Ապրիլ 26, 2024
exclusive
4433 դիտում

Մեկ Կադրում. Ամբողջ թիմով շիկահեր դարձած Ռումինիայի հավաքականը


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


1998 թվականին Ֆրանսիայում կայացած ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ Ռումինիայի հավաքականը համատեղ խոստում տվեց ու կատարեց այն:

Հենց այդ մասին էլ Mediamax Sport-ն անդրադառնալու է իր «Մեկ կադրում» շարքում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԱԱ-ի G խմբից դուրս գալու համար պայքարում էին Անգլիան, Ռումինիան ու Կոլումբիան, անգամ Թունիսն ամեն ինչ անում էր 2 ուղեգրերից մեկին տիրանալու համար:

Կոլումբիայի հետ առաջին խաղից առաջ ռումինացիները խոստացան բոլորով իրենց մազերը դեղին գույն ներկել՝ իրենց մարզաշապիկների պես, եթե կարողանան փլեյ-օֆֆ դուրս գալ: Նման բան թիմին առաջարկել էր Դան Պետրեսկուն:

Ռումինիայի ոսկե սերունդ համարվող ֆուտբոլիստները 2 խաղում 6 միավոր վաստակեցին Կոլումբիայի ու Անգլիայի հետ խաղերում: Վերջին հանդիպման արդյունքն արդեն էական չէր, ու նրանք Թունիսի հետ խաղից առաջ ամբողջ թիմով ներկեցին իրենց մազերը, բացառությամբ դարպասապահի՝ նա ճաղատ էր:

Ամբողջ գործողությունը չափազանց գաղտնի է արվել, ֆուտբոլիստներն անգամ իրենց ընտանիքներին չեն տեղյակ պահել:

«Մազերը ներկեցինք վերջին մարզումից հետո, ոչ մեկը մեզ չտեսավ: Հյուրանոցի աշխատողները մեզ չճանաչեցին, կարծեցին՝ անծանոթներ ենք: Մեր ընտանիքի անդամներն էլ լրիվ շոկի էին ենթարկվել: Լավ է, որ ես կարճ մազեր ունեի ու այդքան էլ ծիծաղելի չէի, ինչպես Լեկետուշը կամ Դիմիտրեսկուն»,- խոստովանել է հարձակվող Ադրիան Իլիեն:

Մեկ այլ հարձակվող Գեորգե Կրայովյանուն էլ պատմել է, որ գունաբացիչը վառել է նրա գլուխը, ինչի պատճառով մազերը սկսել են թափվել ու ցավի պատճառով դժվարությամբ է կարողացել քնել. «Երբ վարսավիրը ստվարաթղթով փաթաթեց մեր գլուխները, տարօրինակ այրոց սկսեցինք զգալ»:

Սակայն դեղին գլուխները նրանց այդպես էլ հաջողություն չբերեցին, քանի որ քառորդ եզրափակչի դուրս գալու ճանապարհին զիջեցին Խորվաթիային: Ասում են այդ փուլում հայտնվելու դեպքում էլ մազերն իրենց ազգային դրոշի գույներով էին ներկելու:

Աշխարհի առաջնությունը լքելու առիթով ահա թե ինչ է մամուլի ասուլիսի ժամանակ ասել Ռումինիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Անգել Յորդանեսկուն. «Մենք զայրացրել ենք Աստծուն»:

Գուցե, Ռումինիայի հավաքականի այդ քայլը մեր օրերում սովորական ընկալվի, սակայն 90-ականների վերջերին դա իսկական համարձակություն ու խենթություն էր համարվում: Այս ողջ տարիների ընթացքում այդպես էլ ոչ մի հավաքական չկրկնեց Ռումինիայի ֆլեշմոբը: Նրանք երկար ժամանակ ֆուտբոլային աշխարհի դեմքերն էին համարվում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին