Մայիս 19, 2025
106 դիտում

Ալեքսիս Օհանյանը նշանավորել է «Չելսի»-ի «կանանց ֆուտբոլի նոր դարաշրջանը»


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Chelsea Football Club Women

Լուսանկարը` Chelsea Football Club Women

Լուսանկարը` Chelsea Football Club Women


Վերջին տարիներին ամերիկյան մեծահարուստների համար եվրոպական ֆուտբոլային ակումբներում ներդրումներ անելը դարձել է շատ տարածված։ Ինչպես գործարարներ, այնպես էլ հոլիվուդյան աստղեր կա՛մ դառնում են համասեփականատերեր, կա՛մ էլ ամբողջությամբ գնում ակումբները։

Լոնդոնի «Չելսի»-ն եւս ունի ամերիկացի սեփականատերեր, քանի որ «BlueCo»-ն պատկանում է Կալիֆոռնիայում գործող «Clarlake Capital»-ին։ Այժմ նրանք ձեռք են բերել եւս մեկ ամերիկացի ներդրողի։

Լուսանկարը` Chelsea Football Club Women


Օրեր առաջ «Չելսի»-ն հանդես եկավ հայտարարությամբ, որի համաձայն Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը դարձել է ակումբի ներդնողներից մեկը։ Դրանով նա նշանավորել է «կանանց ֆուտբոլի նոր դարաշրջանը»։

Օհանյանն իր «Seven Seven Six» ընկերության միջոցով ձեռք է բերել կանանց թիմի 8-10 տոկոս բաժնետոմսը, որը, ենթադրաբար, արժե մոտ 20 միլիոն ֆունտ։

«Օհանյանն իր հետ բերում է փորձի, էներգիայի եւ կանանց սպորտի հանդեպ կրքի հարուստ պաշար։ Այն կօգնի «Չելսի»-ի կանանց թիմին հասցնել նոր մակարդակի եւ լույս սփռել սպորտի ներուժի վրա Մեծ Բրիտանիայում: Ակումբի սեփականատերերի խումբը շարունակում է մնալ «Չելսի»-ի կանանց թիմի վերահսկիչ բաժնետերը, իսկ Ալեքսիս Օհանյանը միանում է որպես փոքրամասնության բաժնետեր»,-ասված է հայտարարության մեջ:

Լուսանկարը` Chelsea Football Club Women


Օհանյանը նորեկ չէ կանանց ֆուտբոլում։ Նա նախկինում եղել է ամերիկյան «Էնջել Սիթի» ակումբի ամենամեծ բաժնետերը, որը վաճառվել է 2024 թվականին 192,3 միլիոն ֆունտով։ Նա նաեւ հիմնադրել է «Athlos» անունով միայն կանանց համար նախատեսված մարզական միջոցառում։

Ամերիկացին հույս ունի, որ իր ներգրավվածությունը կօգնի լոնդոնցիներին դառնալ «Ամերիկայի թիմ» եւ կկարողանան նրանց դնել «կանանց սպորտի առաջատար դիրքերում»։

Օհանյանը Սերենա Ուիլյամսի եւ իրենց մեծ դստեր հետ ներկա են եղել «Ուեմբլի»-ում կայացած Անգլիայի գավաթի եզրափակչին, որտեղ «Չելսի»-ն 3։0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթի»-ին։

Լուսանկարը` Chelsea Football Club Women


««Չելսի»-ն շատ յուրահատուկ է։ Այստեղ համաշխարհային ֆուտբոլի թագուհիներն են՝ սովոր տիտղոսներ նվաճելուն։ Մեր սահմանը երկինքն է։ Մեր  նախագահն ասում է, որ այս ակումբը հավակնոտ է։ Ես ուզում եմ դա դաջել իմ մեջ։ Մենք փորձում ենք կառուցել աշխարհի լավագույն թիմը, որն առաջատար կլինի կանանց սպորտում։ Մի օր այն կդառնա միլիարդ դոլլարանոց ակումբ։ Հույս ունեմ, որ իմ ներդրած գումարը կնպաստի դրան»,- BBC-ին ասել է Օհանյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին