Մայիս 10, 2025
890 դիտում

ԿԳՄՍ-ն ու ՀԱՕԿ-ը համատեղ պատրաստվում են Փարիզ-2024-ին


Լուսանկարը` Reuters


Այսօր ԿԳՄՍ-ի փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտնել է, որ այս տարի Հայաստանում 6 խոշոր մրցում է անցկացվել, որոնց տարբեր հարթակներում հետեւել է 220 մլն մարդ:



Նա նշել է, որ 2024 թվականի համար մի շարք հայտեր են ներկայացրել, իսկ 2025-ի համար բանակցություններ են վարում։

«Անցկացրել ենք մարզիչների ատեստավորում, որով զարկ կտանք աշխատավարձերի բարձրացմանը։ Փոփոխություններ ենք կատարել կառավարության որոշումներում եւ լավ գումարներ ենք տրամադրում մարզիկներին ու մարզիչներին։ Ցանկանում ենք աշխատավարձ նշանակել նաեւ այն մրցավարներին, ովքեր կսպասարկեն միջազգային մրցումներ։ Նրանց որակը եւ թիվը ավելանալու դեպքում կընդգրկվեն մրցավարական հանձնաժողովներում»,-ասել է Գիլոյանը։

Նա խոսել է հրաձգության մասին, մարզաձեւը զենքերի ներկրման հետ կապված Հայաստանում անընդհատ խնդիրների է բախվում։ Ըստ փոխնախարարի՝ քննարկումներ են ունենում ԱԺ-ում ու Ներքին գործերի նախարարությունում՝ պատրաստելով օրենսդրական փոփոխություններ։

«Ցանկանում ենք Հայաստանում ընդունել հրաձգության Եվրոպայի առաջնություն։ Եթե զենքերի հետ կապված հարցերը մեր երկրում չփոխենք, այն չենք կարող ընդունել, որովհետեւ մասնակիցներն ի վիճակի չեն լինի զենքերը բերել այստեղ։ Մարզաձեւի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, հարկավոր է լուծել նաեւ այդ հարցը»,-ավելացրել է նա։

Ըստ Գիլոյանի՝ մեծ հավանականությամբ Օլիմպիական խաղերի ուղեգիր կունենա նաեւ հրաձիգ Բենիկ Խլղաթյանը։ Էլմիրա Կարապետյանն արդեն ապահովել է մասնակցությունը, եթե Խլղաթյանի վարկանիշն էլ հաստատվի, նրանք Փարիզում կմասնակցեն թիմով։

«Այս տարի Աշխարհի չեմպիոն չունեցանք, սակայն եղան մեդալակիրներ ու Եվրոպայի առաջնության չեմպիոններ։ Կարծում եմ, որ մեդալակիր դարձած մեր մարզիկները կարող են դառնալ Օլիմպիական չեմպիոններ։ ՀԱՕԿ-ի հետ աշխատում ենք ու պատրաստվում խաղերին»,-եզրափակել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին