Դեկտեմբեր 04, 2024
exclusive
17225 դիտում

Հոլլի Դունավեյ. «Երբ հագնում եմ բռնցքամարտի ձեռնոցները, սարսափելի եմ դառնում»

Հոլլի Դունավեյը
Հոլլի Դունավեյը

Լուսանկարը` Հոլլի Դունավեյի անձնական արխիվից


«Մեդիամաքս Սպորտը» շարունակում է ներկայացնել «Շաբաթվա գեղեցկուհին» շարքը:

2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում առաջին անգամ պաշտոնական խաղացանկ մտավ կանանց բռնցքամարտը: Այն, որ կանանց բռնցքամարտի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ, հայտնի է: Եվ թեեւ ձեւավորվել է կարծրատիպ, որ դրանով զբաղվող կանայք կանացի չեն, այսօր մենք կապացուցենք հակառակը:

Հոլլի «Hotstuff» Դունավեյ: Աշխարհի քառակի չեմպիոն, ով պրոֆեսիոնալ ռինգում 30-ից ավելի մենամարտեր է անցկացրել: Նրա անունը հնչել է հինգ տարբեր երկրներում կազմակերպված  մենամարտերի ժամանակ: Բռնցքամարտի այս թագուհու աստղն այսօր շողշողում է, իսկ ռինգից հեռանալու մասին նա չի էլ մտածում: Գեղեցկուհին բռնցքամարտը համատեղում է մոդելի կարիերայի հետ: Նրա գայթակղիչ ֆոտոշարքերը զարդարում են հայտնի ամսագրերի շապիկները:

- “Կինը բռնցքամարտով չպետք է զբաղվի”: Երկար ժամանակ այս համոզմունքն առկա էր ողջ աշխարհում:



- Ես մեծացել եմ նման մի հասարակությունում, ավելին, մեծացել եմ ֆերմայում, որտեղ ինձ թույլ չէին տալիս սպորտով զբաղվել… Բռնցքամարտն եղել է առաջին մարզաձեւը, որը ես փորձել եմ… ու չեմ փոշմանել: Երբ լրացավ 18-ամյակս, սկսեցի լրջորեն մարզվել: Մանկուց ցանկանում էի սպորտում լինել, ու եկել էր երազանքն իրականացելու ժամանակը: Շաբաթը 7 օր գնում էի պարապմունքի եւ ոչ մի վայրկյան չէի փոշմանում:

- Ամենաբարդ մրցակիցդ:

- Ռեգինա Հելմիչը: Նա իմ առաջին մենամարտերից մեկի մրցակիցն էր: Ռեգինան արդեն բավական փորձառու էր, իսկ ես նոր էի անում առաջին քայլերս. ընդամենը 2 տարի էր, ինչ ռինգում էի, իսկ նա 10 տարի շարունակ պարտություն չէր կրել: Ու ստացվեց այնպես, որ առաջին մի քանի ռաունդներում դիմակայեցի, բայց վերջին 8 ռաունդներում հազիվ կենդանի մնացի:

- Ռինգի հետ կապված ամենապայծառ հիշողությունդ:

- Բուդապեշտում աշխարհի չեմպիոն հռչակվելու ակնթարթն երբեք չի ջնջվի իմ հիշողությունից: Կարծես աշխարհի ղեկն ինձ տված լինեին:

- Մտերիմներդ ինչպե՞ս են վերաբերվում մարզաձեւի ընտրությանդ:

- Զարմանալի է, բայց բոլոր մտերիմներս աջակցում են ինձ ու հավատում այն ամենին, ինչ ես անում եմ: Իհարկե, ծնողներս բավական հիասթափված էին այն օրը, երբ կանգնեցի ու ասացի. «Մոռացեք ինձ համալսարան ուղարկելու պլանների մասին: Ես հիմա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ եմ եւ մի օր չեմպիոն եմ դառնալու»:

-Ինչպե՞ս ես ֆիզիկապես ու հոգեպես պատրաստվում մենամարտերին:



- Փորձում եմ պասիվ կյանք վարել մենամարտից 6-8 շաբաթ առաջ: Օրական երեք պարապմունք ունեմ, ու դա մոտիվացնում է ինձ եւ թույլ չի տալիս այլ բաների մասին մտածել:

- Հիմնական նպատակդ բռնցքամարտում:

- Նույնիսկ հիմա, երբ արդեն մեկ տասնամյակ է, ինչ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ եմ, էլի սովորելու ցանկություն ունեմ: Ես նկատում եմ, որ կանանց բռնցքամարտը զարգանալու միտումներ է ցույց տալիս, եւ դա հուսադրող է ու ոգեւորիչ:

- Ինչպիսի՞ն է կանանց բռնցքամարտի վիճակն ԱՄՆ-ում:

- ԱՄՆ-ում, ինչպես ցանկացած ոլորտում, բռնցքամարտում էլ կան անթիվ անհամար հնարավորություններ: Բայց չեմ կարող չասել, որ ԱՄՆ-ը տանուլ է տվել կանանց բռնցքամարտը մասսայական դարձնելու իր հնարավորությունը, քանի որ գլխավոր հեռուստատեսային ալիքները երբեք չեն հեռարձակում իսկապես արժեքավոր, հետաքրքիր ու դիտարժան մենամարտերը կանանց մասնակցությամբ:

- Հոլլի Դունավեյի ռեժիմը:

- Ես մենամարտում եմ միանգամից 4 դիվիզիոններում, հետեւաբար սնունդը պետք է նորմալ լինի եւ էներգիայով հարուստ: Արհեստականորեն չեմ նվազեցնում մարմնիս քաշը, ընդամենը առողջարար վարժություններ եմ անում: Մարզվելիս լսում եմ հիփ-հոփ, ռոք կամ ռեփ երաժշտություն: Ցանկացած երաժշտություն, որ կարող է ադրենալին բարձրացնել:



- Ստացածդ ամենացավոտ վնասվածքը:

-Չի եղել: Ես հաջողակ աղջիկ եմ: Ռինգում ստացածս քիչ վնասվածքներից են մի քանի կապտուկները աչքերիս մոտ: Բայց ինքս վնասվածքներ շատ եմ հասցրել: Հիշում եմ` ինչպես նոկաուտի ենթարկեցի Դի Համագուչիին Սենթ Լուիս քաղաքում: Այնպես հարվածեցի, որ ամբողջ դեմքն արյան մեջ էր, ու այդպես էլ տեղից բարձրանալ չկարողացավ:

- Ի՞նչն է քեզ մոտ ամենալավը ստացվում բռնցքամարտում:

- Ձեռքերի արագությունը, ոտքերի շարժունակությունը եւ պաշտպանությունը: Ես շատ հանգիստ բնավորություն ունեմ, բայց երբ հագնում եմ բռնցքամարտի ձեռնոցները, իմ ողջ ներաշխարհը փոխվում է, ու ես սարսափելի եմ դառնում:

- Բռնցքամարտն օգնո՞ւմ է դուրս հանել ներքին ագրեսիան:

- Իհարկե, իսկ ներքին ագրեսիան հարկավոր է ժամանակ առ ժամանակ դուրս հանել: Տեսնում ես, գտանք բռնցքամարտի եւս մեկ առավելություն (ծիծաղում է):

-Մենամարտելիս ի՞նչ մտքեր են պտտվում գլխումդ:

-Ես հաճույք եմ ստանում մենամարտելիս: Սիրում եմ մարտավարություն մշակել: Թույլ եմ տալիս մրցակցիս որոշ ժամանակ իրեն լավ զգալ, հետո արդեն անում եմ իմ գործը: Բռնցքամարտը նման է շախմատի, իսկ ես շախմատից լավ եմ ու գիտեմ, թե երբ պետք է մրցակիցս շունչը փչի: 

- Քեզ վիրավորո՞ւմ են այն կարծրատիպերը, որոնք կան կին բռնցքամարտիկների մասին:



- Իհարկե, այդ կարծրատիպերի պատճառն այն է, որ մարդիկ հաճախ չեն հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում կանանց բռնցքամարտը: Ասում են, թե մենք ճնշում ենք ու վիրավորում մեր բոյֆրենդներին, որ շատ բռնկուն ենք ու կարող ենք կռվի մեջ նետվել ցանկացած պահի: Սուտ է:

- Զվարճալի դեպք հանդերձարանից:

- Դե գիտես, որ հանդերձարանում բոլորս տաքացնում ենք մկանները՝ պատրաստվելով գալիք մենամարտին: Ես էլ բացառություն չեմ, ու ամեն անգամ, երբ հագնում եմ ձեռնոցներն ու սկսում տաքանալ, մարդիկ սկսում են ծիծաղել, բայց հենց թարս հայացքով նայում եմ, բոլորը գնում են իրենց գործերին (ծիծաղում է):

- Հոլլի, դու նաեւ մոդել ես: Ու ֆոտոշարքեր ունես տարբեր ամսագրերի համար:

- Հիմնականում դրանք բիկինիով ֆոտոշարքեր են ամսագրերի ու օնլայն մեդիայի համար: Բայց, օրինակ, Penthouse ամսագրի համար մերկ էլ եմ լուսանկարվել: Դրանով ուզում էի ապացուցել, որ ուժեղ կինը կարող է լինել կանացի:  



- Ըստ քեզ, կանա՞յք են ավելի ագրեսիվ, թե՞ տղամարդիկ:

- Այսօր կանայք նույնքան ագրեսիվ են, որքան տղամարդիկ: Հատկապես ռինգում, այն երկու րոպեանոց կարճ ռաունդների ընթացքում, որոնք առկա են կանանց բռնցքամարտում, մենք ստիպված ենք ավելի կարճ ժամանակում ավելի մեծ ագրեսիա դրսեւորել հաղթելու համար:

-Եղե՞լ է դեպք, երբ փողոցում քեզ պաշտպանելու համար ստիպված ես  եղել «նոկաուտի ենթարկել» հարձակվողներին: 

- Բարեբախտաբար, ոչ: Երբեք առիթ չի եղել, որ ինձ պաշտպանեմ ռինգից դուրս: Բայց միայն այն զգացումն ու համոզվածությունը, որ կկարողանամ ինքս ինձ պաշտպանել ցանկացած իրավիճակում, անգին է: Իսկ առօրյայում ես փորձում եմ նախ հասկանալ դիմացինին, այլ ոչ թե
դիմել բռունցքի ուժին:

- Կցանկանայի՞ր, որ, ինչպես ռինգի աղջիկներն են, այնպես էլ կանանց բռնցքամարտում  գոյություն ունենային ռինգի տղաներ:

-Իհարկե, բայց մի պայմանով, որ նրանք սեքսուալ լինեին (ծիծաղում է):



- Մարզիկներ, ովքեր ոգեշնչում են քեզ:

- Առաջին հերթին, Ռոյ  Ջոնս Կրտսերը: Կարծում եմ, իմ ոճը ռինգում շատ նման է նրա ոճին: Ու սա ասում եմ, չնայած այն հանգամանքին, որ Ռոյը իմ վերջին մենամարտերից մեկի ժամանակ հակառակորդիս էր խորհուրդներ տալիս ռինգի անկյունում: Կնշեմ նաեւ Էմմանուել Ագուստուսին: Նա կարծես պարում է մենամարտելիս ու դրանով շփոթության մեջ գցում մրցակիցներին: Կանայք գնալով ավելի փորձառու մարզիկներ են դառնում: Դրան նպաստում է մրցակցության ավելացումն այս սպորտաձեւում: Ինձ միշտ հիացրել է Լայլա ՄըքՔարտերը:

- Ծանո՞թ ես հայ որեւէ բռնցքամարտիկի:

- Այո, հայ բազմաթիվ հիանալի բռնցքամարտիկներ կան: Շատ կցանկանայի մի օր մենամարտել Սյուզի Կենտիկյանի հետ: Նա իսկական չեմպիոն է:

- Մի խորհուրդ տուր բոլոր այն աղջիկներին, ովքեր ցանկանում են իրենց փորձել բռնցքամարտում:

- Ավելի շատ մենամարտեք, ու եթե գումարի համար չեք մենամարտում, պետք չէ բռնցքամարտը դարձնել համար մեկ երեւույթ ձեր կյանքում: Գնահատեք ձեր շանսերը եւ հավատացեք ինքներդ ձեզ: Հատուկ շնորհակալություն Մեդիամաքս Սպորտ-ին կանանց բռնցքամարտին ուշադրություն հատկացնելու եւ  այն տարածելուն ուղղված ջանքերի համար:

Հոլլի Դունավեյի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին