Հովհաննես Բաչկովը շուտ հանձնվող բռնցքամարտիկներից չէ: Նա հերթական անգամ այդ մասին ապացուցեց վերջերս՝ Օլիմպիական խաղերից ընդամենը 1 ամիս առաջ նվաճելով խաղարկվող վերջին ուղեգրիը:
Mediamax Sport-ի օլիմպիական հարցազրույցն այս անգամ Բաչկովի հետ է:
-Դու ուղեգիր նվաճեցիր ամենավերջին մրցաշարում: Ինչպե՞ս այն տրվեց քեզ:
-Այդքան մրցաշարերից հետո դեռ վարկանիշ չունեի ու դա ցավալի էր ինձ համար: Սակայն հավատում էի, որ անհնար է այդպես մնա, ու ինչ- որ դուռ կբացվի: Այդպես էլ եղավ: Համբերությամբ զինված սպասում էի Վենեսուելայի մրցաշարին ու այնտեղից հաղթանակած վերադարձա:
- Դու հանդես եկար հնարավորություններիդ առավելագույն չափով: Ինչպե՞ս էիր պատրաստվել մրցաշարին ու ո՞րն էր հիմնական բարդությունը:
-Այնպես էինք դասավորել մարզումներս, որ ժամային առումով դժվարություն չլինի: Պատրաստվում էի Գյումրիում, մեծ նվիրվածությամբ էի մարզվում: Ուղեգիր նվաճելու վերջին շանսն էր ու դրանում էր մրցաշարի հիմնական դժվարությունը: Բոլորն էլ ցանկություն ունեին մասնակցել խաղերին ու պայքարեցին մինչեւ վերջ:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Առաջին անգամ մեր բռնցքամարտի թիմը 5 հոգով է մասնակցելու Օլիմպիադային: Ինչպե՞ս դա ձեզ հաջողվեց:
-Ամենակարեւորն այն է, որ հավատում էինք մեզ ու մեր ուժերին:
-Ինչպիսի՞ մրցակցության ես սպասում Ռիոյում:
-Շատ դժվար է լինելու, մրցակիցներին գիտեմ, քանի որ տարբեր մրցաշարերում հաճախակի ենք հանդիպել: Շատերի հետ մենամարտել եմ:
-Իսկ ո՞ր Օլիմպիական խաղերն են քեզ համար ամենագեղեցիկն ու տպավորիչը եղել:
-2008-ի պեկինյան խաղերը, ես առաջին անգամ օլիմպիական ռինգում տեսա մեր բռնցքամարտիկներին: Հրաչիկ Ջավախյանին էլ հաջողվեց մեդալ նվաճել: Այդ օրվանից երազանքս է եղել մասնակցել Օլիմպիական խաղերին: Նպատակ դրեցի իմ առջեւ ու սկսեցի շարժվել դեպի այն:
-Եթե բրազիլացի լինեիր, ի՞նչ մարզաձեւով կզբաղվեիր:
-Ֆուտբոլով կզբաղվեի ու կխաղայի հարձակման գծում:
-Ո՞րն է խաղերի ամենամեծ կոչն Աշխարհին ու մարդկանց:
-Օլիմպիադայում աշխարհի ամենաուժեղ մարզիկներն են հավաքվում: Այդ ուժեղների պայքարն էլ ամբողջ աշխարհը վայելում է:
-Ինչո՞վ է քո մարզաձեւը տարբերվում մյուսներից:
-Բռնցքամարտում պետք է շատ արագ կողմնորոշվել ու մտածել ռինգում: Նպատակն է վայրկյանների ընթացքում այնպես հարվածել մրցակցին, որ դրանք տեղ հասնեն՝ միաժամանակ չմոռանալով պաշտպանության մասին:
-Ի՞նչն է քեզ պահում սպորտում:
-Շատ եմ սիրում այս սպորտաձեւը, միշտ ուժեղ մարզիկներն ինձ համար վառ օրինակ են եղել, որ սպորտը եւ փառք է բերում, եւ կարողանում ես առողջ ապրելակերպ վարել:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Հովհաննես, իսկ ինչպիսի՞ մարզիկ ես դու:
- Շատ համբերատար ու ագրեսիվ բռնցքամարտիկ եմ:
-Բռնցքամարտիկներից ո՞ւմ հաջողությունն է քեզ ոգեշնչել:
-Մուհամեդ Ալիի, Ռոյ Ջոնսի, մեր բռնցքամարտիկներից Արթուր Աբրահամի ու Վիկ Դարչինյանի:
-Ո՞րն է եղել ամենակարեւոր խորհուրդը, որ քեզ տվել են:
-Քեռիս, որը նույնպես բռնցքամարտիկ է եղել ու նրա օրինակով եմ սպորտն ընտրել, ասել է, որ երբեք չհանձնվեմ, մինչեւ վերջին շունչն առաջ գնամ ու պայքարեմ:
-Քո մարզական անցած ուղին ո՞ր երգն է ավելի լավ նկարագրում:
-Մեր օլիմպիական օրհներգը, այն շատ ոգեւորիչ է:
-Դու Գյումրիից ես: Ո՞րն է Գյումրիի սպորտային քաղաք լինելու գաղտնիքը:
-Քանի որ գաղտնիք է, չեմ էլ բացահայտի (ծիծաղում է):
-Իսկ ի՞նչ կա Գյումրիում, որ այլ քաղաք չունի:
-Յուրահատուկ մարդիկ են ապրում մեր քաղաքում, որոնք էլ Գյումրին առաձահատուկ ու այդքան թասիբով են դարձնում:
-Եթե այսօր գանք ձեր տուն ընթրելու, ի՞նչ կպատրաստես:
-Պատրաստել չեմ կարողանում, բայց անպայման կովի քյալլա կհյուրասիրեմ:
-Ինչո՞ւ պետք է աշխարհում դադարեցվեն բոլոր պատերազմները:
-Պատերազմի պատճառով շատ երեխաներ ու մարդիկ են տուժում, աղքատություն է տիրում, երկիրն է տուժում: Ես էլ շատերի պես դեմ եմ պատերազմներին:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Քո ամենսիրելի հայկական տոնը:
-Վարդավառն եմ սիրում, գեղեցիկ տոն է ու նմանը չունեցող:
-Ընտանի կենդանի ունե՞ս:
-Չեմ ունեցել, բայց որոշել եմ որդուս համար փոքրիկ շուն պահել:
-Քո բնավորության գծերից, որը չես սիրում կամ խանգարում է քեզ:
-Խնդիրների շուրջ շատ եմ մտածում:
-Եվ հարցարզույցի վերջում, ավարտիր նախադասությունները: Մարդկանց մեջ ամենաշատը գնահատում եմ…
-որ չեն կեղծում, այնպիսին են, ինչպիսին կան:
-Ամեն հաղթանակով…
-ուրախանում եմ:
-Ամենամեծ նվաճումս…
-միանշանակ ընտանիքս է:
-Օլիմպիական խաղերն ինձ համար…
- միշտ լավագույնների պայքարն են եղել:
Հովհաննես Բաչկովի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: