Ապրիլ 25, 2024
1044 դիտում

Մարզիչն ամփոփել է մարմնամարզիկների հաջող ելույթներն Աշխարհի գավաթի փուլերում


Լուսանկարը` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա


Հայաստանի մարմնամարզության հավաքականն Աշխարհի գավաթի Գերմանիայի եւ Կատարի փուլերից հետո վերադարձել է Հայաստան:
Թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփել է մրցաշարերը, որտեղ նրա սաները նվաճել էին 4 մեդալ:

Հակոբ Սերոբյան

«Նախորդ տարվա համեմատ մրցակցությունն ուժեղ էր, հատկապես՝ հենացատկում, նժույգթափերում եւ օղակներում: Դոհայի հենացատկի լավագույն եռյակը նույն Աշխարհի առաջնության մեդալակիրներին էին, պարզապես մի փոքր այլ դասավորությամբ:

Արթուր Դավթյանը երկու մրցման ժամանակ էլ ոսկե մեդալակիր դարձավ ու ցույց տվեց, որ Աշխարհի չեմպիոնն ինքն է: Ուրախ ենք, որ նրա մոտ արդեն ձեւավորվել է չեմպիոնի հոգեբանություն:

Լուսանկարը` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա


Ոսկե մեդալները կարեւոր էին, գլուխներս բարձր հետ եկանք: Ադրբեջանում կայանալիք 3-րդ փուլին չեն մասնակցի, իսկ Եգիպտոսում, որտեղ կլինի 4-րդը, հանդես կգանք: Վստահ եմ, որ այնտեղ Արթուրը կրկին հաջող ելույթ կունենա ու կդառնա Աշխարհի գավաթի բոլոր փուլերի հաղթող:

Գերմանիայում Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը մեզ անակնկալ մատուցեցին: Նժույգթափերում Գագիկը գրավեց 2-րդ տեղը եւ բարձր գնահատական ստացավ: Նա դեռ շատ երիտասրադ է ու վերջին շրջանում չէր կարողանում լավ հանդես գալ, ուրախալի է, որ նման հաջողություն գրանցեց:

Արթուրն էլ օղակների վրա լավ պայքարեց ու բրոնզե մեդալկիր դարձավ՝ ուրախացնելով բոլորիս:

Լուսանկարը` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա


Կուզեի մի խնդրի մասին խոսել, որի առաջ կանգնեցինք Դոհայում: Երկար թռիչքներով հասանք մրցավայր ելույթներից ընդամենը մեկ օր առաջ: Թիմի բոլոր անդամներին հրավեր ուղարկվել էր, սակայն օդանավակայանում մարզիչներից Հայկ Նազարյանին հայտնեցին, որ նա չի կարող մտնել երկիր 5 տարով արտաքսված լինելու պատճառով: Պատճառ այդպես էլ չեն հայտնել, Հայկը 2018-ին Դոհայում մրցման է մասնակցել ու ամեն բան նորմալ է եղել: Մեր ֆեդերացիայի նախագահը նամակ կգրի ու կփորձի ճշտել, թե ինչու նման բան տեղի ունեցավ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին