Շաբաթվա գեղեցկուհին
«Մեդիամաքս Սպորտը» ներկայացնում է «Շաբաթվա գեղեցկուհին» նոր շարքը, որի առաջին հերոսուհին ֆրանսուհի հնգամարտիկ Էլոդի Քլյուվելն է. հմուտ հեծյալ, արագ վազորդ, դիպուկ նետաձիգ, լավ լողորդ, ճկուն սուսերամարտիկ եւ պարզապես գեղեցկուհի:
Լողը հնգամարտով փոխարինած Քլյուվելը մարզական կարիերայի անցած 5 տարիների ընթացքում բազմաթիվ խոչընդոտների միջով է անցել: Ձիերից սարսափող աղջիկը տարիներ առաջ չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր ձիարշավների կմասնակցի ու հաղթանակներ կտոնի:
- Էլոդի, հնգամարտը սովորաբար չի ընդգրկվում այն մարզաձեւերի ցուցակում, որով պատանիները երազում են զբաղվել:
- Գիտեմ: Դա տեղի ունեցավ 2008-ին, թողել էի լողը ու ցանկանում էի որեւէ նոր բանով զբաղվել, հաղթահարել նոր խոչընդոտներ: Պատճառն այն էր, որ հնարավորություն չստացա Ֆրանսիայի լողի հավաքականի կազմում մասնակցել Պեկինի օլիմպիական խաղերին: Հնգամարտը կյանքումս ինչ-որ փոփոխություն մտցնելու լավ հնարավորություն էր: Հնգամարտում հայտնվելով` ես ոչ թե պարտություն կրեցի լողում, այլ մի նոր բանի սկիզբ դրեցի:
- Ո՞րն է հնգամարտի ամենաբարդ կողմը, որը դրանով չզբաղվող մարդը երբեք չի նկատի:
- Հնգամարտը հինգ տարբեր մարզաձեւերի ամբողջություն է: Այստեղ ամենակարեւորը հոգեբանական պայքարն է: Սա համարյա կատարյալ մարզաձեւ է, որը քեզ էլ է ստիպում իդեալական լինել ու իմանալ ամեն ինչ: Ձիավարության հատվածն ամենաբարդն է: Մենք մրցումներից առաջ չգիտենք, թե որ ձին է մեզ բաժին հասնելու, ու ամեն ինչ շատ անկանխատեսելի է: Հինգ մարզաձեւերից ամենաշատը սուսերամարտն եմ սիրում, քանի որ ես պայքարող մարդ եմ:
- Կարիերայիդ ո՞ր ակնթարթը պատկերացնելիս ես ակամա ժպտում:
- Ընդամենը 5 տարի է, ինչ զբաղվում եմ հնգամարտով: Հիշարժան կարող եմ համարել այն պահը, երբ գրանցեցի իմ առաջին հաղթանակը Ռիոյում աշխարհի առաջնության ժամանակ: Նման պահ էր նաեւ, երբ ստացա Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք:
- Մրցումների ընթացքում հաստատ եղել են զվարճալի պահեր:
- Այո, երբ նոր էի սկսել զբաղվել հնգամարտով, զավեշտալի շատ բաներ էին կատարվում հետս: Օրինակ, մի անգամ ձիավարելիս հակառակ կողմով թռա արգելապատնեշի վրայով: Բոլորը ծիծաղում էին:
-Հետաքրքիր է, ի՞նչ ծանրաբեռնվածություն է պահանջում հնգամարտը մարզիկից:
- Ես մարզվում եմ շաբաթական 35 ժամ: Օրական զբաղվում եմ չորս-հինգ տարբեր սպորտաձեւերով: Առավոտյան` վազք, հրաձգություն եւ լող, իսկ կեսօրին՝ կամ սուսերամարտ կամ ձիավարություն: Պետք է պահպանեմ մարզավիճակս, ու դրա համար պայքարում եմ ամեն օր:
- Գիտեմ, որ հնգամարտից բացի եւս մեկ շատ կարեւոր մասնագիտություն ունես:
- Այո, ոստիկան եմ: Նաեւ թիկնապահի դասընթացների եմ գնացել: Հնգամարտը ֆինանսական առումով եկամտաբեր սպորտաձեւ չէ: Ոստիկանի աշխատանքն է ինձ օգնում գումար վաստակել:
- Առաջիկա պլանները սահմանափակվում են հնգամարտո ՞վ, թե՞...
- Դեռ որոշ ժամանակ ցանկանում եմ զբաղվել հնգամարտով: Բայց իմ երազանքն է ֆիլմերում, հատկապես՝ կատակերգություններում դեր ստանալը:
- Էլոդի, հեղինակավոր մարզական մի շարք կայքեր քեզ անվանել են Լոնդոն 2012-ի ամենահմայիչ մարզուհիներից մեկը: Ո՞րն է Էլոդի Քլյուվելի գեղեցկության գաղտնիքը:
- Ես սիրում եմ բնական ու անկեղծ լինել: Այնպիսին եմ, ինչպիսին կամ: Ամեն դեպքում, հաճելի է ընդգրկվել այդ ցուցակում:
- Ի՞նչ տեղեկություններ ունես հայկական սպորտի ու հայ մարզիկների մասին:
- Իմ հայ ընկերներից է Գոռ Հարությունյանը, նա խառը մարտարվեստներով է զբաղվում այստեղ` Ֆրանսիայում: Գիտեմ նաեւ նրա եղբորը: Ընդհանրապես, հայերը շատ ուժեղ են ըմբշամարտում: Հուսով եմ, որ այս հարցազրույցը կնպաստի, որպեսզի Հայաստանում հնգամարտով ավելի շատ հետաքրքրվեն:
Էլոդի Քլյուվելի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: