Հուլիս 17, 2025
exclusive
5894 դիտում

Միա «The Knockout» Սենթ Ջոն. «Բռնցքամարտով զբաղվելով էլ կարող եմ շատ կանացի լինել»

Միա «The Knockout» Սենթ Ջոնը
Միա «The Knockout» Սենթ Ջոնը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մեդիամաքս Սպորտ-ը շարունակում է ներկայացնել «Շաբաթվա գեղեցկուհին» շարքը:

Աշխարհի ամենահայտնի կին բռնցքամարտիկներից մեկը՝ Միա Սենթ Ջոնը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 60 մենամարտ, տարել 47 հաղթանակ, որից 18-ը` նոկաուտով, կրել 12 պարտություն, իսկ երկու մենամարտ ավարտել է ոչ ոքի:

Նա WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոնն է սուպեր թեթեւ քաշային կարգում, IBA եւ IFBA վարկածներով չեմպիոն: Միան զբաղվում է նաեւ մոդելային գործունեությամբ ու բիզնեսով:

Միան առաջին անգամ ռինգ է դուրս եկել 1997-ին եւ, որքան էլ տարօրինակ է, մինչ օրս շարունակում է մենամարտել: Թաեքվոնդոյի աշխարհի չեմպիոնը 29 տարեկանում որոշեց իրեն փորձել բռնցքամարտում… եւ չսխալվեց:

Սան Ֆրանցիսկոյում ծնված Միան համալսարանն ավարտեց հոգեբանի որակավորմամբ: Ուսման վարձը մուծելու համար սկսեց աշխատել որպես մոդել, իսկ ազատ ժամանակ՝ զբաղվել թաեքվոնդոյով: Արդյունքում՝ թաեքվոնդոյի սեւ գոտի նվաճեց, 27 հաղթանակ տարավ՝ կրելով ընդամենը մեկ պարտություն: Այդպես էլ դարձավ թաեքվոնդոյի աշխարհի չեմպիոն: Միա «The Knockout» Սենթ Ջոնը 1997-ին պայմանագիր է կնքում աշխարհահռչակ փրոմոութեր Դոն Քինգի հետ, եւ այդ պահից սկսած Օսկար Դե Լա Հոյայի բոլոր մենամարտերին նախորդում են նրա ելույթները: 20-րդ մենամարտից հետո լուրջ վնասվածք է ստանում, անգամ ոտքերի հեռացման վտանգ է առաջանում: Բայց երկաթե կամք ունեցող Միան կարողանում է ռինգ վերադառնալ:

1999-ին Playboy-ի շապիկին հայտնված Միան ապացուցեց բոլորին, որ կին բռնքամարտիկը ամենեւին էլ տղամարդկային կազմվածքով կինը չէ: Ռինգում իրեն բնորոշում է որպես ագրեսիվ բռնցքամարտիկ: Խոստովանում է, որ մենամարտելիս միաժամանակ զգում է վախ, մտահոգություն, հուզմունք եւ հաճույք:

Ասում է, որ ռինգից չի հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ իր հեռախոսը զանգում է, այսինքն` երբեք:  Սիրելի բռնցքամարտիկներն են Օսկար Դե Լա Հոյան եւ Թոմաս Հիրնսը:



- Միա, ուղղակի ապշել կարելի է. առաջին մրցակցիդ նոկաուտի ես ենթարկել 54 վայրկյանում:

- Ես էլ էի շոկի մեջ, չէի հասկանում` ինչ եմ արել եւ ինչպես: Դա իմ կյանքի լավագույն պահերից մեկն էր: 1999 թվականի փետրվարի 14-ին էր: Հենց այդ հաղթանակից հետո ինձ շնորհեցին «The Knockout» մականունը:  

- Միայն 29 տարեկան հասակում ես մտել պրոֆեսիոնալ ռինգ: Ինչու՞այդքան ուշ:

- Մինչ այդ սիրողական թաեքվանդոյով էի զբաղվում: Ի դեպ, սեւ գոտի ունեմ: Մենամարտերի շնորհիվ գումար աշխատելու միակ ձեւը պրոֆեսիոնալ դառնալն էր:



- Ու՞մ ես համարում քո ամենաբարդ մրցակիցը եւ ինչու՞:

- Բոլորին, քանի որ միայն այն, որ դու ռինգ ես մտնում, արդեն իր մեջ կռիվ է պարունակում: Հավատա, շատ բարդ է հոգեպես պատրաստվելը:

- Ինչպիսի՞ն է ընտանիքիդ ու ընկերներիդ վերաբերմունքը քո ընտրած սպորտաձեւի նկատմամբ: 

- Նրանք չափից ավելի են անհանգստանում ինձ համար: Ցավալի է, բայց կարիերան ավարտելուց հետո շատ մարզիկներ սկսում են ուղեղի հետ կապված խնդիրներ ունենալ, եւ այդ հանգամանքը վախեցնում է նաեւ իմ հարազատներին:

- Ամենադրական բանը, որ կատարվել է քեզ հետ վերջերս…

- Ես վերադարձել եմ ռինգ: Հեռացա, բայց առանց բռնցքամարտի երկար չդիմացա: Այնքան երջանիկ եմ, որ նորից կարող եմ ռինգ դուրս գալ:

- Խիստ դիետա ես պահպանում: Բա՞րդ է:



- Բարդ է, բայց հաղթահարելի: Ես միշտ սահմանափակ եմ սնվում` անկախ նրանից՝ առջեւում ծրագրված մենամարտ ունեմ, թե ոչ: Եթե անգամ մենամարտ չունեմ, ինձ երբեք թույլ չեմ տալիս վատ մարզավիճակում լինել: Մեկ տարի առաջ ազդրի վիրահատություն եմ տարել, շատ ցավոտ էր... Ու վերականգնվելն էլ էր շատ դժվար:

- Կին բռնցքամարտիկները գնալով շատանում են, բայց նրանց մասին կարծրատիպերը շարունակում են մնալ: Ի՞նչ են մարդիկ ասում քո մասին:

- Ասում են, որ ես վայրի եմ ու խելագար: Իրականում, ես խելագար եմ, բայց վայրի չեմ (ծիծաղում է):

- Կին բռնցքամարտիկներին համարում են ոչ այնքան կանացի: Բայց տեսնելով քո ֆոտոշարքերը, այդ կարծրատիպը կարծես թե սկսում է փշրվել:

- Գիտես, իրականում ես կարող եմ լինել շատ տղամարդկային: Բայց չեմ ուզում, որ մարդիկ տեսնեն իմ այդ կողմը, որովհետեւ գիտեմ, որ այն հասարակությունում ընդունելի չէ: Այո, սիրում եմ լուսանկարվել ամսագրերի համար: Գրեթե բոլոր մարզիկներն էլ դա անում են: Playboy-ի ֆոտոշարքն ամենաշատն եմ սիրում: Այն եւ եկամտաբեր էր, եւ հաջողված: 

- Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվեցիր 1999 թվականին: Ի՞նչ էիր ցանկանում արտահայտել դրա միջոցով:



-Ուզում էի ասել, որ բռնցքամարտում լինելով` կարող եմ շատ կանացի լինել, ու որ այս մարզաձեւն ինձ երբեք չի փոխի:

-Երբեւէ օգտագործե՞լ ես բռնցքամարտում ստացած գիտելիքները փողոցում քեզ պաշտպանելու համար:

- Միայն դպրոցում, բայց դա շատ վաղուց էր (ծիծաղում է):

- Բռնցքամարտով զբաղվելը խանգարու՞մ է անձնական կյանքին:

- Իհարկե, ես ինձ շատ բաներից եմ զրկում, լուրջ հարաբերություններ ձեւավորել չի ստացվում: Նույնիսկ այլ մարզաձեւերով զբաղվել չի ստացվում: Բայց գիտեմ, որ այս զոհողությունները պետք են:

- Տղամարդկանց բռնցքամարտում գոյություն ունեն բիկինիներով ռինգի աղջիկներ, ովքեր ազդարարում են ամեն ռաունդի մեկնարկը: Երբեւէ չե՞ս մտածել, որ կանանց բռնցքամարտում էլ պետք է լինի հակառակը. հարկավոր են ռինգի տղաներ` շոուն կատարյալ դարձնելու համար: 



- Պատկերացրու, որ ռինգի տղաներ մի քանի անգամ տեսել եմ կանանց մրցաշարերում: Բայց ես այնքան լարված ու կենտրոնացած եմ լինում ռինգում, որ չեմ նկատում, թե ով է ազդարարում հաջորդ ռաունդի մեկնարկը:

- Ինչքանո՞վ են համատեղելի բիզնեսը եւ բռնցքամարտը:

- Դրանք համարյա նույն բանն են: Պրոֆեսիոնալ լինելը բիզնես է, սա իմ սիրելի արտահայտությունն է:

- Ճիշտ է, Հայաստանում շատ քիչ կանայք են զբաղվում բռնցքամարտով, բայց մեր ընթերցողների մեջ միգուցե կգտնվեն աղջիկներ, ովքեր կարդալով հարցազրույցը, կոգեշնչվեն քո հաջողություներով ու կցանկանան փորձել... Քո ամենաառաջին խորհուրդը նրանց:

- Առաջին հերթին ավարտեք դպրոցը, քոլեջը կամ համալսարանը: Ես ինքս այդպես եմ վարվել, եւ դա իմ կյանքի ամենաճիշտ քայլերից է եղել. այդ խորհուրդն ինձ տվել է մայրս: Ուրախ կլինեմ, եթե ինչ-որ մեկն իմ օրինակը աչքի առջեւ ունենալով՝ սկսի զբաղվել այս մարզաձեւով: Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Եվ, այո, հետեւեք ինձ Twitter-ում` @miastjohnboxer:

Միա Սենթ Ջոնի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին