Դեկտեմբեր 22, 2024
exclusive
7664 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Նարեկ Աբգարյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` belfasttelegraph.co.uk

Լուսանկարը` independent.ie


Նարեկ Աբգարյանն արդեն երկար ժամանակ է հանդես է գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում, որտեղ հասցրել է տոնել գեղեցիկ հաղթանակներ ու տիրանալ WBC International silver գոտուն:

Նա հաջողություններ է գրանցել ու մեդալներ նվաճել նաեւ սիրողական ռինգում, սակայն Mediamax Sport«Անմոռանալի հաղթանակ» շարքի համար առանձնացրել է դրանցից ամենահիշվողը:

2016-ի ապրիլին Թուրքիան ընդունել էր բռնցքամարտի Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարը, որտեղ հանդես էր գալիս նաեւ մեր հավաքականը:

Լուսանկարը` belfasttelegraph.co.uk


Ինձ համար առանձնահատուկ է այստեղ տոնած հաղթանակս, որը գրանցեցի կիսաեզրափակչում: Հատկապես սա եմ նշում, քանի որ այն ինձ համար կարեւոր էր երկու առումով. մրցաշարն անցկացվում էր Թուրքիայում, եւ այդ հաղթանակով ես ապահովեցի Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստանը լավ ներկայացնելն ու, իհարկե, ուղեգիր ապահովելը, որի մասին երազել եմ դեռ մանկուց:

 

Մենամարտս իռլանդացի բռնցքամարտիկ Իրվին Բրենդանի դեմ էր: Սկզբում մի փոքր լարվածություն էի զգում, քանի որ մրցակիցս արդեն հասցրել էր Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դառնալ ու Եվրոպայում էլ արծաթ շահել:

Սակայն ինձ հաջողվեց ճիշտ կազմակերպել մարտը, ինչի շնորհիվ ես ուղղակի հաճույք էի ստանում ռինգում:

Լուսանկարը` independent.ie


Երկրորդ ռաունդում շատ ուժեղ հարված հասցրի նրան, ինչից հետո նոքդաունի ենթարկվեց: Այդ պահից սկսած ավելի վստահ դարձա, հասկացա, որ հաղթանակն իմն է լինելու:

Ի վերջո ես առավելության հասա, ինչն ինձ համար նշանակում էր մի քանի բան՝ լավ ելույթ Թուրքիայում, որն ինձ համար շատ կարեւոր էր, ապահովեցի արծաթե մեդալ եւ, իհարկե, իրականացրի մանկությանս երազանքը՝ նվաճելով Օլիմպիական ուղեգիր:

Այդ մրցաշարը հիշելիս ես միշտ լավ պահեր եմ ապրում, քանի որ ոչ միայն ես, այլ նաեւ մեր ողջ թիմը շատ լավ ելույթներ ունեցավ, բոլորս համախմբված էինք ու կարծես մեկ ընտանիք լինեինք:

Նարեկ Աբգարյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին