Նոյեմբեր 04, 2024
exclusive
1653 դիտում

Լուսինե Ստեփանյան. Ասում են՝ գիտությունը կախվածություն է առաջացնում

Լուսինե Ստեփանյանը
Լուսինե Ստեփանյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


2015 թ. ՄԱԿ-ը փետրվարի 11-ը հռչակել է Գիտության ոլորտում կանանց եւ աղջիկների միջազգային օր։ Այս առթիվ զրուցել ենք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ստեփանյանի հետ։

«Գիտությունը մի կաթսա է, որը եփում է, ու երբ հասնում է եռման աստիճանի, գոլորշին դուրս է գալիս, բայց նստվածքը մնում է։ Կաթսան, միեւնույն է, պետք է եփի ու ավելի շատ մարդիկ սկսեն զբաղվել գիտությամբ, այդ կաթսայի նստվածքն իր արդյունքներով պետք է նպաստի ՀՀ-ում գիտության զարգացմանը»,- իրավացիորեն նշել է Ստեփանյանի գիտական ղեկավար Վիլենա Գրիգորյանը:

- Տիկին Ստեփանյան, ինչպե՞ս է սկսվել Ձեր գիտական ուղին։

- Մասնագիտացել եմ ԵՊՀ Մարդու եւ կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում։ Երրորդ կուրսից սկսած հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայում հետազոտական աշխատանքներ եմ իրականացրել գիտական ղեկավարիս հետ, որը Հայաստանում հոգեֆիզիոլոգիա գիտակարգի հիմնադիրն է եղել։

Լուսինե Ստեփանյանը Լուսինե Ստեփանյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


- Անձնական կյանքը եւ գիտությունը համատեղելի՞ են։

- Իհարկե, համատեղելի են: Երբ ավարտում էի համալսարանը, առաջնեկս արդեն ծնվել էր ու սպասում էի երկրորդ երեխայիս։ Ընտանիքս ավելի շատ օգնել է ինձ, քան խանգարել, քանի որ ժամանակս ավելի ճիշտ սկսեցի օգտագործել ու կառավարել։ 15 տարի առաջ հենց այս օրը պաշտպանել եմ ատենախոսություն «Դեռահասների ագրեսիվություն» թեմայով, իսկ տղաներս այդ ժամանակ դեռահասության փուլում էին, հիշում եմ, թե ինչպիսի համակ ուշադրությամբ էին հետեւում ելույթիս. նրանք այսօր շարունակում են իմ ճանապարհը։ Իմ մեջ վառ տպավորվել է Լեհաստանի գիտաժողովներից մեկը, որին մասնակցում էի փոքր տղայիս հետ։ Կազմակերպիչները տղայիս հանձնեցին ամենահավատարիմ ունկնդրի դիպլոմը։

- Եկեք խոսենք գիտության «ուժի» մասին։

- Ասում են՝ գիտությունը կախվածություն է առաջացնում (ժպտում է – հեղ.), կարծում եմ՝ պրոցես է, որը միշտ պետք է լինի, որովհետեւ, երբ գտնում ես մի խնդրի լուծում, նոր հորիզոններ են բացվում քո առջեւ։ Թվում է, թե 21-րդ դարում դժվար է գտնել հիմնախնդիր, որ ուսումնասիրված չէ, սակայն կան այնպիսինները, որոնք նորովի ուսումնասիրության կարիք ունեն։ Քանի դեռ կարող եմ, գիտության այս ճյուղը զարգացնելու եմ ոչ միայն ինձ, այլեւ երիտասարդ սերնդի համար։
Լուսինե Ստեփանյանը Լուսինե Ստեփանյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


- Արդյո՞ք կանայք այն ուժն են, որ կարող են զարգացնել գիտությունը Հայաստանում։

- Վերջերս ԿԳՄՍ նախարարությանը կից գործող Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից 3 եւ ավելի դրամաշնորհային ծրագիր է ներկայացվել հենց կին գիտնականների համար, որոնցից հատկանշական է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր» մրցույթը։ Այս գործընթացը խթան է հանդիսանում կանանց մուտքը դեպի գիտություն ապահովելու համար։

- Խոսենք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում գիտության զարգացման մասին։

- Նախորդ տարիների համեմատ մեծ առաջընթաց է ապրել գիտությունը սպորտում, օրինակ՝ վերջին ուսումնական տարում ունեցել ենք 19 գիտական հոդված Scopus եւ Web of Science գիտական շտեմարաններում։ «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնում չկա գեթ մի օր, որ հետազոտություններ չիրականացվեն։ Լավագույն գնահատականը կարող է տալ միայն բուհի ուսանողը։ Վերջին մեկ տարվա ընթացքում բուհը բավականին բարդ շրջան է անցնում, վիճակն ամենադրականներից չէ, որ կարող էինք երազել։ Աշխատում ենք ամեն ինչ անել, որ ուսանողն ու գիտությունն այս ամենի արդյունքում չտուժեն։ Մեկ նախադասությամբ ասեմ՝ գոհ եմ անցած ճանապարհից, բայց դեռ շատ անելիքներ ունենք։

Լուսինե Ստեփանյանի հետ զրուցել է Լիլիաննա Խաչիկյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին