Փետրվար 11, 2026
57 դիտում

6 մլն դրամ բյուջեով բասկետբոլի Եվրասիական լիգային կմասնակցի 7 թիմ


Լուսանկարը` BC Urartu


Փետրվարի 16-21-ը Երեւանի նախկին «Միկա» մարզահամալիրում կայանալու է բասկետբոլի Եվրասիական լիգա-Երեւանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը:

6 մլն դրամ մրցանակային ֆոնդով մրցաշարին մասնակցելու է 4 երկրի 7 թիմ՝ Հայաստանից «Ուրարտու»-ն, «Հատիս»-ն ու «Էրեբունի»-ն, ԱՄՆ-ից՝ «Փայթս»-ը, վրացական «Օրբի»-ն, լիբանանյան «Հուփս»-ը եւ ղազախական «Բարսի»-ն:

Եվրասիական լիգայի եւ «Ուարարտու»-ի նախագահ Կարեն Գիլոյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ մրցաշարն Արա Պողոսյանի հետ սկսել են կազմակերպել 2019 թվականից, սակայն հետագայում քովիդով պայմանավորված դադար է եղել ու հիմա որոշել են վերսկել այն:

«Սա շատ լավ հնարավորություն է շփվել բարձրակարգ թիմերի հետ եւ մեր ակումբների որակը հասկանալ: Միմյանց միջեւ էլ մեր թիմերը բավական լարված պայքար են ծավալում, լավագույն վկայությունը վերջերս կայացած «Ուրարտու»- «Հատիս» խաղն է, որում հավասար պայքարում հաղթեցինք: Դրա համար ուզում ենք հասկանալ, թե որքանով ենք մարտունակ միջազգային ասպարեզում: «Ուրարտու»-ն նպատակ ունի մասնակցել եվրագավաթներին, եթե լավ մասնակցենք, հանդես կգանք Չեմպիոնների Լիգայում, եթե թույլ լինենք, այլ որոշում կկայացնենք»,- պարզաբանել է նա:

Գիլոյանի խոսքով, Եվրալիգայի կազմկոմիտեի նախագահ Պողոսյանը որպես մրցակիցներ ուժեղ թիմերի է ընտրել, որպեսզի հայկական ակումբներն իրենց ուժերը ճիշտ գնահատեն. ««Ուրարտու»-ն եվրագավաթներին չի մասնակցելու միավորներ բաժանելու համար, հանդես կգանք այն դեպքում, երբ համոզված լինենք, որ 6-ից գոնե 2-3 խաղերում հաղթանակ կգրանցնեք: Անհնար է միանգամից հաջողության հասնել, քանի որ մեր բյուջեն սահմանափակ է, բայց կավելացնենք: Ակումբում Հայաստանի հավաքականից 5 բասկետբոլիստ ունենք, ուժեղ մրցաշարում հանդես գալու դեպքում նորերն էլ կմիանան մեզ, ինչը կուժեղացնի նաեւ մեր ընտրանին»:

Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանն էլ ավելացրել է, որ 3-րդ տարին են անցկացնում բասկետբոլային մրցաշար, այս անգամ՝ մեծահասակների.

«Բասկետբոլի ֆեդերացիայի հետ տարատեսակ միջոցառումներ ենք կազմակերպում, պլանավորում ենք այս տարի մանկապարտեզներում ուսումնական ծրագիր իրականացնել: Իսկ  «Ուրարտու»-ի սերբ մարզիչը քաղաքի մարզադպրոցների բասկետբոլի մարզիչների հետ վարպետության դասեր է անցկացնում: Խաղային մարզաձեւերը մեր ուշադրության կենտրոնում ենք պահում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին