Մայիս 10, 2025
exclusive
5061 դիտում

Գոռ Ներկարարյան. Անչափ հպարտ եմ, որ ներկայացնելու եմ Հայաստանը


Գոռ Ներկարարյանը
Գոռ Ներկարարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի աթլետիկայի հավաքականն Օլիմպիական խաղերում առաջին անգամ հանդես է գալու 6 մարզիկով:

Նրանցից ամենավերջինն ուղեգիր նվաճեց հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը: Ռիո-2016-ում այս անգամ Mediamax Sport-ը ներկայացնում է Գոռին:

Ծնվել է. 24.03. 1993-ին Վանաձորում

Մարզաձեւ. Աթլետիկա (հեռացատկ)

Ընտանիք. Ամուսնացած չէ

Հոբբի. Զբոսնել ընկերների հետ

Կրթություն. Ավարտել է Վանաձորի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժինը

Անձնական մարզիչ. Վաղինակ Նազարյան

Նորամուտ. 15 տարեկանում, երբ մասնակցել է Հայաստանի առաջնությանը

Կարիերայի սկիզբը. 13 տարեկանից

Մարզաձեւի ընտրություն. «Ընկերներիցս մեկը ցանկանում էր հաճախել աթլետիկայի: Դիմեց, որ միասին գնանք: Ես էլ գնացի ու սիրեցի այս մարզաձեւը»:

Անմենակարեւոր նվաճումը. Այս տարվա Հայաստանի մեծահասակների չեմպիոն դառնալը

Ամենադժվար պահին օգնում են. «Ես ինքս եմ ինձ օգնում»:

Կարգախոսը. Միշտ առաջ ու չհանձնվել

Գոռը Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող, ԵԱ-ի ու ԱԱ-ի մասնակից

- Գոռ, ինչո՞ւ ընտրեցիր հենց հեռացատկը:

-Դեռ դպրոցում ֆիզկուլտուրայի դասերին այդ ձեւն ինձ մոտ շատ լավ էր ստացվում: Երբ արդեն գնացի պարապմունքների, մարզչիս ասացի, որ եթե հեռացատկով չզբաղվեմ, ուրեմն չեմ գա մարզումների: Այդպես սկսեցինք միասին աշխատել:

- Որո՞նք են հեռացատկի առանձնահատկությունները:

- Պետք է կարողանաս ճիշտ վազել, թռչել, վայրէջք կատարել: Փոքր էլեմենտներ են, բայց պետք է շատ լուրջ կատարել: Սա սանտիմետրերի պայքար է, մի փոքրիկ վրիպում, ու ողջ ցատկը ձախողվում է:

- Դու ապրել ու մարզվել ես Բրազիլիայում: Ինչպիսի՞ երկիր է այն:

- 1,5 տարի ապրել եմ այնտեղ, ամեն ինչին ծանոթ եմ: Շատ տպավորիչ երկիր է, բայց հատկապես կցանկանայի առանձնացնել մարդկանց: Այնտեղ բոլորն ուրախ են, ոչ մի մտահոգ մարդ չես տեսնի, չնայած ունեն շատ խնդիրներ ու ամենեւին էլ լավ չեն ապրում: Այդ ուրախությամբ է ինձ դուր գալիս Բրազիլիան:

- Բոլորը խոսում են Ռիոյում տարածված տարբեր վարակներից: Դու ինչպե՞ս ես ընդունում այդ լուրերը: 

- Լուրջ չեմ վերաբերում: Լրատվամիջոցներն այնպես են ներկայացնում, ասես այնտեղ իսկական համաճարակ է: Բայց ոչ մի վտանգ էլ չկա, ես կապ ունեմ այնտեղի իմ ընկերների ու մարզչի հետ, ովքեր էլ ասում են, որ առանց որեւէ վարակի հետ կվերադառնանք Հայաստան (ծիծաղում է):

- Աթլետներից վերջինը դու նվաճեցիր ուղեգիր: Հավատո՞ւմ էիր, որ կկարողանաս միանալ ընկերներիդ:

- Ես վաղուց եմ սպասել, որ Օլիմպիական ուղեգիր եմ նվաճելու, ուղղակի վնասվածքներն էին պատճառը, որ այդքան հետաձգվեց այն: Մինչեւ վերջ պայքարեցի ու կարողացա հերթական վարկանիշը բերել մեր թիմի համար:

- Օլիմպիական խաղերն առաջինն են լինելու քեզ համար: Ի՞նչ ես զգում:

- Անչափ հպարտ եմ, որ ներկայացնելու եմ Հայաստանը: Բոլորն են ցանկանում մասնակցել այսպիսի լուրջ մրցաշարի, ու ես էլ բացառություն չեմ:

- Ինչի՞ ես ձգտելու Ռիոյում:

- Որքան հնարավոր է լավ մասնակցել, ցույց տալ լավագույն արդյունքս:

Գոռ Ներկարարյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Նախագծի գործընկեր 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին