Նոյեմբեր 24, 2024
exclusive
7447 դիտում

Կյանքը սպորտի ռիթմով. Պետք է այնպես անել, որ սպորտով չզբաղվելն ամոթ լինի


Հրաչ Ռոստոմյանը
Հրաչ Ռոստոմյանը

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի կառավարության ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության առաջնահերթ խնդիրներից է մասսայական սպորտի տարածումը:


Mediamax Sport-ն ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը սկսում են «Կյանքը սպորտի ռիթմով» նախագիծը, որի նպատակն է մեր երկրում տարածել ու քարոզել առողջ ապրելակերպը: Կփորձենք գտնել ու բարձրաձայնել այն խնդիրները, որոնց հետ բախվում է մասսայական սպորտը:

 
Զրուցել ենք նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ: Պարզել ենք, թե ինչպիսի աշխատանքներ է տանելու նախարարությունը մեր երկրում մասսայական սպորտը ակտիվացնելու համար:


- Պարոն Ռոստոմյան, գաղտնիք չէ, որ սպորտի տարածման ու զարգացման համար շատ կարեւոր է մասսայական սպորտը: Ի՞նչ է պատրաստվում անել նախարարությունը ողջ Հայաստանում այն տարածելու համար:

- Մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերը մեր նախարարության համար այսօր առաջնահերթ են: Սպորտով բոլորին «վարակել» Հայաստանի վարչապետն է հանձնարարել, եւ մեր նախարարությունում արդեն մշակվել են մի քանի ծրագրեր: Վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրվելու են մարզական կազմակերպություններին տրված հատկացումները, ըստ անհրաժեշտության կատարվելու են վերաբաշխումներ՝ ֆինանսական միջոցներ ուղղելով նաեւ առողջ ապրելակերպի մասսայականացմանը: Անելու ենք այնպես, որ սպորտը եւ առողջ ապրելակերպի գաղափարները դառնան կենսակերպ, հասնեն մինչեւ ամենահեռավոր համայնքները:

-Ունե՞ք հստակ ծրագիր, թե ինչպես եք նպաստելու սպորտի մասսայականացմանը:

- Սպորտի մասսայականացումը եւ մասսայական սպորտը պետք է տարանջատել: Սպորտի մասսայականացումը կնպաստի մեծ սպորտով զբաղվող ավելի շատ մարզիկներ ունենալուն: Դա մեր ռազմավարության հաջորդ կարեւոր ուղղությունն է, ու աշխատելու ենք այն զարգացնելու ուղղությամբ: Ես խոսում եմ մեծ սպորտի հիմքի՝ մանկապատանեկան սպորտի եւ այս ոլորտում իրակնացվող աշխատանքների մասին: Պետք է ստեղծվեն համապատասխան միջավայր ու պայմաններ, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ հետաքրքրվեն, սիրեն ու զբաղվեն սպորտով: Այստեղ լուրջ գործոն կարող է հանդիսանալ ինչպես հայտնի մարզիկի օրինակը, այնպես էլ հեղինակություն վայելող մարզիչը, մարզումների համար նպաստավոր պայմանները, ժամանակակից եւ որակյալ մարզագույքն ու կառույցը: Ես արդեն տվել եմ հանձնարարականներ բոլոր պատասխանատուներին,  իսկ եթե անհրաժեշտ լինի օպտիմալացման գործընթացներ կիրականացվեն նաեւ այստեղ: Կարեւորը մենք գիտենք՝ ինչ ենք ուզում եւ հստակ պատկերացնում ենք դրան հասնելու ուղիները:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Հայաստանում այդքան էլ շատ չեն մասսայական սպորտով զբաղվելու համար նախատեսված վայրերը: Կա՞ համագործակցություն քաղաքապետարանների, մարզպետարանների ու այլ համապատասխան կառույցների հետ

- Համագործակցություն իրականացվում է, սակայն կարեւոր է գնահատել դրա արդյունավետությունը: Մենք մասսայական սպորտի տարածումը պետք է անենք ոչ միայն Երեւանում, այլ նաեւ բոլոր համայնքներում: Այս ոլորտում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար պատրաստ ենք եւ արդեն սկսել ենք համագործակցել բոլոր պետական մարմինների հետ: Ստեղծվել են միջգերատեսչական հանձնաժողովներ, ուսումնասիրությունների արդյունքները մեզ հնարավորություն կտան ավելի նպատակային աշխատել:

Ինչ վերաբերվում է մասսայական սպորտով զբաղվելու համար նախատեսված պայմանների սակավությանը, ասեմ, որ այստեղ ոչ թե պայմանների կամ տարածքների ոչ բավարար լինելն է, այլ մարզվելու ցանկության պակասը: Սա մեր կատարած դիտարկումների արդյունքն է: Այսօր Երեւանում կան բազմաթիվ բակեր, որտեղ ստեղծված են բավարար պայմաններ մարզվելու համար: Սակայն, ցավոք, մեր համաքաղաքացիները չեն օգտվում այդ հնարավորությունից: Սակայն կա նաեւ հակառակ օրինակը: Երեւանի Հրազդանի կիրճում տարվա բոլոր եղանակներին կարելի է տեսնել մարզվող տարբեր տարիքի մարդկանց: Այսօր մենք խնդիր ունենք այդ լավ օրինակը տարածել, հասցնել մեր հայրենակիցների գիտակցությանը, որ չմարզված, ոչ սպորտային կեցվածքով անձիք մեկ քայլ հետ են, ի վերջո՝ ամոթ լինի սպորտով չզբաղվելը:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Մեր երկրում կան մասսայական սպորտային միջոցառումներ: Դուք գո՞հ եք դրանց անցկացման որակից ու տված արդյունքից:

-Կան միոցառումներ, որոնք իրականացվում են բարձր մակարդակով, կան նաեւ ոչ այնքան հաջողվածները: Սպորտը եւս արդիականացման, ժամանակի պահանջներին համահուչ քայլերով պետք է շարժվի: Նախարարությունում հավաքագրվում են նորարական գաղափարներ, կրեատիվ մտքեր՝ մասսայական սպորտային միջացառումներն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Պետք է նաեւ միջոցառումները բազմազան լինեն՝ տարբեր տարիքային խմբերի,  մասնագիտության եւ սոցիալական խմբերի ներկայացուցիչների համար: Նախատեսում ենք կազմակերպել սպորտլանդիաներ դպրոցականների միջեւ, որոնք տեղի կունենան ողջ տարվա ընթացքում, անցկացնել ուսանողական սպարտակիադա: Նորացվելու եւ ժամանակակից պահանջներին համապատասխան անցկացվելու է խորհրդային տարիներից մեզ հայտնի ՊԱՊ (պատրաստ աշխատանքի եւ պաշտպանության) համալիրը՝ նոր գաղափարախոսությամբ, մոտեցմամբ, մրցաձեւերի ընդգրկմամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ է պետք անել ավելի շատ մարդկանց, հատկապես երիտասարդներին դեպի սպորտ բերելու համար:

- Սպորտի շարժիչ ուժը եղել է եւ կա ուսանողական սպորտը: Այս առումով մեզ մոտ շատ տխուր իրավիճակ է: Սակայն, որպես ոլորտի մասնագետ պետք է ասեմ, որ ամեն ինչ դեռ կորած չէ, վերակենդանացնել ուսանողական սպորտը հնարավոր է, եւ մենք դա անելու ենք: Իսկ ավելի շատ թվով մարդկանց սպորտ բերելու ուղղությամբ տարվող ծրագրերի մասին արդեն ասացի, դրանք մշակվելու են հասարակության տարբեր շերտերի պահանջները, տարածաշրջանների առանձնատատկությունները հաշվի առնելուց եւ ուսումնասիրելուց հետո:

- Տարբեր երկրներում հայտնի մարզիկները եւս ներգրավված են առողջ ապրելակերպի տարածման գործում: Չե՞ք մտածել նաեւ մեր մարզիկներին միավորել այս գաղափարի շուրջ:

- Իհարկե, մտածել ենք: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները սկսելու եմ ինձնից, այցելելու եմ հանրակրթական դպրոցներ եւ ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ միասին դաս եմ վարելու: Նույնը անելու են նաեւ փոխնախարարը, վարչության պետերը, մյուս մասնագետները: Դպրոցներ են այցելելու նաեւ մեր հայտնի մարզիկները, նրանք մարզադպրոցներում անցկացնելու են վարպետության դասեր, կազմակերպվելու են հանդիպումներ եւ հարցազրույցներ նրանց հետ: Իրականում մենք նաեւ խնդիր ունենք նրանցից շատերին հանրությանը ներկայացնելու եւ նաեւ մեծարելու:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախատեսվում է կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպել «Իմ սիրելի մարզիկը» թեմայով շարադրությունների հանրապետական մրցույթ, որի հաղթողը կհանդիպի իր շարադրության հերոսի հետ: Ծրագրերը շատ են, առաջիկայում դուք կհամոզվեք դրանում:

- Բազմաթիվ ծրագրերից ու աշխատանքներից խոսեցիք, Դուք որպես նախարար ո՞ր դեպքում գոհ կլինեք արդյունքից:

- Միշտ էլ աճելու եւ առաջընթացի տեղ կա: Ես մաքսիմալիստ եմ եւ դժվարանում եմ ասել, թե երբ կհամարեմ, որ արդեն գոհացուցիչ արդյունքներ ունենք: Սակայն կա նվազագույն ցուցանիշ, որին պետք է հասնենք: Երբ մեր հասարակության գերակշռող մասը կսկսի առավոտյան վազել, երբ աշխատավայր կամ ուղղակի զբոսանքի կգնա հեծանիվով, երբ լողը, վազքը, մարզական քայլքը կլինի նրանց կենցաղի անբաժան մասը, այդ ժամանակ ես կարող եմ սպորտի ոլորտի ղեկավարի առաքելությանը համարել կատարված: Խոսքն, իհարկե, մասսայական սպորտի մասին է: Ինչ վերաբերվում է մեծ սպորտում ունեցած ձեռքբերումներին, այստեղ սահմանափակումներ չկան՝ որքան շատ չեմպիոններ ունենանք, այնքան ավելի շատ տիտղոսակիր մարզիկների կձգտեն նմանվել մեր երեխաները: 

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին