Ընդամենը 2 տարի առաջ նա դեռ պատանեկան Օլիմպիական հավաքականի կազմում էր: 2016-ին էլ Հայաստանը ներկայացնելու է Ռիո դե Ժանեյրոյում:
Mediamax Sport-ը շարունակում է ներկայացնել մեր Օլիմպիական թիմի անդամներին ու այս անգամ զրուցել է նրանցից ամենաերիտասարդներից մեկի` Սոնա Պողոսյանի հետ:
-Դու ելույթ ես ունեցել պատանեկան Օլիմպիական խաղերում եւ ահա 18 տարեկանում հանդես ես գալու նաեւ Ռիոյում: Ինչպե՞ս իմացար այդ մասին:
- Ես պատրաստվում էի Վրաստանում կայանալիք երիտասարդների ԱԱ-ին, սակայն մարզիչներն ինձ ասացին, որ Հռիփսիմե Խուրշուդյանին ես եմ փոխարինելու: Շատ մեծ պատասխանատվություն է նրա պես տիտղոսակիր մարզուհու փոխարեն Օլիմպիադայում հանդես գալը:
-Հիմա, երբ գիտես որ դու ես լինելու կանանց ընտրանու 2-րդ մասնակիցը, ի՞նչ ես անում լավ մասնակցելու համար:
-Մարզումների ժամանակ սկսել եմ ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել: Հիմա նպատակաուղղված Օլիմպիադային եմ պատրաստվում, որ կարողանամ լավ ներկայանալ Ռիոյում:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Ծանրամարտում հոգեբանական պատրաստածությունը շատ կարեւոր է: Դու ինչպե՞ս ես ելույթներից առաջ տրամադրվում:
-Մեր սպորտաձեւում մարզիկն ինքն իր հետ ու ծանրաձողի հետ է պայքարում: Եթե մարզումների ժամանակ որեւէ քաշ բարձրացնում ես, պետք է նաեւ մրցումների ժամանակ կարողանաս: Անգամ աննշան կասկածը կարող է խանգարել: Պատանի հասակում ինձ հետ այդպես շատ է պատահել: Բայց երբ մեծահասակների թիմ եկա, բոլորն ինձ շատ օգնեցին այդ հարցում, հիմա ավելի վստահ եմ մոտենում ծանրաձողին:
-Ի՞նչ է քեզ համար ծանրաձողն ու ինչպե՞ս ես նրան հաղթում:
-Նա իմ մրցակիցը չէ, ավելի շատ ընկերն է: Ես խոսում եմ ծանրաձողի հետ: Երբ նոր կիլոգրամի եմ մոտենում, ասես օգնություն եմ խնդրում իրենից: Ասում եմ փորձելու եմ քեզ բարձրացնել ու միասին ենք հաղթահարելու ամեն ինչ:
-Մոտավորապես կարո՞ղ ես ասել այսօրվա մարզման ժամանակ ինչքա՞ն կգ ես բարձրացրել:
-Այսօրվա ցուցանիշս երեւի 20 տոննա է կազմում: Վաղուց այսքան չէի մարզվել, մրցումների ծանրաբեռնվածությունն է պատճառը:
-Իսկ ի՞նչ եք սովորաբար ուտում այսքան մեծ ծանրաբեռնվածությանը դիմանալու համար:
-Ես առհասարակ մսակեր չեմ, իսկ միսն էներգիայի հիմնական աղբյուրն է մարզիկների համար: Երբեմն մարզիչները բարկանում են, որ ուտեմ, մեկ-մեկ բացառություն եմ անում, բայց փոքր տարիքից բուսակեր եմ եղել:
-Իսկ հիշո՞ւմ ես քո առաջին Օլիմպիական խաղերը:
-Հռիփսիմե Խուրշուդյանի մասնակցությամբ 2012-ի խաղերն են: Բոլորս լարված սպասում էինք նրա մեդալին: Հռիփսիմեն հաղթահարեց բոլոր դժվարություններն ու վերադարձավ բրոնզե մեդալով:
-Եթե բրազիլական սերիալում խաղալու հնարավորություն լինի, ի՞նչ կերպար կմարմնավորես:
-Կարելի է փորձել մարզուհու դեր մարմնավորել (ծիծաղում է):
-Ինչո՞վ են Օլիմիական խաղերն առանձնանում մնացած բոլոր մրցաշարերից:
-Ոչ բոլոր մարզիկներին է բախտ վիճակվում մասնակցել Օլիմպիական խաղերի: Այնտեղ հանդես գալն արդեն իսկ մեծ ուրախություն է:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Ի՞նչ գիտես Ռիոյի մասին:
-Իմ ամենասիրած քաղաքներից է, միշտ երազել եմ այնտեղ լինել ու տեսնել կառնավալը: Կարծում եմ շատ ուրախ ու պայծառ քաղաք է:
-Հայտնի մարզիկներից ո՞ւմ հետ կցանկանաս հանդիպել Ռիոյում:
-Միշտ իսպանուհի Լիդիա Վալենտինին եմ ցանկացել հանդիպել, նախորդ տարվա ԱԱ-ում դա ինձ հաջողվեց: Նրա ելույթներին շատ էի հետեւել, արդեն մարզադահլիճում տեսա, թե ինչպես է մարզվում, ինչպես է վարժությունը սկսում ու ավարտում:
- Միշտ ի՞նչ կա քո պայուսակում:
-Ականջակալներ:
-Իսկ ի՞նչ երաժշտություն ես լսում:
-Ռիհաննա եմ շատ լսում, նրա բոլոր երգերն էլ հավանում եմ:
-Ի՞նչ չգիտեն մարդիկ քո մասին:
-Շատ եմ սիրում խոհանոցում ամբողջ օրն անցկացնել, երբ ազատ եմ լինում իտալական խոհանոցի ուտեստներ եմ պատրաստում, նոր բաներ եմ փորձարկում ու ծնողներիս զարմացնում:
-Եթե 1 մլն դոլլար ունենայիր, ինչի՞ վրա կծախսեիր:
-Կծախսեի այնպես, ինչպես հիմա ունեմ ու ծախսում եմ: Գումարն ինձ համար երբեք էլ կարեւոր չի եղել: Առհասարակ գնումներ անել չեմ սիրում, ինձ համար հագուստ էլ մայրիկն է ընտրում:
-Եթե անմարդաբնակ կղզում հայտնվես, ի՞նչ 3 իր կցանկանաս լինի քեզ հետ:
-Շատ հաստ գիրք, որ անընդհատ կարդամ (ծիծաղում է), ինչպես նաեւ գրիչ ու տետր` տպավորություններս թղթին հանձնելու համար:
-Իսկ առհասարակ ստեղծագործել սիրո՞ւմ ես:
-Հիմա ոչ, բայց առաջ ստեղծագործում էի: Օրագիր ունեի, այնտեղ գրում էի այն ամենն, ինչ կատարվում էր ինձ հետ: Նաեւ բանաստեղծություններ էի գրում, բայց երբեք ոչ ոք չի կարդացել դրանք:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Մեր մարզիկներից ո՞ւմ հետ ես մտերիմ:
- Պատանեկան Օլիմպիական խաղերի ժամանակ բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանի հետ եմ շատ մտերմացել:
-Ավարտիր նախադասությունները: Ամենաշատը հավաքների ժամանակ կարոտում եմ…
-ընտանիքիս:
-Մեր օրհներգը հնչելիս միշտ…
-մարմնովս սարսուռ է անցնում, ուրախանում եմ, որ մեր մարզիկներին հաջողվում է հաղթել ու ամբողջ աշխարհին ներկայացնել մեր փոքր երկիրը:
-Չկա նվաճում առանց...
-պայքարի:
-Միայն Օլիմպիադայից առաջ ես հասկանում,…
-որ իզուր չէր խաղերին մասնակցելու ցանկությունը:
Սոնա Պողոսյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: