Հայաստանի ԿԳՄՍ-ի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ներկայացրել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտների 2024-2030 թթ. ռազմավարությունը:
Նա նշել է, որ մինչեւ 2030 թվականը շարունակելու ենք կառուցել մարզական ենթակառուցվածքներ Երեւանում ու Հայաստանի մարզերում:
«Ավելի լավ է մարզադպրոցներ կառուցել, քան հիվանդանոցներ, ինչը կնպաստի առողջ հասարակություն ունենալու հարցում: Այն ինչ անում են մեր մարզիկներն իրազեկ մասնագետների գլխավորությամբ հերոսություն կարելի է անվանել, արդեն 435 մեդալ ունենք, ընդ որում՝ առաջիկայում դեռ մրցումներ կան ու դրանցից լուրջ ակնկալիքներ ունենք»,- ասել է Գիլոյանը:
Նա շեշտել է, որ ենթակառուցվածքների առումով Հայաստանը շատ խեղճ վիճակում է գտնվում, բայց կփորձեն այդ բացը լրացնել: Շուտով Արմավիրի մարզում շահագործման կհանձնվի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցը, 2024-ին Երեւանում պատրաստ կլինեն գեղարվեստական մարմնամարզության եւ հեծանվասպորտի մարզադպրոցները, իսկ մեկ տարի անց՝ Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը:
«Այն վերաճեց հսկայական մարզահամալիրի եւ կծառայի ամենաբարձր մրցումներ անցկացնելու համար: 3000 տեղանոց մարզադահլիճ կունենա, արդեն մտածում ենք այնտեղ ըմբշամարտի միջազգային մրցաշար կազմակերպելու մասին: Վանաձորում կկառուցվի Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցը, Ստեփան Սարգսյանի ծննդավայր Շամուտում կլինի նրա անվան կառույց, ծրագրել ենք մարզահամալիրներ ունենալ նաեւ Եղեգնաձորում եւ Բերդում: Հայաստանի շատ համայնքներում կլինեն այդպիսի կառույցներ, որոնք կունենան լողավազան, մարզումային եւ մրցումային դահլիճներ: Կգա ժամանակ, որ բոլոր մարզերում մարդիկ կկարողանան պրոֆեսիոնալ սպորտով եւ ֆիտնեսով զբաղվել, առողջ ապրելակերպ վարել, ինչը կօգնի թափ հաղորդել մասսայական սպորտին եւ մեծ նվաճումների հասնել»,- ավելացրել է նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ Ալբերտ Ազարյանի մարզադպրոցը Երեւանի քաղաքապետարանն է կառուցելու, եւ պետք է հասցնի մինչեւ 2027 թվականը, քանի որ մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն այնտեղ է կայանալու։ Իսկ եթե որոշվի մրցաշարն անցկացնել Մարզահամերգային համալիրում, այն որպես մարզումային դահլիճ կծառայի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: