նրանց համար եղել է 2-րդ միջազգային խոշոր մրցաշարը:
«Թեժ պայքար էր ընթանում ԵԱ-ում: Անկեղծ ասած չէի սպասում, որ կկարողանամ հաղթող դառնալ: Անչափ ուրախ եմ արդյունքի համար ու հիմա արդեն պետք է սկսեմ պատրաստվել մյուս մրցումներին»,- նշել է Լեւոն Մանուկյանը:
«Մենք բոլորս էլ կարողացանք հաղթել մարզիչների ճիշտ աշխատանքի շնորհիվ, ինչի համար շնորհակալ ենք նրանցից»,- ասել է Սարգիս Կիրակոսյանը:
Աղջիկների ընտրանու գլխավոր մարզիչ Արման Ղազարյանն էլ գոհ է իր մարզուհիներից, ովքեր արժանիորեն կարողացել են դառնալ մեդալակիրներ. «Կան աղջիկներ, ովքեր արդեն մեծահասակների հավաքականի թեկնածուներ ու անդամներ են: Նրանք պետք է լավ դրսեւորեն իրենց, որպեսզի կարողանան հաստատվել: Չպետք է մոռանալ, որ մեր մեծահասակների թիմը շատ ուժեղ է»:
ԵԱ-ի հաղթողներ Աիդա Մանուկյանն, Արփինե Դալալյանն ու արծաթե մեդալակիր Սոնա Պողոսյանը նույնպես ուրախ են հաղթանակների համար: Նրանք կարծում են, որ արժանի էին հաղթանակների, քանի որ լավ մարզումներ էին անցկացրել ու մեկնել մրցավայր հաջող ելույթների համար: Մի քանի օր հանգստանալուց հետո կսկսեն նորից մարզվել ու պատրաստվել առաջիկա մրցաշարերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: