Աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը սպորտ է վերադառնում նոր նախաձեռնությամբ ու մեծ ոգեւորությամբ։
«Ավդալյան հիմնադրամ»–ի սկիզբը դրվել է գարնանը, ապա այն արդեն դարձել ավելի առարկայական ու այսօրվանից ներկայացվել նաեւ հանրությանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Իմ ամբողջ կյանքի երազանքն է, որը կամաց–կամաց դարձավ նպատակ ու հիմա արդեն իրագործվում է։ Իմ նպատակն է սպորտը զարգացնել համաչափ, օգտագործել մարզերում եղած ներուժը։ Ես այս ընթացքում շատ եմ շրջել տարբեր բնակավայրերով ու տեսել եմ, որ բավական լավ երեխաներ ունենք, պարզապես պետք է նրանց համար հնարավորություններ ստեղծել, որպեսզի կարողանան մարզվել, կրթվել ու դառնալ լավ մարզիկներ։ Առաջին նախագիծն իրականացնելու ենք Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղում։ Այդ գյուղը կարելի է ասել գտնվում է խաչմերուկում ու այնտեղ 23 տարբեր այլ գյուղերից եկող հասարակական տրանսպորտ կա։ Այնտեղ սպորտային համալիր կառուցելով՝ կլուծենք նաեւ շրջակա այլ բնակավայրերի երեխաների ներգրավման հարցը»,– ասել է Նազիկ Ավդալյանը։
Փանիկում հիմնադրամին տրամադրվել է տարածք, որտեղ կառուցվելու է սպորտային մեծ համալիր։ Այնտեղ կլինեն ծանրամարտի, ըմբշամարտի, բռնցքամարտի, սպորտային եւ ավանդական պարերի դահլիճներ, լողավազան։ Նախագծի հեղինակն Անահիտ Թարխանյանն է։ Այն բացի սպորտային համալիր լինելուց, ունենալու է նաեւ կանաչապատ մեծ տարածք, քանի որ շատ են կարեւորում նաեւ էկո–համակարգի ստեղծումը։ Երեխաները բացի մարզումներից կկարողանան նաեւ կրթություն ստանալ ու լեզուներ սովորել։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ինձ համար շատ կարեւոր է համապարփակ սպորտի զարգացումը, դրա համար հետագայում կարող ենք նաեւ թիմային մարզաձեւեր ներառել ու ընդլայնել շինությունը։ Քանի որ հիմնադրամի համար գումարներ հավաքելն ընթացքի մեջ է, աշխատանքները կանենք փուլ առ փուլ։ Շատ կարեւոր է պետության ներգրավվածությունը, մարդկանց ակտիվ մասնակցությունը, բարերարների ու սփյուռքի աջակցությունը։ Ես ուզում եմ, որ այս նախագիծն ազգային լինի եւ հենց ամբողջ ազգի ջանքերի շնորհիվ այստեղից դուրս գան Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոններ»,–ավելացրել է նա։
Ըստ Ավդալյանի՝ 5 տարում ծրագրում են նմանատիպ կառույցներ ունենալ 5 մարզում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: