Ապրիլ 27, 2024
2606 դիտում

Մեկ կադրում. ԱԱ-2002-ի եզրափակչում Ռոնալդոյի գոլերն Օլիվեր Կանի դարպասին


Լուսանկարը` bleacherreport.com

Լուսանկարը` bleacherreport.com


Աշխարհի կրկնակի չեմպիոն, ՖԻՖԱ-ի վարկածով 3 անգամ լավագույն ֆուտբոլիստ ճանաչված ու ԱԱ-ի եզրափակիչ փուլի լավագույն ռմբարկու Ռոնալդոյի մասին պատմելը բնավ էլ հեշտ չէ:

Նրա կարիերայում այնքան հիշարժան դրվագներ ու ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել, որ բոլորի մասին հիշելն անհնար կլինի: Դրա համար ընտրել ենք 2002 թվականին կայացած Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման դրվագներից մեկը:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում այսօր վայելելու ենք Ֆենոմենոյի հիանալի գոլերը:

2002 թվականին Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը 5-րդ ու նաեւ վերջին անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն, դրանում իր մեծ դերակատարումն ունեցավ Ռոնալդոն:

Յոկոհամայի ստադիոնում կայացած խաղում միմյանց դեմ մրցեցին Գերմանիայի ու Բրազիլիայի հավաքականները: Երկու գոլերն էլ եզրափակչում իր հաշվին գրանցեց Ռոնալդոն՝ աչքի ընկնելով 67-րդ ու 79-րդ րոպեներին:



Ահա թե ինչ է այդ գնդակների մասին հիշել նա, ով 8 գոլով դարձել է այդ առաջնության լավագույն ռմբարկուն:

«Չեմ կարող իմ կարիերայում խփած լավագույն գոլերից ընտրել միայն մեկը, դրանք երկուսն են: Խփել եմ 2002 թվականի ԱԱ-ի եզրափակչում ու երկուսն էլ Օլիվեր Կանի դարպասին: Դրանք ամենագեղեցիկը չէին, բայց առավել քան արժեքավոր էին: Ամեն օր չէ, որ կարողանում ես հաղթել Աշխարհի առաջնությունում ու բացի այդ էլ գոլ խփում:

Այդ գնդակներն իմ ու ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն էին: Երկու տարի շարունակ փորձել էի ապաքինվել վնասվածքից, Աստված Բրազիլիայի համար խնայել էր ինձ: Գոլերն ընտանիքիս նվիրեցի ու ֆիզիոթերապեւտիս, որն ինձ հետ հավասար պայքարել էր:

Լուսանկարը` bleacherreport.com


Աշխարհի առաջնությունում մենք հիանալի հավաքական ունեինք: Լավագույնը, որում ես երբեւէ հանդես եմ եկել: Ռիվալդո, Ռոնալդինյո, Ռոբերտո Կառլոս, Կաֆու եւ էլի շատերը: Այդ հավաքականն ամեն րոպե կարող էր գոլ ստեղծել: Դրա համար էլ մենք հաղթեցինք 7 անընդմեջ խաղում ու Աշխարհի չեմպիոն հռչակվեցինք»,- Sport Weekend-ին խոստովանել է բրազիլացին:

Չնայած նրա գնդակների շնորհիվ Բրազիլիան չեմպիոն հռչակվեց, սակայն առաջնության լավագույն խաղացողի մրցանակին արժանացավ Կանը: Բաց թողած գոլերի մասին նա այսպես է հիշել. «Դրանք իմ միակ սխալներն էին եզրափակչում ու 10 անգամ ավելի վատն էին, քան իմ ցանկացած այլ բացթողումները: Ոչ մի կերպ չէի կարողանում ինձ լավ զգալ կամ էլ հնարավորություն գտնել սխալս ուղղելու: Մենք բացառիկ արդյունքի հասանք, Ռուդի Ֆյոլլերն ամեն ինչ արեց, որ Գերմանիան Աշխարհում 2-րդը դառնա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին