Ապրիլ 26, 2024
2660 դիտում

Մեկ կադրում. Ազարյանական լեգենդար խաչի ստեղծման պատմությունը


Լուսանկարը` https://www.armmuseum.ru/


Եռակի Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանն անհավանական կարիերա է ունեցել, մասնակցել է մրցումների 49 երկրներում, նվաճել 45 ոսկե, 42 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:

Այսօր պատմելու ենք 92-ամյա չեմպիոնի ամենահայտնի տարրի՝ Ազարյանական խաչի ստեղծման պատմությունը: Հենց այդ դրվագն էլ տեղ է գտել Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում:

Ալբերտ Ազարյանը շուտ է կորցրել հորը, եւ ընտանեկան հանգամանքները ստիպել են նրան թողնել ուսումը: Նա ամբողջ օրն աշխատել է դարբնոցում, ինչից հետո նոր միայն երեկոյան կարողացել գնալ դպրոց:

«Երկու դարբնի մուրճ էի խփում: Չնայած աշխատանքն անտանելի ծանր էր, բայց մեծ բավականություն էի ստանում: Ֆիզիկապես շատ կոփվեցի, այդ աշխատանքին եմ շնորհակալ սպորտային հաջողություններիս համար: Հիմա երբ հարցնում են, ինչպես կատարել ազարյանական խաչը, ասում եմ՝ դարբնի աշակերտ դարձեք»,- Mediamax Sport-ին պատմել է նա:



Ազարյանական խաչի ստեղծումը շատ հետաքրքիր պատմություն ունի: 1953 թվականին Սովետական միության առաջնությունն անցկացվեց Լենինգրադում, որի ժամանակ էլ Ազարյանը կատարեց խաչն ու ապահովեց իր տեղը ԽՍՀՄ-ի հավաքականում՝ իրավունք ստանալով մասնակցել Աշխարհի առաջնությանն ու Օլիմպիական խաղերին: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէր, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

Ազարյանին որակազրկում էր սպառնում օղակների վրա վարժությունը կատարելու ընթացքում մրցավարերի հետ խոսելու համար:

«Առաջնությանը մասնակցում էին նաեւ Օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանն ու կինս՝ Լիզան: Հայաստանի թիմը ուժեղ էր, սակայն մեզ միտումնավոր ցածր էին նշանակում, որ չկարողանանք հաղթողի կոչումը նվաճել: Մարզիչն ասաց, որ խաչերը պետք է 3 վարկյան պահել: Վերջում իմ ելույթն էր, ու 4 մրցավար էր այն դատում՝ 2-ը կանգնած էին իմ առջեւում, 2-ը՝ հետեւում: Վարժությունը սկսեցի մեծ ոգեւորությամբ ու յուրքանչյուր մրցավարին առանձին հարցրնում էի՝ «Բավակա՞ն է պահել», նրանք էլ պատասխանում էին՝ այո, կամ էլ գլխով անում ու քմծիծաղում: Այդ խաչը պատահաբար կատարեցի, այն կարծես իմ պատասխանը լիներ մրցավարների գործողություններին»,- խոստովանել է Ազարյանը:

Լուսանկարը` ria.ru


Այդ արարքի համա նրան որակազրկում էր սպառնում ու թվում էր՝ խուսափելն անհնար կլինի: Իրավիճակը փրկեց մրցավարներից մեկը, որը բարձրաձայնեց հայ մարմնամարզիկի կատարած նոր տարրի մասին ու գովասանքի խոսքեր ասաց:

Այդ ժամանակ էլ որոշվեց Ազարյանին հրավիրել ԽՍՀՄ-ի հավաքական:

Աշխարհի առաջնությունում նա կրկին կատարեց այդ հնարքը, ու վարժության սկիզբն էլ, խաչերն էլ անվանակոչեցին իր անունով՝ «Ազարյանական թեք խաչ» ու «Ազարյանական սկիզբ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին