Մայիս 14, 2025
439 դիտում

Ադրբեջանական հերթական սուտը․ Լրիվ կույր ձեւացող պարալիմպիկ չեմպիոնը ցմահ որակազրկվել է


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Ադրբեջանի սպորտային կառույցներից հերթականը, որը հայտնվել է սկանդալային իրադարձությունների կենտրոնում, Պարալիմպիկ կոմիտեն է։

Աստանայում ընթացող պարաձյուդոյի Աշխարհի առաջնությունում որակազրկվել է երկու ադրբեջանցի ձյուդոյիստ, որոնցից մեկը Տոկիոյի Պարալիմպիկ խաղերի չեմպիոն Շահանա Հաջիեւան է։ Նրանք բժշկական ստուգումների ժամանակ չեն կարողացել ապացուցել իրենց առողջության կարգը։ Հաջիեւային որակազրկել են ցմահ։

Championat.com-ի տեղեկություններով, Հաջիեւան ըստ բժշկական փաստաթղթերի ունեցել է տեսողական լուրջ խնդիրներ ու հանդես է եկել J2 կարգում (այստեղ մարզիկներն են, ովքեր տեսնում են 60%-ից պակաս)։ Սակայն ԱԱ-ի ժամանակ կատարած հետազոտությունները պարզել են, որ մարզուհին շատ ավելի լավ տեսողություն ունի։ Այսքանով ադրբեջանցիների համար տհաճ իրադարձությունները չեն ավարտվել։ Պարզվել է, որ լրիվ կույր համարվող Էլնարա Նիզմալին զանազանում է լույսն ու մութը։ Դրանով պայմանավորված նա J1 կարգից (ամբողջովին կույր) տեղափոխվել է J2։

Լուսանկարը` Getty Images


Ադրբեջանական կողմը երկար ժամանակ չի արձագանքել, սակայն սկանդալի հնչեղության պատճառով ամեն դեպքում որոշել է հանդես գալ հայտարարությամբ։ Այդ երկրի Պարալիմպիկ կոմիտեից Azerisport-ին հայտնել են, որ նման բան տեղի է ունեցել պարաձյուդոյի կարգերի փոփոխություններով պայմանավորված, որոնք իրենք դեռ հանգամանալից չեն տիրապետել․ «Մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը՝ հարմարվելու բժշկական նոր որակավորմանը»։

Հետաքրքիրն այն է, որ այդ փոփոխությունները տեղի են ունեցել շատ ավելի վաղ եւ ուժի մեջ են մտել 2022 թվականի հունվարի 1-ից։ Կարգերը 3-ից դարձել են 2-ը, ամեն ինչ ավելի է խստացվել ու հարց է առաջանում՝ իսկապե՞ս 3 տարում ադրբեջանցիներն այդպես էլ չեն իմացել դրա մասին։

Հաջիեւան հենց նոր կանոնների ընդունումից հետո մասնակցել է մրցաշարերի ու մեդալներ նվաճել։ Նա 2022-ի Բաքվի եւ 2023-ի Բիրմինգհեմի Աշխարհի առաջնություններում գրավել է 3-րդ տեղը, իսկ 2023-ին Ռոտերդամում դարձել Եվրոպայի չեմպիոն։

Հիմա պարալիմպիկ շարժմանը հետեւող բազմաթիվ մարդկանց հուզում է, թե մի՞թե նրան այդ մրցումներում ոչ ոք չի ստուգել։ Մի բան հաստատ է, որ պարալիմպիկ սպորտի նկատմամբ վերաբերմունքը նման միջադեպերից հետո սկսում է փոխվել։ Արդեն քննարկվում են, որ միգուցե նաեւ այլ մարզիկներ են խաբեությունների դիմել ու պայքարել իսկապես խնդիրներ ունեցող մրցակիցների դեմ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին