Ապրիլ 27, 2024
exclusive
1229 դիտում

Վահագն Հարությունյան․ Ա-լիգայի վերսկսումը չափազանց սպասված էր


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` A-league

Լուսանկարը` A-league

Լուսանկարը` A-league


Մայիսի 26-ից մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի Ա-լիգան, որին այս տարի մասնակցում է վեց թիմ՝ «Ուրարտու»-ն, ԲԿՄԱ-ն, «Արթիկ»-ը, «Էրեբունի»-ն, «Դվին»-ը եւ ՖԻՄԱ-ն։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը Mediamax Sport-ի հետ զրույցում ասել է, որ լիգայի վերսկսումը չափազանց սպասված է եղել։

Լուսանկարը` A-league


«Հայաստանի լավագույն բասկետբոլիստները խաղում են Ա-լիգայում, որոնց միացել են նաեւ մի շարք արտասահմանցիներ։ Ֆորմատը փոխվել է, թիմերը հանդիպման ընթացքում պետք է պարտադիր 3 տեղացի խաղացող ունենան։ Մենք աստիճանաբար ցանկանում ենք հասնել նրան, որ լինի 4+1, այսինքն 4 տեղացի եւ 1 արտասահմանցի։ Տեղյակ եմ, որ ակումբները լավ աշխատանք են կատարել, բավական ուժեղ թիմեր են ձեւավորել։ Մի քանի օր անց, երբ արդեն բոլորին կտեսնենք խաղի մեջ, ավելի հստակ կկարողանանք գնահատականներ տալ»,-ասել է Հարությունյանը։

Լուսանկարը` A-league


Նա գտնում է, որ Հայաստանի հավաքականի համար ԱՄՆ մեկնելուց ու Ֆրանսիայի դեմ խաղալուց առաջ կարեւոր էր, որ տեղացի բասկետբոլիստները փորձ ունենային։ Այդ հնարավորությունը նրանց տվել է Ա-լիգան, որտեղ, լարված պայքար ծավալելով, նրանք կկարողանան մարզավիճակ հավաքել։

Լուսանկարը` A-league


«Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունները մի քանի օր առաջ ավարտեցինք։ Եզրափակիչներում դահլիճը լեփ-լեցուն էր լինում, մարդիկ մեծ հաճույքով գալիս էին հետեւելու։ Դրանք պատանեկան առաջնություններ էին, իսկ սա արդեն մեծահասակների է եւ կարծում եմ, որ այստեղ եւս երկրպագուները պետք է գան ու դիտեն գեղեցիկ հանդիպումներ։ Ա-լիգան խթանում է մեր երկրում բասկետբոլի զարգացմանը։ Այն պատանիները, ովքեր խաղում էին Հայաստանի առաջնություններում, տեսնելով նաեւ մեծերի պայքարը, ավելի են ոգեւորվում։ Իսկ սա նշանակում է, որ նրանք շարունակելու են մարզվել ու հետագայում համալրել մեր ազգային հավաքականը»,-ավելացրել է ֆեդերացիայի փոխնախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին