Դեկտեմբեր 01, 2024
exclusive
2426 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Արթուր Դավթյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Mediamax Sport-ն իր «Փարիզ-2024» շարքում մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է, որը մասնակցելու է իր 4-րդ Օլիմպիական խաղերին եւ ձգտելու նվաճել 2-րդ մեդալը:

Ծնվել է. 1992 թվականի օգոստսի 8-ին Երեւանում:

Մարզաձեւ. Մարմնամարզություն (հենացատկ):

Անձնական մարզիչը. Հակոբ Սերոբյան:

Ընտանիք. Ամուսնացած եմ, ունեմ 2 դուստր՝ Ալիսան եւ Ադրիանան:

Հոբբի. Սպորտ եմ շատ սիրում, հատկապես՝ ֆուտբոլ խաղալ, բնականաբար, հիմա չեմ զբաղվում, որովհետեւ առաջիկայում Օլիմպիական խաղերն են: Սիրում եմ նաեւ ընկերներիս ու ընտանիքիս հետ Երեւանում կամ քաղաքից դուրս որեւէ տեղ այցելել եւ  բացահայտել մեր սիրուն վայրերը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կրթությունը. Ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

Մարզաձեւի յուրահատկությունը. Բարդությունն է, ընդամենը մեկ փորձ ունենք եւ սխալվելու դեպքում կորցրածը հետ բերել չենք կարող: Մեկ սխալը կարող է ճակատագրական լինել եւ թանկ գին ունենալ: Մենապայքարային ձեւերում բացթողումներդ ուղղելու ժամանակ ունես, մեր պարագայում ոտքը սխալ դնելու դեպքում այն շտկել չես կարողանա:

Կարիերայի ամենատպավորիչ ձեռքբերումը. Բարդ է առանձնացնել, որովհետեւ Օլիմպիական բրոնզ եւ Աշխարհի ոսկի ունեմ: Ինձ թվում է, որ Աշխարհի չեմպիոնությունն ավելի արժեքավոր է, որովհետեւ հաղթող եմ դարձել:

Ամենածանր ու անսպասելի պարտությունը. Շատ են եղել: 2022 թվականի Աշխարհի առաջնությունում 1-ին տեղն էի գրավել, իսկ 2023-ին ոտքի վնասվածքով էի մասնակցել, առաջին օրը լավ ցատկեցի, իսկ եզրափակչում չստացվեց: Ինքս էլ չհասկացա ինչու այդպես եղավ: Ամեն մրցմանը դաս ես քաղում ու փորձում նույն սխալը չկրկնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ելույթից առաջ արարողակարգ. Հատուկ որեւէ բան չեմ անում, ինչպես ամեն անգամ մարզման եմ գնում, նույն կերպ էլ՝ մրցումների: Նույն ժամին արթնանում եմ, սնվում, իհարկե, լարվածությունն է այլ լինում, բայց աշխատում եմ չմտածել պայքարի մասին: Եթե լավ պատրաստ եմ, չարժե շատ անհանգստանալ, երբ պահը գա, վարժությունս հանգիստ կատարելու եմ:

4-րդ Օլիմպիական խաղերը. Առաջին խաղերս 2012-ին Լոնդոնում էին, բավական երիտասարդ էի՝ 19 տարեկան ու առանձնապես շատ բան չեմ հիշում: 2016-ին Ռիոյում իմ նպատակը եզրափակիչ դուրս գալն էր ու հնարավորություն էլ ունեի, պարզապես 2-րդ ցատկը վատ կատարեցի ու գծից դուրս եկա: Տոկիոյում ավելի հասուն էի ու լուրջ պատրաստված, էլի 2-րդ ցատկս մի փոքր վատ ստացվեց, բայց կարեւորը 3-րդ տեղը գրավեցի: Համոզված եմ՝ ավելի լավ ելույթի դեպքում կարող էի նաեւ չեմպիոն հռչակվել: Աստծո կամքով լավ կպատրաստվեմ ու Փարիզում կձգտեմ ոսկե մեդալ նվաճել:

- Արթուր, քո ուժեղ եւ թույլ կողմերը:

- Երեւի թույլ կողմս բարությունն է, ուժեղն էլ նույնը կնշեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Վերջերս ունեցած ամենամեծ ուրախությունը:

- Ամենաշատն ուրախացրել է դստերս ծնունդը: Երկրորդ անգամ հայր դառնալու զգացողությունը մի քիչ այլ էր, թեեւ ավելի թույլ՝ քան առաջինը: Ուրիշ կլիներ, եթե տղա ունենայի: Ադրիանան արդեն մեկ տարեկան է:

- Ամենամեծ վախը:

- Հարազատ կորցնելը:

- Ի՞նչն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:

- Պարզությունն ու մաքրությունը:

- Ի՞նչ է երջանկությունը քեզ համար:

- Երբ հարազատներս, ընկերներս ու ընտանիքս կողքիս են, ինձ թվում է՝ դրանից մեծ երջանկություն չկա:

- Ի՞նչն է քեզ վստահ դարձնում:

-Իմ կողքի մարդիկ:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Երեւանում ամենասիրելի ու հարազատ վայրերը:

- Հիմա ամենաշատն Արամի փողոցն եմ սիրում, ընտանիքով հաճախ ենք լինում, երեխաները զբաղվում են, իսկ մենք ամուսիններով՝ հանգստանում: Արամի այգին գեղեցիկ, հանգիստ ու մաքուր է, բազմաթիվ երեխաներ են վազվզում, մթնոլորտն ուրախ եւ տրամադրող է: Հաճելի է, երբ քո հարազատ քաղաքում քեզ լավ ու դրական ես զգում:

- Քեզ հետ Մանկական երկաթուղի ենք եկել, ե՞րբ էիր վերջին անգամ եղել այստեղ:

- Քանի որ մանկությունս Ռուսաստանում է անցել, այստեղ ընդամենը մեկ անգամ եմ եղել՝ աղջկաս էի բերել ու միասին գնացք նստեցինք, որը հիմա չի աշխատում: Հավանեցի այս վայրը, բայց այն բարեկարգելու եւ գեղեցկացնելու կարիք ունի: Կարող է ընտանեկան հանգստի հիանալի վայր դառնալ, բայց ոչ այս վիճակով ու տեսքով:

- Ինքդ քեզ 3 բառով ինչպե՞ս բնորոշես:

- Բարի, ընկերասեր, շփվող:

- Ամենակարեւոր ձեռքբերումը կյանքում:

- Ընտանիքս է՝ հոգատար կին ու լավ երեխաներ ունեմ:  

- Ամենաշատն ինչի՞ համար ես շնորհակալ:

- Ընտանիքս, ծնողներիս, հարազատներիս ու ընկերներիս:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Կարեւոր իրադարձություն, որ տեղի է ունեցել անձնական կյանքում:

- Երեկ փոքր դուստրս մի քանի քայլ է արել:

- Ի՞նչ է պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար:

- Նախ վարկանիշ է պետք ձեռք բերել, իսկ հետո՝ լավ որակներ ունենալ, շատ աշխատել, մարզչին լսել, չնայել դժվարություններին, որովհետեւ առանց դրանց երբեք էլ ոչինչ չի լինում: Ոչինչ հեշտ չի տրվում, պետք է չարչարվել, պարապել, նպատակ դնել ու ձգտել հասնել առավելագույնին՝ անկախ նրանից, թե ինչ խանգարող հանգամանքներ կան:  

- Ինչո՞ւ են քո կարծիքով խաղերը 4 տարին մեկ անցկացվում:

-Որ ավելի արժեքավոր դառնան ու տպավորիչ լինեն: Նաեւ մարզիկների այդքան երկար սպասումն է ապահովում տոնի զգացողությունը: Թեեւ ես համարում եմ, որ 4 տարին բավական երկար ժամանակ է ու շատ մարզիկների է խանգարում մասնակցել: Ժամանակն իսկապես որոշիչ գործոն կարող է լինել, իմ պարագայում այն դրական ազդեցություն է ունեցել: Երբ 2020-ին քովիդի պատճառով խաղերը հետաձգեցին, մեջքի լուրջ վնասվածք ունեի եւ ցավը ոչ մի կերպ չէր անցնում, այդ ընթացում հասցրի ապաքինվել ու մեդալակիր դառնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ո՞րն է քեզ համար եղել ամենայուրահատուկ ՕԽ-ն։

-Բրազիլիայում այդքան էլ յուրահատուկ չէին կազմակերպել ու որեւէ առումով այդ խաղերն արտասովոր չէին: Առհասարակ բացման արարողությունների չեմ մասնակցել, որ գոնե այդպես տպավորվեի: Սովորաբար իմ մրցումները հաջորդ օրն են լինում ու չեմ կարող 8 ժամ ոտքի վրա անցկացնել: Լոնդոնում ամեն ինչ ավելի բարձր մակարդակի վրա էր, իսկ Տոկիոյում կորոնավիրուսի պատճառով շատ սահմանափակումներ կային, Օլիմպիական ավանից դուրս չէինք գալիս եւ որեւէ բան չենք էլ հասցրել տեսնել:

- Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու ֆրանսիացիները:

- Նախ բարեկամական երկրներ ենք ու ֆրանսիացիները մեզ շատ են օգնել: Այնտեղ ակումբային առաջնությանն եմ մասնակցում, լավ մարդիկ են, մեզ էլ սիրում են: Հնարավոր է երկու ազգերն իրար ջերմությամբ են նման, մնացած առումներով շատ ենք տարբերվում: Ֆրանսիան ընդգծված եվրոպական երկիր է ու այլ մենթալիտետ ունի: Ֆրանսիան շատ եմ սիրում, ամեն անգամ հաճույքով եմ այցելում այդ երկիր:   

Լուսանկարը` Մեդիամաքս


-3 բան, որոնք հատուկ են Փարիզին:

- Էյֆելյան աշտարակը, մարդիկ եւ ուտելիքները:

- Քո սիրելի ֆրանսիական ուտելիքը:

-Կրուասաններն են շատ համեղ, քաղցրակեր եմ ու պարտադիր ուտում եմ:

-Ի՞նչ է առաջինը մտքիդ գալիս Ֆրանսիա ասելիս:

- Էյֆելյան աշտարակն է ու Շառլ Ազնավուրը, որը շատ ճանաչված է Ֆրանսիայում: Երբ այնտեղ իմանում են հայ եմ, միշտ այլ վերաբերմունքի են արժանացնում:

- Սիրելի ֆրանսիացի երգն ու ֆիլմը:

- Ազնավուրի երգերը շատ լավն են, թեեւ ինքս մեքենայում չեմ միացնի, բայց երբ որեւէ ռեստորանում հնչում է, հաճույքով լսում եմ: Ֆիլմերից էլ կառանձնացնեմ «Տաքսի»-ն:

- Ի՞նչ գիտես ֆրանսերենով:

- Խոսակցական մի քանի կարեւոր ու շատ օգտագործվող արտահայտություններ:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչո՞վ է Ֆրանսիան հայտնի աշխարհում:

- Իր պատմությամբ, սիրուն քաղաքներով, յուրահատուկ ու սիրո քաղաք Փարիզով:

- Քանի՞ անգամ է Փարիզն ընդունել Օլիմպիական խաղեր:

- Չգիտեմ (Փարիզն Օլիմպիական խաղեր է կազմակերպել 1900 եւ 1924 թթ., խմբ.):

- Ֆրանսիացի հայտնի մարզիկներ, որոնց երկրպագել ես:

- Իսկական լեգենդ է Զինեդին Զիդանը, հետեւում եմ նաեւ Կիլիան Մբապեի խաղին, որը վերջերս է տեղափոխվել «Ռեալ»:

- Քո սիրելի Օլիմպիական մեդալակիր կամ չեմպիոն հայ մարզիկները:

- Ալբերտ Ազարյանն է: Կարիերայիս մեծ մասն անցել է նրա հետ նույն դահլիճում, տեսել եմ, թե նա ինչպես է ամեն անգամ մարզվում մեր թիմի հետ ու նրանով շատ եմ տպավորվել: Եռակի Օլիմպիական չեմպիոն է եղել, Եվրոպայի ու Աշխարհի բազմակի հաղթող, շատ տիտղոսակիր ու ուժեղ մարզիկ էր: Հաճելի է, որ հենց նրա անվան մարզադպրոցում եմ պարապում: Երբեք չեմ մոռանա, որ մինչեւ առողջական վիճակի վատանալը մեզ հետ հավասար պարապում էր, իհարկե, ավելի հեշտացված ծրագրով:  Սպորտից կտրվելը  դժվար է, մեկ-մեկ հոգնում եմ ու ցանկանում ընդհանրապես մարզադպրոց չգնալ, բայց հենց 2 օր ազատ եմ լինում, կարոտում եմ ու պակասը զգում: Չեմ պատկերացնում, որ սպորտը թողնելու ժամանակը գա, ինչպես եմ կարողանալու: Ամբողջ կյանքս մարմնամարզությամբ եմ զբաղվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ համաշխարհային սպորտից ո՞ւմ կնշես:

- Շատ մարզիկներ կան, բայց ինձ համար առանձնանում է ու շատ յուրահատուկ է ճապոնացի Կոհեյ Ուչիմուրան: Մեր սպորտաձեւում այդպիսի մարզիկ չի եղել, որ 2 շրջափուլ շարունակ Օլիմպիական խաղերում ու Աշխարհի առաջնություններում բացարձակ չեմպիոն հռչակվի: Իսկապես անգերազանցելի ու նմանը չունեցող էր:

- Եթե հնարավորություն ունենայիր, ո՞ր Օլիմպիական խաղերին կմասնակցեիր:

- Կուզեի ժամանակի մեջ ճանապարհորդել ու հայտնվել առաջին Օլիմպիական խաղերում: Պատկերացնում եմ, թե որքան հետաքրքիր ու յուրահատուկ կլինեին:

- Քո որակներից ո՞րը կուզեիր էլ ավելի ուժեղացնել:

- Ինձ թվում է ամեն ինչն էլ բավարար է, բոլորն էլ թերություններ ունեն, առանց դրանց չի լինում:

- Ինչի՞ց է կազմված հաղթանակը:

- Աշխատասիրությունից: Պետք է աշխատես, որ հասնես նպատակիդ, միայն սպորտում չէ այդպես, կյանքում էլ առանց չարչարվելու եւ տանջվելու հնարավոր չէ հասնել ուզածիդ:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Պարտությունների տված դասերը:

- Ամեն չստացված ելույթից հետո տեսնում ես սխալներդ ու վերլուծում դրանք, միշտ աշխատելու ու շտկելու տեղ ունես: Սխալները պետք են, որ կատարելության ձգտենք: Մենք ռոբոտ չենք, որ ծրագրով աշխատենք, այլ կենդանի մարդիկ, դրա համար էլ առանց սխալների հնարավոր չէ: Բայց ամենակարեւորն այն է, որ մարդու համար սահմանափակումներ չկան, թվում է որեւէ բան գերազանցել հնարավոր չէ, բայց մի քանի տարի անց նոր մարզիկ է հայտնվում ու ավելի բարդ հնարք կատարում, նայում ես ու զարմանում: Սպորտն ու կյանքը միշտ էլ այդպես կատարելագործվելու են, որովհետեւ մարդ արարածը եղածով չի բավարարվում, նրա համար սահմաններ չկան ու ձգտման արդյունքում նոր բաներ է յուրացնելու:

- Ինչպիսի՞ն է Հայաստանի Օլիմպիական հավաքականը, որն այս անգամ թվով ավելի փոքր է:

- Չնայած այն մեծաքանակ չէ, բայց ավելի որակով է: Աստծո կամքով բոլորս էլ լավ մասնակցենք ու շատ մեդալներով վերադառնանք: Ճիշտ է, շատ դժվար է լինելու, բայց կփորձենք մեր երկրի պատիվը բարձր պահել, որովհետեւ բոլորս էլ չարչարվել ենք ու մոտեցել Օլիմպիական խաղերին, բնականաբար, ոսկի ենք ուզում, բայց ցանկացած մեդալն էլ հաջողություն կլինի: Կաշխատենք Փարիզում ամենաբարձր աստիճանին կանգնել, բայց սպորտում ոչինչ նախապես չես կարող պլանավորել:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Օլիմպիական խաղերի մեծ փորձ ուենս, ի՞նչ խորհուրդ կտաս նորեկներին:

- Առաջնայինը չարչարվելն ու դժվարությունների առաջ կանգ չառնելն է, եթե նպատակ ունեն մեդալ նվաճել: Շատ բարդ ու դժվար ճանապարհ է սպասվում, պետք է փորձել ամեն ինչ հաղթահարել: Պարտավոր են շատ ավելին անել, քանի որ մեկ բան է տանը լավ ելույթ ունենալ, մեկ այլ՝ նման խոշոր մրցաշարում: Լարվածությունը կարող է խեղճացնել, ուժերը քաշել եւ թուլացնել, պիտի մի գլուխ ավել պատրաստ լինել, որ քեզ ոչինչ չկարողանա խանգարել: Ինձ վրա եմ զգացել, երբ շատ լավ մարզավիճակում եմ եղել, անգամ խեղդող ու ճնշող ադրենալինը կարողացել եմ հավասարակշռության մեջ պահել, եւ ամեն ինչ ստացվել է: Նաեւ պետք է չմոռանալ, որ մրցակիցներն էլ իրենց չեն խնայում լավագույնս ներկայանալու համար, եթե նպատակները մեծ են, ոչ մի դեպքում թուլանալու իրավունք չունենք:  

Արթուր Դավթյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, եռակի արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր,
Աշխարհի ու Եվրոպական խաղերի չեմպիոն
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշխարհի կրկնակի բացարձակ Գավաթակիր։

Արթուր Դավթյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին