Մայիս 07, 2024
exclusive
7126 դիտում

Բրազիլական Օլիմպիադա. Հայերի իրականացված ու անկատար երազանքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռիոյում ավարտվեցին ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը: 17 օրերն անցան մեկ երկար օրվա պես, բայց որքան բուռն, հագեցած ու հետաքրքիր էին դրանք: Այստեղ ծավալվում էր ամենաթեժ պայքարը:

Ռիոյում խտացված էր աշխարհի սպորտային սիրտը, այն բաբախում էր նույն ռիթմով ու տեմպով: Ականատես եղանք վառ ու անհավանական հաղթանակների, մարդկային ուժի ու կարողությունների ֆանտաստիկ դրսեւորման: Քիչ չէին նաեւ արցունքները, վնասվածքներն ու չիրականացված երազանքները…

 

31 մարզիկով ելույթ ունեցած Հայաստանի հավաքականը բավարարվեց 4 մեդալով. հույսի ու ապրումների, ուրախության ու ոգեւորության մեդալներով:

 

Այս խաղերը հայ մարզիկների համար կարող ենք ստացված համարել: Դրանք 21-րդ դարում լավագույնն էին Հայաստանի թիմի համար: Սրանից ավելի լավ արդյունք գրանցվել էր միայն 1992-ին Բարսելոնայում՝ 3 ոսկե ու 1 արծաթե մեդալ:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Օլիմպիական մեդալակիրները

 

Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերի ֆավորիտ էր դեռ 4 տարի առաջ Լոնդոնում, այդ կարգավիճակում էլ մեկնել էր Ռիո: Այդ 4 տարիների ընթացքում նա անհամեմատ աճ արձանագրեց, նվաճեց հնարավորը, ձգտեց ավելիին, չդադարեց աշխատել ու շարժվել դեպի իր նպատակը:

 

Նա անկասելի էր բոլոր իմաստներով, պատրաստ էր հոգեբանորեն, անպարտելի ֆիզիկապես: Ալեքսանյանը 20 տարի անց Հայաստան է բերելու Օլիմպիական ոսկին, հաղթանակի նկատմամբ հավատն ու սեփական ուժերի գերակայությունը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ոսկու գին ունեցող արծաթե մեդալը Միհրան Հարությունյանինն է: Նա Օլիմպիադայում փառահեղ էր, գործում էր գեղեցիկ ու տպավորիչ, հաղթում էր թեթեւ ու մեկ շնչում: Սակայն եզրափակիչ գոտեմարտը դեռ մղձավանջի պես ենք հիշում: Այդպիսին էլ այն կմնա բոլոր հայերի ու մարզաձեւից հասկացողների համար:

 

Քանի դեռ մրցավարներն ու միջազգային ֆեդերացիան գործում են կեղծի ու կողմնակալության սահմաններում, սպորտը չի կարող ազատվել անարդարությունից:

 

Մյուս երկու արծաթե մեդալները ծանրամարտի հավաքականինն են: Երկու երիտասարդ՝ 19 ու 21 տարեկան մարզիկները ցույց տվեցին, որ անհնարին ոչինչ չկա:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Սիմոն Մարտիրոսյանը ոչ միայն առաջին մեդալը բերեց Հայաստանին, այլ նոր շունչ տվեց, ցրեց մռայլ ու տխուր տրամադրությունը, որը կար առանց մեդալային ելույթներից հետո: Նրա մեկնարկն իր առաջին Օլիմպիական խաղերում ավելի քան փառահեղ էր:

 

Սիմոնի օրինակով ոգեշնչված փայլեց նաեւ թիմակիցը`Գոռ Մինասյանը: Ծանրորդն իսկական կռիվ տվեց ու այդ պայքարում կարողացավ 2-րդը դուրս գալ: Նրա մեդալը վերջինն էր Հայաստանի թիմի համար:

 

Չստացված փորձերը

 

Իհարկե, իրատեսական չէր լինի մեդալներ ակնկալել բոլորից անխտիր: Մյուս մարզիկների համար էլ այս խաղերը սեփական արդյունքները բարելավելու, իրենց հնարավորությունների սահմանն իմանալու շանս էին: Ոմանք հանդես եկան իրենց կարողություններից ցածր, մյուսների ճանապարհին էլ արգելք հանդիսացան վնասվածքները:

 

Ռիոյում մասնագետներն ու երկրպագուները դեռ ցավով են հիշում ծանրամարտի մինչեւ 77 կգ քաշայինների պայքարում Անդրանիկ Կարապետյանի սարսափելի վնասվածքը: Մարզիկին մեդալից ընդամենը մեկ մոտեցում էր բաժանում, ու այն ճակատագրական եղավ:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Խաղերում, երբ արդեն թվում էր բրոնզե մեդալն ապահովված է, սայթաքեց նաեւ ազատ ոճի ըմբիշ Լեւան Բերիանիձեն: Արդյունքում նա ընդամենը 5-րդն է:

 

5-րդն էր նաեւ Նազիկ Ավդալյանը: Սակայն, ի տարբերություն Լեւանի, Նազիկն այն գրավելու համար չհանձնվեց: Այս անկոտրուն ու կամային մարզուհին բազմիցս է ցույց տվել իր ուժն ու խաղերն էլ բացառություն չէին:

 

Բարձր արդյունքով եզրափակիչ անցած մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը չկարողացավ կրկնել իր հաջող կատարումը: Երբ արդեն հավատում էինք, որ մարզիկի մոտ կստացվի խառնվել մեդալային պայքարին, տեղի տվեց լարվածությունը: Նա էլ դարձավ 7-րդը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մեր ամենատիտղոսակիր ու փորձառու ըմբիշներից Արսեն Ջուլֆալակյանի համար էլ այս խաղերն ամենավատ կերպով դասավորվեցին: Մեկնարկային պարտություն, ու իր 3-րդ Օլիմպիադայից ըմբիշը ձեռնունայն կվերադառնա:

 

Խաղերը կրկին ցույց տվեցին, որ որոշ մարզաձեւերում հայ մարզիկները դեռ դժվարանում են մրցակցություն ծավալել, ու շատ ժամանակ է պետք, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի:

 

Այսպիսին էին Օլիմպիական խաղերը մեզ համար, որոնք անկախ ամեն ինչից դեռ երկար են հիշվելու: Մեդալներն ու հաղթական րոպեներն ամեն ինչ մոռացնել են տալիս ու անցյալում թողնում անհաջողությունները:

 

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

 

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին