Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կարծում է, որ 2024-ն իր թիմի համար հաջողված էր, սակայն կարող էին հասնել ավելիին։
«Ամեն ինչ ավելի լավ կլիներ, եթե Օլիմպիական ոսկի ունենայինք։ Բայց էլի գոհ եմ, որովհետեւ Հայաստանը երբեք արծաթե մեդալ չէր նվաճել, իսկ Արթուր Դավթյանը, որը Տոկիոյում երրորդն էր, այս տարի դարձավ երկրորդը։ Ունեցանք երիտասարդների Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր։ Մենք ենք սահմանում մեր նշաձողը, ոչ ոք մեզ չի պարտադրում, որովհետեւ գիտեն, թե ինչպիսի պայմաններում ենք մարզվում։
Հաջորդ տարվանից սկսում ենք պատրաստվել 2028-ի Օլիմպիական խաղերին։ Արթուր Դավթյանից բացի, այլ մասնակից էլ եմ տեսնում խաղերում։ Մարմնամարզությունում տեղի ունեցան փոփոխություններ, մեծահասակները երիտասարդների պես 8 տարր պետք է կատարեն։ Այնպես որ, Համլետ Մանուկյանի հնարավորությունները մեծահասակների պայքարում մեծանում են։ Նա օրեր առաջ մեծահասակների առցանց մրցաշարի մասնակցեց եւ հաղթող դարձավ։ Վարժությունը մի քիչ կբարդացնենք եւ արդեն կարող է պայքարել ցանկացածի դեմ:
Բոլոր սպորտային լրագրողներն էլ գիտեն, թե ինչ դժվարություններ ենք հաղթահարում, որպեսզի հասնենք ինչ-որ բանի։ Գաղտնիք չէ, որ մարզումային պայմաններ չունենք։ Կառավարությունը խոստացավ, որ նոր մարզադպրոց կունենանք ու կկարողանանք պատրաստվել 2027-ին Հայաստանում նշանակված Եվրոպայի առաջնությանը։ Չնայած մեծ կասկածներ ունեմ, բայց դեռ հավատում եմ, որ այն կունենանք։
Երիտասարդների Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններ 2025-ին չենք ունենալու, դրա համար էլ մեր երիտասարդներին կփորձարկենք մեծահասակների պայքարում։ Իհարկե, առաջին հերթին փորձ ձեռքբերելու համար են նրանք ելույթ ունենալու, բայց ես ակնկալիքներ էլ ունեմ։ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը բազմամարտիկներ են եւ կարող են տարբեր գործիքների վրա էլ լավ դրսեւորվել»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: