Մայիս 14, 2025
exclusive
10569 դիտում

Միեշա Թեյթ. «Անկեղծորեն կխղճամ այն տղամարդուն, ում մտքով կանցնի գողանալ իմ պայուսակը»

Միեշա Թեյթը
Միեշա Թեյթը

Լուսանկարը` Brandon Olimpiada


Մեդիամաքս Սպորտ-ը շարունակում է ներկայացնել «Շաբաթվա գեղեցկուհին» շարքը:

Մեր այսօրվա հերոսուհին ներկայացնում է Խառը մարտարվեստները (MMA-ն): UFC-ում հանդես եկող այս գեղեցկուհին հասցրել է ջարդել շատերի ծնոտը, այտոսկրերը... Եվ թող նրա հրեշտակային դեմքը եւ Կեքս փաղաքշական մականունը ձեզ չխաբեն: UFC-ի կանանց վարկանիշում երկրորդ տեղը  զբաղեցնող Միեշա Թեյթը Strikeforce Women's Bantamweight-ի նախկին չեմպիոնն է, FILA-ի մարտական ըմբշամարտի առաջնության փոխչեմպիոն:  Անցկացրել է MMA 18 մենամարտ, որոնցից հաղթել է 13-ում, 5 մենամարտերում էլ պարտվել է:

Ի դեպ, Միեշա Թեյթը MMA-ի ամենահայտնի կին Ռոնդա Ռոուզիի հիմնական մրցակիցն է: Երկու անգամ պարտվելով Ռոուզիին, Միեշան իր առջեւ դրել է նպատակ՝ ինչ գնով էլ լինի հաղթել հաջորդ մենամարտում:

Ի դեպ, Թեյթը մերկ լուսանկարվել է ESPN-ի 2013 թ.-ի Body Issue-ի համար, իսկ Fitness Gurls  ամսագրի կողմից ճանաչվել է MMA-ի ամենագեղեցիկ կին:



- Խառը մարտարվեստներ. շատերի կողմից այն համարվում է կոշտ եւ ոչ կանացի մարտարվեստ: Ինչո՞վ գրավեց քեզ այն:

- Ավագ դպրոցում էի սովորում, բայց այդ ժամանակ դեռ չգիտեի, թե ինչ է MMA-ն: Միակ աղջիկն էի խմբում: Հետո գնացի քոլեջ, որտեղ խառը մարտարվեստներ էին դասավանդում: Գրեթե ոչինչ չգիտեի սպորտաձեւի մասին, քանի որ երբեք UFC-ի կամ որեւէ այլ մրցաշարի չէի հետեւել: Ինքս իմ մեջ որոշելով, որ ինձ դուր չի գալիս դեմքիս հարվածներ ստանալու հեռանկարը, սկսեցի ջիու-ջիթսուով զբաղվել, բայց երբ առաջին անգամ դիտեցի խառը մարտարվեստների մրցաշար, ուղղակի սիրահարվեցի այդ սպորտաձեւին: Այն գեղեցիկ մարզաձեւ է եւ ոգեշնչում է ինձ: Որոշեցի, որ պատրաստ եմ կռվել. երեք շաբաթ անց կայացավ իմ առաջին մենամարտը:

- MMA կարիերայիդ ամենահուզիչ պահը:

-Երբ դարձա Strikeforce-ի վարկածով աշխարհի չեմպիոն:

- Յուրաքանչյուր մարզիկ ունի սպորտային իդեալ կամ իդեալներ: Նրանք ոգեւորում են տվյալ մարզիկին եւ առաջ շարժվելու էներգիա հաղորդում: Ովքե՞ր են քո իդեալները: 



- Մեգումի Ֆուջին, Բրայան Քարավեյը, Սինդի Դանդուիսը, Ջուլիաննա Պենան, Բեն Հենդերսոնը, Ֆյոդոր Եմելյանենկոն:

- MMA-ն կոպիտ սպորտաձեւ է, որտեղ ամեն վայրկյան կարող ես ծանր վնասվածք ստանալ: MMA-ն ընտրելու հարցում տանը վեճեր եղե՞լ են:

- Հարազատներս անհանգստանում են, բայց աջակցում են իմ ընդունած որոշմանը, քանի որ գիտեն, որ դա ինձ երջանկացնում է: Այնուամենայնիվ, գիտեմ նաեւ, որ նրանք շատ կուրախանան, երբ ես ավարտեմ սպորտային կարիերան:

- Միեշա, մենամարտից առաջ ի՞նչ պետք է անել ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ լինելու համար:

- Ուղղակի պոզիտիվ լինել եւ կենտրոնանալ հաղթելու նպատակի վրա:

- MMA կարիերայի բարձրակետը Միեշա Թեյթի համար:



- Ցանկանում եմ դառնալ UFC վարկածով աշխարհի չեմպիոն, բայց, որ ամենակարեւորն է, ցանկանում եմ ցույց տալ աշխարհին, որ կինը կարող է կանացի մնալ եւ, միեւնույն ժամանակ, ուժեղ եւ ինքնուրույն: Լինել MMA-ում չի նշանակում կոպիտ մարդ լինել, կարող եք լինել բարի, սիրող եւ նվիրված, ու նաեւ հաջողակ այս դժվար սպորտաձեւում: ԱՄՆ-ում շատ են կանանց համար ստեղծված հնարավորությունները, ու շատ ավելի, քան ցանկացած այլ երկրում:

- Արդեն պարզ է հաջորդ մենամարտի օրը: Ներկայացրու մրցակցիդ:

- Այո, ապրիլի 19-ին Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում մրցելու եմ Լիզ Կարմուչի հետ:

- Շատ մրցակիցներ ես ունեցել, բայց Ռոնդա Ռոուզիի հետ դիմակայությունը      մի առանձին պատմություն է: Նա՞ է քո ամենակոշտ մրցակիցը: 

- Ռոնդան բարդ ոճ ունի, գոնե ինձ համար այդպես է, բայց նա շատ ուժեղ չի հարվածում, ու նրանից ավելի կոշտ մարտիկներ էլ հաստատ կան:

- Fitness Gurls ամսագիրը քեզ անվանել է MMA-ի ամենագեղեցիկ կին: Դե հիմա բացատրիր, թե ինչպե՞ս ես կարողանում մարզումների խելահեղ գրաֆիկի հետ մեկտեղ նաեւ գեղեցիկ տեսք ունենալ:



- Ես սիրում եմ լինել ուժեղ եւ մրցակցային նույնքան, ինչքան որ սիրում եմ լինել կանացի: Այս երկուսի հավասարակշռումը գեղեցիկ համադրություն է ստեղծում: Սիրում եմ հարդարել մազերս ու գեղեցիկ շպարվել, գեղեցիկ զգեստներ կրել, բայց սիրում եմ նաեւ հարվածել մրցակցիս, այնպես որ սա հետաքրքիր խառնուրդ է, ինչը բացակայում է այս մարզաձեւով զբաղվող կանանց մեծ մասի մոտ: Դա է պատճառը, որ այս որակները դուր են գալիս շատ տղամարդկանց:

- Չենք կարող բաց թողնել առիթն ու գեղեցկության խորհուրդներ ենք ցանկանում լսել MMA-ի ամենագեղեցիկ կնոջից:

- Հպարտ եղեք եւ գտեք մի բան, ինչը կարող եք անել կրքով, քանի որ ուրախ, ինքնահաստատված մարդը միշտ էլ գրավիչ է:

- MMA-ում մարզումների ռեժիմը խի՞ստ լարված է:

- Այո, հիմա ներկայացնեմ ռեժիմս, ու դուք ինքներդ կհամոզվեք: Ես մարզվում եմ օրական երկու անգամ՝ երկուշաբթիից ուրբաթ, եւ մեկ մարզում էլ շաբաթ օրերին: Հանգստանալու քիչ ժամանակ է մնում, բայց ինձ դուր է գալիս այն, ինչով զբաղվում եմ:



 - Ռինգի մականունդ շատ հետաքրքիր է ու… տարօրինակ` Կեքս (Cupcake):

- Երբ MMA-ով դեռ նոր էի սկսել զբաղվել, մրցակից աղջիկները նայում էին իմ երկար մազերին եւ կանացի կառուցվածքին ու ատում էին ինձ դրա համար: Մի մասն ինձ կանչում էր կռվելու, որովհետեւ մտածում էին, որ կեքս եմ, այսինքն ինձ հաղթելը շատ հեշտ է: Սկզբում ատում էի այդ մականունը, բայց հիմա այն ինձ զվարճալի է թվում, եւ ես գնահատում եմ դրանում առկա հումորը: Ինքս էլ կեքս ուտել շատ եմ սիրում: Սիրում եմ նաեւ թխել կեքսեր (ծիծաղում է):

- Ռինգում ստացածդ ամենածանր վնասվածքը:

- Ջարդված քիթ, պատռված արմունկներ եւ ծնկներ:

- Ինքդ է՞լ ես նույնքան վտանգավոր վնասվածքներ հասցնում:

-Կարելի է այդպես ասել: Մի անգամ մի աղջկա այտոսկրն եմ կոտրել: Դեռ այսքանը (ծիծաղում է):

-Այսքանից հետո պետք է հարցնեմ՝ քեզ ագրեսիվ մարդ համարու՞մ ես:



-Ռինգում այո, բայց կյանքում՝ ոչ:

-MMA-ի կին մարտիկների մասին ի՞նչ կարծարատիպեր են առկա:

-Այն, որ մենք պարտադիր ցանկանում ենք տղամարդ լինել, որ տղամարդկային տեսք ունենք, ու նաեւ, որ իրականում ուժեղ չենք տեխնիկապես: 
 
- Մոդելային գործունեությունդ այս կարծրատիպերը փշրելու միջո՞ց է: 

- Այո, իհարկե: Իմ սիրելի ֆոտոշարքերն են FIGHT!, ESPN-ի Body Issue եւ Fitness Gurls ամսագրերինը:

- Ըստ քեզ, եթե մարզիկն ունի գեղեցիկ մարմին, պարտավո՞ր է այն ցուցադրել տարբեր ֆոտոշարքերի տեսքով, եւ մարդկանց ապացուցել, որ առողջ ապրելակերպն անհրաժեշտություն է:

- Չեմ կարծում, որ պարտավոր է, բայց դրանով կարելի է հպարտանալ, եթե արված է ճաշակով: Դա այնպիսի բան չէ, որ պետք է օգտագործել միշտ ու ամեն վայրում: Բայց եթե դա գեղեցիկ մարմին է, որի վրա ինչ-որ մեկը շատ է աշխատել, կան տարբերակներ դա որպես արվեստ ներկայացնելու, եւ ոչ չափազանց սեքսուալ ձեւով:



- Միեշա, փողոցները սովորաբար կարող են վտանգավոր լինել, հատկապես ուշ ժամերին: Երբեւէ քեզ պաշտպանելու անհրաժեշտություն ունեցե՞լ ես:

- Ոչ, բարեբախտաբար, նման առիթ չեմ ունեցել, բայց ես անկեղծ կխղճամ այն տղամարդուն, ում մտքով կանցնի գողանալ իմ պայուսակը (ծիծաղում է):

- Անձնական կյանք vs MMA հարաբերություններն ի՞նչ տեսք ունեն:

- Ես հանդիպում եմ UFC-ի մարտիկ Բրայան Կարավեյի հետ, այնպես որ մենք իրար լավ ենք հասկանում: Բայց եթե նույնիսկ որեւէ մեկի հետ չհանդիպեի, չեմ կարծում, որ խնդիր կլիներ: Խնդիր կարող են ստեղծել միայն այն տղամարդիկ, ովքեր իրենց մեջ բավական տղամարդկություն չեն զգում:

- Միեշա, MMA-ի՝ ազգությամբ հայ բազմաթիվ մարտիկներ կան ԱՄՆ-ում: Ճանաչու՞մ ես նրանց:



- Ես գիտեմ միայն Մաննի Գամբուրյանին: Նա լավն է, ուղղակի Ռոնդա Ռոուզիի թիմից է, ու այդ պատճառով մենք շատ չենք շփվում: Ես շատ լավ ընկեր ունեմ, ով ազգությամբ հայ է` Ալեն Բաբայանը "Shoot Media"-ի սեփականատերերից մեկն է: Ժամանակին բոդիբիլդեր է եղել:

- Միեշա: Շնորհավորում ենք: Մեդիամաքս Սպորտ-ի կողմից դու ճանաչվել ես այս շաբաթվա Սպորտ գեղեցկուհի:

-Անչափ շնորհակալ եմ Հայաստանից ինձ աջակցելու համար: Ես ուրախ եմ, որ այդտեղ այդքան երկրպագուներ ունեմ: Ուղարկում եմ ձեզ իմ սերը:

Միեշա Թեյթի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին