Հոկտեմբեր 17, 2024
exclusive
9715 դիտում

Լեյլանի Մյունթեր. «Սիրեք ձեր մարմինը, եթե անգամ այն կատարյալ չէ»

Լեյլանի Մյունթերը
Լեյլանի Մյունթերը

Լուսանկարը` Richard Rudisill


Մեդիամաքս Սպորտ-ը շարունակում է ներկայացնել «Շաբաթվա գեղեցկուհին» շարքը:

Մեր այսօրվա հերոսուհին աշխարհի թոփ 10 ավտոարշավորդ կանանց ցուցակում է:

Մասնագիտությամբ կենսաբան, հոգով ու մարմնով՝ ավտոարշավորդ, գաղափարներով՝ էկո ակտիվիստ: 10 տարի շարունակ լինելով վառվող անվադողերի, ավտովթարների ու հաղթանակների կիզակետում` Լեյլանի Մյունթերն իր համար կարգախոս ընտրեց՝ “Կյանքը կարճ է, վարեք արագ, ապրեք կանաչ”: Երկու տարբեր իրականություններում ապրող Մյունթերն իրեն ավտոսպորտի եւ էկոակտիվիզմի միջեւ կամուրջ է համարում:

Նա հռչակվել է NASCAR մրցաշարի ամենասեքսուալ կին ու դարձել պատմության մեջ չորրորդ կինը, ով մասնակցել է Indy Pro մրցաշարին: Նրա ֆոտոշարքերը եւ հարցազրույցները հայտնվել են USA Today, իտալական Vogue, Esquire, ESPN, Sports Illustrated պարբերականներում:



- Լեյլանի, եթե թերթես հիշողություններիդ գիրքը, ո՞րն է եղել առաջին մեքենան, որի ղեկին նստել ես:

- Այդ ժամանակ փոքրիկ աղջիկ էի, դեղին Վոլսվագեն էր` Մինեսոտայի կեղտոտ ճանապարհների վրա: Այնպիսի վատ վիճակում էր, քիչ էր մնում դռները պոկվեին վրայից: Դարձա ավտոարշավորդ, քանի որ սիրահարվել էի արագությանը, օժտված եմ արագ երթեւեկելու տաղանդով: Պետք էր միայն գտնել ֆինանսավորում, որպեսզի ավտոարշավների մասնակցեի ու որքան հնարավոր է երկար ժամանակ անցկացնեի ավտոմեքենայիս մեջ: Ի դեպ, հովանավորներ գտնելն ինձ համար միշտ ամենադժվարն է եղել:

- Կին ավտոարշավորդ լինելու առավելությո՞ւնը:

- Հիանալի զգացողություն է: Չգիտեմ, արդյոք տղամարդ ավոտարշավորդներն ուրիշ բան են զգում, երեւի երբեք էլ չեմ իմանա: Այդ ես եմ՝ իմ բոլոր լավ ու վատ կողմերով:

- Վարորդական իրավունքդ ստացել ես առաջի՞ն փորձից, թե՞…



- Այո, առաջին փորձից` Արիզոնայում: Չնայած, կարող էի եւ չստանալ, որովհետեւ մեկ տարի շարունակ այդ նահանգում այնքան արագ էի վարում մեքենան, որ արագությունը գերազանցող տուգանքների թիվն էլ արդեն չեմ հիշում:

- Հիշու՞մ ես առաջին սեփական ավտոմեքենադ: 

- Այս ամբողջ ընթացքում ինձ են պատկանել ընդհանուր հաշվով 3 ավտոմեքենաներ: Առաջինը մուգ կարմիր Volkswagen Fox էր՝ 1988 թվականի արտադրության: Երկրորդը` մուգ կապույտ Volkswagen GTI VR6՝ 1997 թվականի արտադրության: Ի դեպ, անցած տարի վաճառեցի: Երրորդն իմ ներկայիս ավտոմեքենան է ու իմ ամենասիրելին՝ P85+ Tesla Model S, որը 100 տոկոսով աշխատում է էլեկտրականությամբ ու աննկարագրելի լավ մեքենա է:

- Առաջին մեծ ավտովթա՞րդ:

- Այն տեղի ունեցավ Indy Lights մրցաշարի ընթացքում, որը IndyCar-ի վարկանիշային շրջաններից է: Ես առաջին հնգյակում էի ու ընդամենը 20 պտույտ էր մնում հասնելու եզրագծին, երբ դիմացից սլացող ավտոմեքենան կտրուկ արգելակեց, ու իմ մեքենան շուռ եկավ: Այնքան ուժեղ բախվեցի արգելապատնեշին, որ մեքենաս երկու կես եղավ; Ինչքան էլ տարօրինակ է, դա եմ համարում իմ լավագույն մրցավազքը: Այդ պահին սիրտս մտել էր ստամոքսիս մեջ, ու հիմա էլ, երբ հիշում եմ այդ պահը, դողում եմ: Մեկ վայրկյանում ամենաերջանիկ մարդուց վերածվել ամեն ինչ կորցրած մարդու…



- Տխուր բաներից խոսելու փոխարեն ավելի լավ է պատմես որեւէ զվարճալի  դեպք ավտոարշավներից: 

- 2006-ն էր, եւ ես ցանկացողների համար ցուցադրական ելույթներ էի ունենում երկու տեղանոց մեքենայով: Դրանք հիմնականում VIP հյուրեր էին` հրավիրված իմ հովանավոր Charlotte Motor Speedway-ի կողմից: Յուրաքանչյուր հյուրի երեք շրջան էի տանում` 165 կմ/ժ արագություն բացելով, ու վերջում մեծ արագությամբ գնում էի դեպի արգելապատնեշն ու այն պահին, երբ արդեն քիչ էր մնում բախվեի դրան, ցուցադրաբար կանգնեցնում էի ավտոմեքենան: Այդպես, երբ հերթական հյուրին անցկացրեցի այդ փորձության միջով, նա հետո խոստովանեց, որ շատ է վախեցել, ու դա, իրոք, այդպես էր: Ամեն անգամ, երբ մոտենում էինք շրջադարձին, նրան թվում էր՝ հիմա բախվելու ենք պատին:  Խեղճ տղան դրանից հետո մի քանի ամիս շարունակ այդ թեմայով կատակների հերոսն էր: Բայց նա չէր նեղվում դրանից ու հումորով էր վերաբերվում (ծիծաղում է):

- Երազանքներիդ ավտոմեքենա՞ն:



- Անձնական օգտագործման ավտոմեքենաս այս պահին կանգնած է իմ ավտոտնակում ՝ P85+ Tesla Model S: Իսկ ավտոարշավների մասնակցելու համար երազանքներիս ավտոմեքենան կլինի էլեկտրական շարժիչով, որոնք Formula E մրցաշարին են մասնակցում: 

- Հիմնականում տղամարդիկ են հրապուրվում ավտոմեքենաներով: Ինչո՞վ կարող է ավտոմեքենան հրապուրել կնոջը: 

- Ես միշտ «տղա» աղջիկ եմ եղել: Երբեք չեմ սիրել խաղալ տիկնիկներով, փոխարենը ֆուտբոլ էի խաղում, սկեյթբորդով զբաղվում, ձի վարում: Երբ մեծացա, սկսեցի սնոուբորդինգով, դայվինգով եւ սերֆինգով զբաղվել: Միշտ հակվածություն եմ ունեցել դեպի երեւույթներ, որոնք ավելի հատուկ են տղաներին: 

- Երազանքդ սպորտում եւ սպորտից դուրս:



- Սպորտում իմ երազանքն է հասնել փոփոխությունների: Ցանկանում եմ դրան հասնել,  օգտագործելով իմ երազանքների ավտոմեքենան, ու խոսել այն էկոլոգիական խնդիրների մասին, որոնց բախվում ենք այսօր: Իհարկե, այդ  ընթացքում ցանկանում եմ նաեւ  ավտոարշավների մասնակցել եւ հաղթել: Սպորտից դուրս փոփոխություններ եմ ուզում մեր մոլորակի համար: Ես բնապահպանական գործունեությամբ եմ շարունակելու զբաղվել՝ մինչ մահս: Կարծում եմ, շատ կարեւոր է սովորել ներդաշնակ ապրել բնության հետ: Դժբախտաբար, մեր բազմաթիվ անմիտ գործողությունների պատճառով մոլորակը փչանում է: Պետք է կարողանանք ապրել առանց վնաս հասցնելու մոլորակին ու այն արարածներին, որոնց հետ ապրում ենք Երկիր մոլորակի վրա:

- Երկրորդ մասնագիտությունդ էլ բավական լուրջ է: Բակալավրի աստիճան ունես կենսաբանությունից:

- Կարծում եմ՝ կենսաբանի կոչումն ինձ շատ է օգնում, հատկապես այն ժամանակ, երբ խոսում եմ շրջակա միջավայրի ու այլընտրանքային էներգիայի մասին: Էկոլոգիական օրենսդրական նախաձեռնությունների մշակման ընթացքում հաճախ եմ հանդիպումներ ունենում Կոնգրեսի անդամների հետ: Մասնագետ լինելն իսկապես շատ կարեւոր է: Հույս ունեմ երբեւէ աշխատել կենսաբանության ասպարեզում, երբ ավարտեմ սպորտային կարիերաս:



- Գիտեմ, որ ավտոմեքենաներից բացի եւս մեկ մարզական կիրք ունես:

- Խենթանում եմ դայվինգի համար ու հաճախ եմ մեկնում վայրեր, որտեղ դայվինգով զբաղվելը հնարավոր է: Սիրում եմ տաք օվկիանոսային ջուրը, ոտքերի տակի ավազը: Սիրում եմ օվկիանոսը, այն կարծես իմ տունը լինի: Ես ինձ խաղաղ եմ զգում, երբ ծովում եմ: Իսկ երբ տանն եմ՝ Հյուսիսային Կարոլինայում, որտեղ օվկիանոս չկա, տաք յոգայով եմ զբաղվում, որպեսզի մնամ լավ մարզավիճակում:

- Ի՞նչ հագուստ ես նախընտրում առօրյայում:

-Սովորաբար ջինս եւ վերնաշապիկ: Ամռանը սիրում եմ շորտեր կամ ամառային զգեստներ կրել, հաճախ ոտաբոբիկ եմ քայլում: Շատ սովորական մարդ եմ: Սիրում եմ գեղեցիկ հագնվել, բայց ոչ առօրյայում: Չեմ հարդարում մազերս, շատ չեմ շպարվում: Միայն այն դեպքում, երբ պաշտոնական ինչ-որ միջոցառման պետք է մասնակցեմ, բիզնես-հանդիպում ունեմ կամ ելույթ եմ ունենալու մեծ թվով մարդկանց առջեւ:

- Ի՞նչ գիտես հայկական սպորտի մասին:



-Առաջին բանը, որը մտքիս գալիս է Հայաստան ասելիս, ֆուտբոլն է: Չգիտեմ ինչու (ծիծաղում է):

- Քեզ ծանոթ ավտոարշավորդների մեջ ազգությամբ հայեր կա՞ն:

- Անկեղծ ասած, չեմ հետաքրքրվել նրանց ծագումով, բայց ինձ թվում է՝ կան:

- Գեղեցկության խորհուրդներ Լեյլանի Մյունթերից:



- Եղեք այն, ինչ կաք իրականում: Սիրեք ձեր մարմինը, եթե անգամ այն կատարյալ չէ: Հասարակությունը շատ պահանջկոտ է յուրաքանչյուր գեղեցիկ բանի նկատմամբ: Պետք չէ, որ հասարակության պահանջներով առաջ շարժվեք, արեք քայլեր, որոնք հենց ձեզ երջանիկ կդարձնեն, ինքնավստահ եղեք, դա սեքսուալ է: Իմ վերջին խորհուրդն է՝ մի կերեք կենդանու միս, բուսական սնունդը շատ ավելի առողջարար է ձեր մարմնի համար, ու բացի դա, այլեւս ստիպված չեք լինի սպանել այդ անմեղ արարածներին ու որպես սնունդ օգտագործել: Ես  բուսակեր եմ շատ վաղ տարիքից, բայց խիստ բուսակեր դարձա 2.5 տարի առաջ, ու դրանից հետո չի եղել այնպիսի օր, երբ ինձ թույլ զգամ՝ միս չօգտագործելու պատճառով: Սիրեք կենդանիներին, բարի եղեք նրանց նկատմամբ: Ու ընդհանրապես` մեր մոլորակի նկատամբ բարի եղեք, այն մեր միակ տունն է: Աջակցեք էներգիայի այլընտրանքային ձեւերի տարածմանը: Մարդկության ապագան սրանից է կախված:

Լեյլանի Մյունթերի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին