Մայիս 10, 2025
exclusive
9634 դիտում

Վահան Մխիթարյան. Լողում պետք է համբերատար լինել ու կարողանալ սպասել


Վահան Մխիթարյանը
Վահան Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Մխիթարյանը
Վահան Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Մխիթարյանը
Վահան Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայանալու է 8 մարզաձեւերում: Դրանցից մեկն էլ լողն է, որտեղ սպիտակ քարտով ներկայանալու է նաեւ Վահան Մխիթարյանը:

Երիտասարդ լողորդը անմիջական ու ուրախ զրուցակից է, որի հետ անգամ մոռանում ես ժամանակի մասին: Այդպես եղավ նաեւ Mediamax Sport-ի օլիմպիական հարցազրույցի ընթացքում:

-Դու Հայաստանի Օլիմպիական թիմում ես ու հաշված օրերից մեկնելու ես Ռիո: Ինչպիսի՞ն են զգացողություններդ:

-Ցավոք, այն ինչ պլանավորել էի չստացվեց: Շատ աշխատեցինք ու ամեն ինչ արեցինք, որ առաջին անգամ ուղեգրով մասնակցենք Օլիմպիական խաղերին, բայց չեղավ: Մյուս կողմից էլ շատ ուրախ եմ, որ մասնակցելու եմ Օլիմպիադային: Դեռ 5 տարի առաջ էի որոշել, որ անպայման մասնակցելու եմ Ռիոյի խաղերին ու ստացվեց: Բոլոր մարզիկները, բացի ֆուտբոլիստներից (ծիծաղում է), երազում են մասնակցել Օլիմպիադային:

-Ըստ քեզ` ի՞նչ է առաջին հերթին պետք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

-Համբերություն է պետք ունենալ, կարողանալ սպասել ու դիմանալ: Լողում անընդհատ նույն  մարզումներն են, նույն պատերը, այդ միօրինակությանը դիմանալը շատ կարեւոր է:

-Լողն անչափ գեղեցիկ ու դինամիկ մարզաձեւ է: Դու ինչպե՞ս այն կնկարագրես:

-Թող բոլորն իմանան, որ լողն ամենալավ սպորտաձեւն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Դու ազատ ոճում ես հանդես գալու, կարո՞ղ ենք ասել այն քո հիմնական ձեւն է:

-Այո, փոքր տարիքից ազատ ոճում շատ եմ մարզվել ու այն ավելի եմ սիրել: Ինձ մոտ միշտ էլ կարճ տարածություններն են լավ ստացվել: Քանի որ ինքս էլ խոշորամարմին եմ, ինձ ավելի լավ եմ զգում այդ ձեւում:

-Խոսենք 2014-ի պատանեկան Օլիմպիադայից: Ինչո՞վ այն առանձնացավ ու հիշվեց քեզ համար:

- Ինձ համար ամենալավ մրցաշարն է եղել, ազնիվ խոսք: Կարոտում եմ ամեն ինչը: Ուղեգրով էի մեկնել խաղերին, դա արդեն իսկ շատ կարեւոր էր ինձ համար: Խաղերի բացման օրը՝ օգոստոսի 16-ը, համընկավ ծննդյանս օրվա հետ: Ու հենց ինձ ընտրեցին մեր հավաքականի դրոշակակիր, անմոռանալի էր: Հասցրել եմ նաեւ մեր թիմի, գրեթե, բոլոր մասնակիցներին երկրպագել, շատ լավ էր ստացվում մոտս (ծիծաղում է):

-Վահան, իսկ կպատմե՞ս ինչպես հայտնվեցիր լողավազանում, ի՞նչը քեզ բերեց այս մարզաձեւ:

-Բակում ընկերներիցս մեկն անընդհատ գլուխ էր գովում, որ 5 տարեկանում սկսել է գնալ լողի ու ամեն մեկն էլ պետք է գնա: Որոշ ժամաանկ անց էլ ծննդյանս օրն էր, երբ հարցրին, թե ինչ եմ ուզում, ասացի գնալ լողի: Այդպես էլ 5 տարեկանում սկսեցի մարզվել:

-Դու Բրազիլիայում արդեն եղել ես ու նվաճել ես Գիմնազիադայի բրոնզե մեդալ: Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր եկել այնտեղ:

-Մի անգամ մեր մարզիչներց մեկն անգամ ասել է, որ Բրազիլիան իմ հողն է: Ինձ բրազիլացիներն են շատ դուր եկել, հայերի պես են, շատ հյուրասեր, ջերմ ու սրտաբաց: Երբ իմանում են հյուրեր են եկել, ամեն ինչ անում են լավ ժամանակն ապահեվելու համար: Բրազիլական պարերը շատ գեղեցիկ են, դինամիկ: Պարային շարժումներ էլ եմ սովորել, մի քիչ էլ պորտուգալերեն գիտեմ: Սակայն, ցավոք, ինձ այդքան էլ դուր չեկավ այնտեղի խոհանոցը:

-Քեզ համար ամենատպավորիչ ու յուրահատուկ Օլիմպիադան ո՞րն է եղել:

-Ամենահիշարժանը Նանջինգի խաղերն են եղել, բայց հույս ունեմ, որ Ռիոյում ամեն ինչ ավելի յուրահատուկ կլինի:

-Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս Օլիմպիական խաղերում:

-Որ տարբեր մարզաձեւերում ամենաուժեղ մարզիկները գալիս են նույն նպատակի հետեւից: Բոլորին նույն մեծ գաղափարն է միավորում:

-Բրազիլացիներին որտե՞ղ խորհուրդ կտաս անպայման այցելել Հայաստանում:

-Անպայման արժե գնալ Լոռվա մարզ, Դիլիջան, Տաթեւ, Սաղմոսավանք ու, իհարկե, Արցախ: Որքան էլ մարդիկ չեն սիրում կապ ունենալ քաղաքականության հետ, պետք է տեսնեն ու հասկանան, որ այն հայկական հող է: Պետք է այցելել նաեւ Ցեղասպանության թանգարան:
Վահան Մխիթարյանը Վահան Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ե՞րբ ես հեռախոսովդ վերջին ագամ լուսանկարվել:

-Քրոջս հետ եմ լուսանկարվել, գնացել էինք «Գայանե» բալետը նայելու:

-Գիտեմ, որ լողորդներին շատ կալորիաներ են անհրաժեշտ: Դու ի՞նչ ես սիրում ուտել:

-Միս ու քաղցրավենիք եմ շատ սիրում, հատկապես՝ շոկոլադե կոնֆետներ:

-Ձեր մարզումներն առավոտյան շատ շուտ են լինում: Ինչպե՞ս ես կարողանում ամեն օր այդքան շուտ արթնանալ:

-Առավոտյան զարթուցիչի հետ կռիվ տալով՝ 6:20 արթնանում եմ: Այնքան է զնգում, որ եղբայրս էլ է արթանում ու ասում՝ դե զզվացրիր, վեր կաց ու գնա: Մինչեւ վարորդական իրավունք ստանալը՝ տաքսիով էի հասնում լողավազան, հիմա մեկ-մեկ հայրիկի կամ էլ պապիկի մեքենայով եմ գալիս, ինձ լավ եմ զգում (ծիծաղում է): Եթե ցերեկը չքնեմ, չեմ դիմանա, մարզումներից հետո մի քիչ անպայման հանգստանում եմ: Իսկ օրս ավարտվում է շատ շուտ, մեր տանն ամենաշուտը ես եմ քնում՝ 22:30-ին:

-Որտեղի՞ց ես քաղում քո ոգեւորությունը:

-Ինքս իմ առաջ սկզբունքներ եմ դնում ու փորձում հասնել դրանց կատարմանը: Հիմա Օլիմպիական խաղերում ցուցանիշս բարելավելն է իմ առաջնային նպատակը:

-Լողորդներից ո՞վ է քեզ համար միշտ օրինակ եղել:

-Ալեքսանդր Պոպովը: Ինձ համար ամենացնցողն այն է եղել, որ ծանր վիրավորվելուց հետո նա ուժ է գտել իր մեջ, մարզվել է ու հասել իր կյանքի նպատակին՝ Օլիմպիական ոսկե մեդալին: Շատ պահեր են լինում, որ չեմ ուզում մարզվել, անիմաստ ցանկությունները գլուխ են բարձրացնում: Հայրիկս թույլ չի տալիս կեսից ամեն ինչ թողնել ու հանձնվել, բացի այդ էլ պատվի հարց է:

-Ռիոյում հայտնի մարզիկներից ո՞ւմ կցանկանաս հանդիպել:

-Ում ուզում եմ տեսնել, բոլորն էլ այնտեղ են լինելու: Ես ամաչկոտ եմ, համոզված չեմ, որ կլուսանկարվեմ նրանց հետ: Բայց եթե հարմար եղավ, կփորձեմ շփվել: Աշխարհի չեմպիոններից, օրինակ, շատերին ճանաչում եմ:

-Եթե 1 մլն դոլար ունենայիր, ինչի՞ վրա կծախսեիր:

-2-րդ միլիոնը ձեռք բերելու:

-Ըստ քեզ՝ ամենահայտնի հայ մարզիկները:

-Արթուր Ալեքսանյան, Արսեն Ջուլֆալակյան, Ալբերտ Ազարյան ու Դավիթ Համբարձումյան:

-Հայկական քո ամենասիրելի անունը:

-Քույրիկիս անունը՝ Մարիամ:

-Խոստովանիր ինչ- որ բան, որ մարդիկ չգիտեն քո մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ընդհանրապես պարապել չեմ սիրում, բայց հետո գլուխ եմ գովում, թե ինչքան շատ եմ արել: Մարզիչն էլ է ասում, որ գալիս եմ լողավազան նվնվում, բայց հետո հո գլուխ չեմ գովում:

-Եվ վերջում ավարտիր նախադասությունները: Ես հաճախ եմ սիրում…

-քնել:

-Մեր օրհներգում ամենաշատը սիրում եմ…

-երաժշտությունը:

-Սպորում ամենակարեւորը մեդալները չեն, այլ…  

-սպորտային մտածելակերպը, որի շնորհիվ տարբերվում ես բոլորից:

-Լողը նախ եւ առաջ…

-հաճույք է:

Վահան Մխիթարյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Նախագծի գործընկեր 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին