Օգոստոսի 5-21-ը Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու են 7 ծանրորդներ, որոնցից 2-ը հանդես են գալու կանանց պայքարում:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններով ու ռեկորդակիրներով համալրված հայկական թիմն այս անգամ էլ է գնում նոր նվաճումների հետեւից:
Գլխավոր մարզչի կարգավիճակում Փաշիկ Ալավերդյանի առաջին Օլիմպիական խաղերում նրա ղեկավարությամբ հանդես են գալու Եվրոպայի չեմպիոն ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Եվրոպայի ոսկե մեդալակիր Առաքել Միրզոյանը (85 կգ), պատանեկան Օլիմպիական խաղերի ու երիտասարդների ԱԱ-ի հաղթող Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Եվրոպայի արծաթե մեդալակիրներ Ռուբեն Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը (+105 կգ): ԵԱ-ի փոխչեմպիոն Վանիկ Ավետիսյանն (69 կգ) էլ լինելու է պահեստայինի կարգավիճակում:
Կանանց ընտրանու կազմում մասնակցելու են Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը (69 կգ) ու երիտասարդների ԵԱ-ի արծաթե մեդալակիր Սոնա Պողոսյանը (75 կգ):

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայ ծանրորդները միշտ էլ հաջող են հանդես եկել Օլիմպիական խաղերում ու բազմաթիվ մեդալներ նվաճել: Խորհրդային Հայաստանի հավաքականի կազմում նրանք 5 անգամ են հաջողության հասել:
Օլիմպիական խաղերում ամենատպավորիչն, անկասկած, Յուրի Վարդանյանի ելույթն է եղել: Աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոնը 82,5 կգ քաշային կարգում պարզապես փայլել է 1980-ին Մոսկվայում կայացած խաղերում: Նա ոսկե մեդալից բացի նաեւ Աշխարհի 5 ռեկորդ է սահմանել ու միջին քաշային կարգի ծանրորդներից առաջինն է եղել, ով բարձրացրել է 400 կգ:
Մոսկվայում արծաթե մեդալ էլ իր հաշին գրանցել է Յուրի Սարգսյանը մինչեւ 56 կգ քաշային կարգում:
1988-ին Սեուլում Օգսեն Միրզոյանը ելույթն ավարտել է 2-րդ տեղում, սակայն հաղթողի կոչումը նվաճած բուլղարացի Միտկո Գրաբլյովը որակազրկվել է արգելված նյութեր օգտագործելու համար ու ոսկե մեդալը տրվել է Միրզոյանին: Սեուլում արծաթե մեդալակիր էլ դարձել է Իսրայել Միլիտոսյանը:
Նա միակ հայ ծանրորդն է, որը ոչ միայն երկու մեդալ ունի Օլիմպիական խաղերում, նաեւ անկախ Հայաստանի առայժմ միակ չեմպիոնն է ծանրամարտում: Օլիմպիական պատվոհարթակի առաջին աստիճանին Միլիտոսյանը կանգնել է 1992-ին Բարսելոնայում:

Լուսանկարը` Մեդիամաքս
2000-ին Սիդնեյում էլ միայն Արսեն Մելիքյանին է հաջողվել վերադառնալ բրոնզե մեդալով:
Դրանից միայն 2 օլիմպիական խաղեր անց է ծանրամարտի հավաքականը կրկին հայտնվել բարձունքում: Պեկինում Հայաստանի հավաքականի 6 բրոնզե պարգեւներից 3-ը Տիգրան Վարդանի ու Գեւորգի Մարտիրոսյանների ու Գեւորգ Դավթյանի շնորհիվ են ձեռք բերվել:
Իսկ ահա 2012-ին Լոնդոնում արդեն փայլեց Հռիփսիմե Խուրշուդյանը: Նա օլիմպիական բրոնզե մեդալ ունի գերծանր քաշային կարգում ու առայժմ նորանկախ Հայաստանի միակ մարզուհին է, ով աչքի է ընկել Օլիմպիադայում:
Ռիոյի խաղերում էլ ծանրորդներից սպասելիքները կրկին մեծ են: Մանավանդ տղամարդկանց հավաքականը Լոնդոնի խաղերի անհաջող ելույթից հետո պետք է վերականգնի հեղինակությունը:
Օգոստոսի 8-16-ը Ռիոյում մեր ծանրորդների տրամադրության տակ են լինելու իրենց ցույց տալու ու օլիմպիական մեդալներ նվաճելու համար:
Հասմիկ Բաբայան
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: