Փետրվար 24, 2024
exclusive
14714 դիտում

Եղիշե Մելիքյան. ՀՖՖ-ի ղեկավարները համարում են, որ իրենցից բացի բոլորը սխալվում են

Լուսանկարը` Մեդիամաքս



Նախորդ տարին աննախադեպ էր «Փյունիկ»-ի համար` թիմը 7 տարի անց 15-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն ու կարողացավ հասնել Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլ: Mediamax Sport-ի հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է իրենց հաջողության գրավականի, Հայաստանում մարզիչներին չգնահատելու, ՀՖՖ-ի հետ ունեցած տարաձայնության, հավաքականի նոր մարզչի ու ժամանակակից ֆուտբոլի տենդենցների մասին:

-Պարոն Մելիքյան, մինչ Հայաստանի առաջնության ձմեռային հատվածի մեկնարկը ստացաք 2022-ի լավագույն մարզչի մրցանակը: Ի՞նչ զգացողություններով ընդունեցիք այն:

-Մրցանակն իմ ու թիմի կատարած աշխատանքի արդյունքն է: Այն ստանալը հաճելի էր, պարզապես շատ եմ ցանկանում, որ մեր երկրում հայ մարզիչները գնահատվեն: Բազմաթիվ են օրինակները, որ լավ մասնագետները մեր ֆուտբոլից բացակայում են՝ Արմեն Գյուլբուդաղյանց, Աբրահամ Խաշմանյան, Արթուր Պետրոսյան:  

-Իսկ ո՞րն է նրանց բացակայության պատճառը:

-Չեն գնահատվում: Եթե որեւէ հայ մարզիչ Հայաստանի հավաքականում արդյունք չի ապահովում, չի նշանակում, որ թույլ մասնագետ է: Խնդրին պետք է այլ կողմից մոտենալ. ինչո՞ւ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներն արդյունք չունեն: Միշտ մարզիչներին են մեղադրում այդ ամենում, իսկ մյուսները ջրից չոր են դուրս գալիս: Բա ֆուտբոլի ֆեդերացիա՞ն, ցուցանիշների համար առաջին հերթին կառույցի նախագահն ու փոխնախագահը պետք է պատասխան տան:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ուզում եք ասել, երբ մարզիչը հեռացվում է, պետք է ֆեդերացիայի ղեկավարությունն էլ պատասխանատվության իր բաժի՞նն ունենա եւ համարժեք փոփոխություննե՞ր լինեն:

-Միշտ չէ, բայց փոփոխությունների կարիք լինում է, երբ ակնհայտ կերպով երեւում է սխալ աշխատանքն ու թիմերի ձախողումը: Մինչդեռ ղեկավարները պատասխանատվություն չեն վերցնում եւ ամեն ինչ բարդում են մարզիչների վրա, որոնք այդ ամենը հոգեբանորեն ծանր են տանում՝ հեռանալով հայկական ֆուտբոլից: Երիտասարդ մասնագետներ ունենք, ովքեր դեռ պատրաստ չեն վերցնել այդ բեռը, իսկ փորձառուներին թոշակի են ուղարկել: Ինչպե՞ս զարգացնել հայկական ֆուտբոլը, եթե չունենք սեփական մասնագետները: Գյուլբուդաղյանցը հավաքականի ղեկին արդյունք չի ունեցել տարբեր հանգամանքներով պայմանավորված, բայց նա շատ լավ մարզիչ է, տաղանդավոր սաներ է պատրաստել, ինչպիսիք են Մխիթարյանը, Ղազարյանը, Մկրտչյանն ու նրանց սերնդից շատերը: Թող նրան այլ բան առաջարկեն՝  երիտասարդականի կամ մինչեւ 19 տ.  թիմի մարզիչ, ՀՖՖ-ում աշխատանք, որ կրթի մարզիչներին: Եթե նույնիսկ դիմել են ու մերժել է, թող ավելի շատ ուշադրություն դարձնեն: Լեգիոներ մարզչի եւ արտերկրից եկած ֆուտբոլիստի հետ 3 ամիս բանակցում են, ամբողջ ֆեդերացիայով մի քանի մեքենայով դիմավորում օդանավակայանում:

-Ինչո՞վ է պայմանավորված այդ միտումը, որ եթե մարզիչն արտասահմանցի է՝ ուրեմն անպայման ավելի լավն է:

-Ֆեդերացիայի ղեկավարությունն արդեն 4-5 տարի է աշխատում է եւ այդ ընթացքում չգտավ կամ չպատրաստեց այն հայ մարզչին, որը կկարողանա գլխավորել հավաքականը: Իրենց աշխատելաոճն է չգնահատել հայ մարզիչներին, իմ մաշկի վրա եմ այդ ամենը զգում:  

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ձեր պարագայում ինչպե՞ս է արտահայտվում:  

-Նախորդ տարի «Փյունիկ»-ի հետ Հայաստանի չեմպիոն դարձանք, ֆեդերացիայի նախագահը գավաթը հանձնեց մեր ավագին ու հեռացավ: Ես մի քանի մետր էի հեռու, սակայն չշնորհավորեց կամ ձեռքս չսեղմեց, որովհետեւ հայ մասնագետն իրեն հետաքրքիր չի:

-Հնարավոր է այդ օրը շատ մարդիկ են եղել ու խառը իրավիճակում չի ստացվել մոտենալ:

-Եկեք այդպես համարենք, բայց Եվրագավաթների ընթացքում եղած հաղթանակներից հետո մոտ 10 անգամ հանդիպել ենք եւ երբեք չի մոտեցել կամ այլ վերաբերմունք ցույց տվել: Լավագույն մարզչի մրցանակը հանձնելու օրը եւս Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը ստադիոնում էին, բայց չխոսեցին հետս: Եթե հիմա նեղացած են, բայց չեմպիոն հռչակված ժամանակ էլ դեռ որեւէ բան չէի խոսել, ինչո՞ւ չշնորհավորեցին:

-Ինչո՞վ է այդ ամենը պայմանավորված ու ինչի՞ արդյունքում է սկսվել «Փյունիկ»-ի եւ ՀՖՖ-ի միջեւ անհամաձայնությունը:

-Ես էլ իմ թիմի ղեկավարն եմ, կրթվել եմ ու մարզչի որակավորում ստացել, բայց սովորելը եւ գրագետ լինելը դեռ քիչ է: Ղեկավար լինելը մասնագիտություն է ու ամեն մարդու խելքի բանը չէ: Չեմ ժխտի՝ կրթված ու խելացի են, բայց նրանց մոտ առաջատարի որակներ չեմ տեսնում: Ուժեղ ղեկավարը պետք է կարողանա բաց ու պարզ խոսել նաեւ իր սխալներից, ընդունել դրանք: Ինձ հետ աշխատած ցանկացած ֆուտբոլիստի կարող եք հարցնել, արդյոք ընդունո՞ւմ եմ բացթողումներս: Սխալվելու դեպքում բոլորի մոտ այդ մասին խոստովանում եմ, ասում, որ ֆուտբոլիստի տեսակետն էր ճիշտ՝ ինչ տարիքի էլ նա լինի: Դա ուժեղ հոգեբանություն ունեցող եւ վստահ ղեկավարի գործոն է: Իսկ ֆեդերացիայի ղեկավարների մոտ այդպես չէ, համարում են, որ միշտ ճիշտ են ու իրենցից բացի բոլորը սխալվում են:  

Լուսանկարը` Մեդիամաքս


-Բայց բուն հարցին չպատասխանեցիք՝ ինչից՞ սկսվեց ձեր տարաձայնությունը:

-Սկսվեց նրանից, թե ինչպես արձագանքեցին մեր չեմպիոնությանը, ապա մեզ շատ էր պետք հետաձգել «Արարատ»-ի դեմ խաղը, բայց մերժեցին: Մինչ այդ էլ իմ դեմ տրամադրվածություն եմ զգացել, նույնիսկ տոմսով գնացել եմ ստադիոն, բայց Մելիքբեկյանի քարտուղարը չի թողել ներս մտնել:

-Բայց մի՞թե նման բան հնարավոր է, ո՞րն է եղել չթույլատրելու պատճառը:

-Հայաստան-Գերմանիա խաղին մեր ակումբի փոխնախագահը հրավիրատոմս էր ստացել եւ ինձ առաջարկեց գնալ, որպեսզի հետեւեմ սաներիս խաղին: Գասպարյանի փոխարեն տոմսի վրա գրեցինք Մելիքյան՝ համարելով, որ այդ աթոռը «Փյունիկ»-ի համար է նախատեսված: Թույլ չտվեցին մտնել, քանի որ հրավիրատոմսն իմ անունով չէր եղել: Փոխարենն առաջարկեցին տոմս տալ, որպեսզի մյուս տրիբունայում հետեւեմ խաղին: Ստադիոնում նստած մարդիկ նկատեցին այդ ամենը, միջամտեցին ու դժգոհեցին, ինչից հետո միայն թույլ տվեցին զբաղեցնել այդ նստատեղը: Մարդ ուղարկեցի, որ Մելիքբեկյանին տեղեկացնեն կատարվածի մասին, պատասխանեց. «Ես եմ այդպես ասել»:

-Հայաստանի Սուպերգավաթը առանց հանդիպում անցկացնելու հանձնվեց Ձեր թիմին ու տարատեսակ խոսակցությունների առիթ տվեց:

-«Փյունիկ»-ն արժանի էր այդ գավաթին, լավ էր հանդես եկել ու չեմպիոն դարձել: Մեղավոր չէինք, որ գավաթակիր «Նորավանք»-ը դադարեցրել է իր գոյությունը, մեծ սիրով կխաղայինք նրա դեմ: Սուպերգավաթից բնավ էլ չենք ուրախացել, այն մեզ ոչինչ չի տվել, որովհետեւ ինքներս քրտինք չթափեցինք ու չնվաճեցինք:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Պարոն Մելիքյան, հաշված օրեր են մնացել Թուրքիայի հետ խաղին: Ալեքսանդր Պետրակովն ի՞նչ կկարողանա տալ հավաքականին:

-Դժվար է լինելու արդյունքի հասնել, տարիների աշխատանք էր պետք ու ճիշտ հիմք, որ հիմա կարողանայինք պատրաստ լինել նման հանդիպման: Շատ եմ ուզում հաղթենք, բայց մեծ դժվարություններ եմ տեսնում: Այն ամենն, ինչ արվել է նախորդ տարիներին, զրոյացվել է: Մեր երկրի պատմության ամենակարեւոր խաղից առաջ թիմը հանձնել ենք այդ մարդուն ու ասել. «Մի բան արա»: Մեր հավաքականը պարտություններ է ունեցել եւ հոգեբանական առումով ծանր դրության մեջ է: Կապառո՞սն էր միայն մեղավոր, ճանապարհեցինք ու վե՞րջ, դրա մասին ավելի վաղ էր պետք մտածել:  

-Դուք ինքներդ հավաքականում խաղացել ենք, նման հանդիպումներն ու մեծ պատասխանատվությունը շա՞տ են ազդում:

-Ֆուտբոլիստների մասին չեմ մտածում, նրանք մարտական են տրամադրվելու, բոլորն էլ հասկանում են ինչ խաղ է սպասվում ու ինչ է նշանակում լինել հավաքականում: Մտնելու են դաշտ ու նվիրված աշխատեն, բայց միայն դրա հաշվին չես կարող հաղթանակի հասնել:

-Եթե Ձեր նշած այդ գործոնները կան, այդ դեպքում ինչո՞ւ են զիջում, ֆիզիկապե՞ս են ավելի թույլ մրցակիցներից:

-Այդպես չէի ասի: Առաջին հերթին՝ մարտավարության եւ թույլ օղակների պատճառով,  դրանք չեմ նշի, որ ֆուտբոլիստներին չնեղացնեմ: Ուժեղ խաղացողներ ունենք, բայց բավական չեն: Այդ բացը լրացնելու համար պետք էր ժամանակին ֆուտբոլիստներ պատրաստել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Նախորդ տարի «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն ասաց, որ Ձեզ տեսնում է  հավաքականի ղեկին, բայց դեռ ժամանակը չէ: Դուք ինքներդ ցանկանո՞ւմ եք մի օր գլխավորել այն:

-Իսկ ի՞նչ է ազգային հավաքականի մարզիչ լինելը՝ թիմային աշխատանք: «Փյունիկ»-ում տեսնում եմ իմ ղեկավարներին, որոնց հետ միասին ճանապարհ ենք անցնում: Նույնն էլ պետք է լինի ֆեդերացիայի դեպքում: Ֆեդերացիայի այսպիսի մոտեցման պարագայում ինձ դեռ հավաքականում չեմ տեսնում: Իրենք պետք է փոխվեն, չեմ ասում, թե ընդհանրապես հետները չեմ համագործակցի, բայց քանի դեռ մոտեցումները նույնն են, միասին անելիք չունենք: Վաղ թե ուշ՝ լինելու եմ հավաքականի գլխավոր մարզիչ, դա իմ նպատակն է:

-Պարոն Մելիքյան, առաջնության ձմեռային հատվածը տպավորիչ հաղթանակներով եք սկսել, ի՞նչ նպատակ եք դնում թիմի առաջ:

-Մեր նպատակը նորից չեմպիոն լինելն է, բայց այս տարի ավելի շատ դժվարություններ ունենք, քանի որ ֆեդերացիան անօրինական գործողությունների է դիմում՝ ինքս եմ դրա ականատեսը եղել: Մի թիմին օգնում է, մյուսին՝ վնաս տալիս: Հատուկ տրամադրվածություն ունեն, այդ ամենն ապացուցող փաստ ունեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Այդ դեպքում կներկայացնե՞ք այն, որ հիմնավորված լինի մեղադրանքը:

-Օրենքի կոպիտ խախտում են թույլ տվել՝ «Ուրարտու»-ից 3 միավոր չհանելով: Եզրակացնում եմ պատճառն այն է, որ ակումբին առաջ են տանում: Թեեւ իրավաբանորեն տարբեր բացատրություններ կարող են տալ, բայց արդարացնել խախտումը չեն կարող: Ինքս եմ ներկա եղել խաղին ու տեսել, թե ինչ է կատարվում: «Ուրարտու»-ի որակազրկված մարզիչն իրավունք չուներ հայտացուցակում լինել, բայց նստած էր պահեստային նստարանին: Երբ այդ հանգամանքը պարզվեց, հանդիպման սկզբում նրան արագ հեռացրին, այդ պահի արձանագրությամբ տեսանյութ էլ կա, բոլորի մոտ խուճապ էր: Հետո արդարացել են, որ ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի նիստը դեռ ընթացքի մեջ է եղել, բայց այն ինչպե՞ս կարող էր կայանալ հանդիպմանը զուգահեռ ու այն էլ՝ երեկոյան ժամը 7-ին: Խաղին ներկա Նիկողոսյանին ու ֆեդերացիայի մյուս ներկայացուցիչներին ինքս եմ մոտեցել եւ խախտման մասին ասել:  

-2022-ին երկար դադարից հետո «Փյունիկ»-ը հասցրիք չեմպիոնության ու Կոնֆերենցիաների Լիգայում հասաք մինչեւ խմբային փուլ: Ո՞րն էր հաջողության հիմնական գրավականը:

-Շատ դժվար ու բարդ ճանապարհ անցանք, բայց ես հավատում էի տղաներին ու բարձրացնում թիմային ոգին: Կարողացանք լավ արդյունքի հասնել միասնական աշխատանքով ու ճիշտ մարտավարությամբ, մրցակցին լավ էինք վերլուծում, ուսումնասիրում ուժեղ եւ թույլ կողմերը, հակախաղ գտնում: Հասկանում էինք, որ Եվրոպայում անհատապես չէինք կարող գերազանցել մրցակցին, որովհետեւ այլ մակարդակի խաղացողների հետ գործ ունեինք: Մեր ուժեղ կողմերից մեկն էլ մոտիվացիան էր, ճիշտ էինք տրամադրվում խաղերից առաջ:   

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ասուլիսներին շատ վստահ ու համարձակ էիք խոսում: Իրականում այդքան մեծ հավա՞տ ունեիք, թե՞ նման կերպ էիք վարվում, որ ոգեշնչեք Ձեր ֆուտբոլիստներին:

-Ի՞նչ է մեկ բառով նշանակում լինել մարզիչ, պատասխանը՝ փորձն է: Հոգով մարզիկ եմ ծնվել, պայքարող եւ առաջատար որակներով, իմ կյանքում միշտ ճանապարհ եմ հարթել կռվելով: Հավաքականում ու ակումբներում շատ դեպքերում իմ դեմ աստղեր էին հանդես գալիս՝ ավելի ուժեղ, քան ինքս եմ: Բայց ուժեղների դեմ ավելի լավ խաղալու հոգեբանություն ունեմ, քանի որ նրանք ինձ ավելի լավն են դարձնում: Այդ որակներն էլ ինձ օգնեցին որպես մարզիչ առաջ շարժվել:  

-Եվրոպական մակարդակով հանդես գալն իրո՞ք ավելի բարդ է եւ ինչո՞ւմ են մեր ակումբները թերանում:

-Շատ դժվար է, քանի որ խաղամակարդակն է լրիվ այլ: Շատ առումներով ենք թերանում.  առաջինը մարզիչների ու լավ դաշտերի պակասն է, առանց այդ ամենի միանգամից ուզում ենք արդյունքների հասնել: Ֆեդերացիան հավաքականի համար իսպանացի մարզիչ հրավիրեց, դա նույնն է, ինչ տունը սարքելիս հիմքի փոխարեն միանգամից տանիքը տեղադրես: Իսկ ի՞նչ է արել այս տարիների ընթացքում, որ հայ մասնագետներ պատրաստի կամ նրանց տեղ տա մեր ֆուտբոլում:

-Բայց ամեն տարի Հայաստանում բազմաթիվ արտոնագրեր են հանձնում: Ի՞նչ են այնտեղ սովորում ու ո՞րն է այդ դասընթացների նպատակը:

-Ուկրաինայում եմ ապրել եւ մարզիչ-հրահանգիչ եղել՝ կրթելով տասնյակ  մասնագետների: Համալսարաններն ամեն տարի բազմաթիվ ուսանողներ են ավարտում ու դիպլոմ ստանում, բայց ոչ բոլորն են աշխատում մասնագիտությամբ: Նույնը նաեւ այստեղ է, նորմալ է, որ շատերն են մասնակցում այդ դասընթացներին: Բայց արտոնագիր ստացած մարզիչներից պետք է ընտրել լավագույններին ու նրանց հետ լրացուցիչ աշխատել: Փոխարենը պատանիների կամ երիտասարդների ընտրանիների հետ տարբեր ցիկլերում նույն մարզիչն է շարունակ աշխատում ու ձախողվում: Կամ մի քանիսին անընդհատ փոխարինում են: Բայց նման վատ արդյունքները վկայում են այն մասին, որ այդ աշխատանքը նրանց համար չէ, պետք է ուրիշներին էլ շանս տալ: Հնարավոր չէ ֆուտբոլիստներ պատրաստել, եթե լավ մարզիչներ չկան:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Որակյալ ու լավ խաղացողների պակասը շատ մտահոգող է, հազարավոր երեխաներ են զբաղվում ֆուտբոլով, բայց հետագայում ակումբները եւ հավաքականը մշտապես կադրերի պակաս են ունենում:

-Ես մասնագետ եմ, որը եկել է Հայաստանում աշխատելու, թեեւ արտերկրից բավական լավ առաջարկներ ունեմ: Արդյունք եմ ապահովում, բայց ինչպե՞ս են վարվում ինձ հետ, հետո էլ զարմանում են, թե ինչո՞ւ հայ մարզիկներն ու մարզիչները չեն գալիս: Այսպես շարունակվելու դեպքում ինքս էլ կարող եմ մի օր հեռանալ: Իսկ տաղանդավոր երեխաներ շատ ունենք, պարզապես նրանց կրթել է պետք: Հատուկ աշխատանք է անհրաժեշտ տանել, էլի կնշեմ, որ այդ գործում մարզիչների դերն է մեծ: Չկարծեք մենք «Փյունիկ»-ում խնդիրներ չունենք, կան եւ լավ մասնագետներ, եւ բազում խնդիրներ: Լավ մարզիչների կարիք միշտ կա: 2005, 2007, 2008 թ. ծնված սաներ կան, որոնց հաջող ապագա է սպասվում: Մենք կարեւորում ենք նվիրվածությունը, պրոֆեսիոնալիզմը, կարգապահությունը, մտքի ու խաղի արագությունը:

-Դեկտեմբերին կլանված հետեւեցինք Աշխարհի առաջնությունը, որը բավական հետաքրքիր ստացվեց: Ի՞նչ միտումներ նկատեցիք ժամանակակից ֆուտբոլում:

-Մարզչական մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, մտքի պայքարը նմանվել է շախմատին: Մեծ տակտիկական տեղաշարժեր են կատարվել, սովորաբար դասական 4-4-2 տարբերակով էին խաղում, իսկ Կատարում ամեն թիմ ուներ իր սխեման ու հնարավոր լուծումները: Որպես մասնագետ այդ ամենն ինձ շատ հետաքրքրեց:

-Իսկ հետեւելու ընթացքում հնարավո՞ր է նաեւ սովորել ու կարեւոր գիտելիքներ քաղել:

-Հնարավոր է, բայց դա անելու համար պետք է կարողանալ զգալ ու վերցնել անհրաժեշտը: Ինքս շատ բաներ վերցրի, հաշիվներին բնավ չեմ նայել եւ որեւէ թիմի երկրպագել, պարզապես ձգտել եմ մի նոր բան իմանալ: Ինձ դուր եկավ Հարավային Կորեան իր կարգապահությամբ ու պաշտպանվելու ունակությամբ: Արգենտինան արժանի էր չեմպիոն հռչակվել, քանի որ շատ ժամանակակից ֆուտբոլ խաղաց, խելացի մարզչական մտահաղացումներ նկատեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ձեր ակումբի հաջողությունը հայկական ֆուտբոլում գլոբալ առումով որեւէ բան փոխե՞ց:

-Միանշանակ, նպաստեց առաջնության մակարդակի  բարձրացմանը, սկսեցին խաղերին ուրիշ կերպ մոտենալ ու «Փյունիկ»-ի դեմ հանդիպումներին էլ ավելի լավ պատրաստվել: Մրցակիցների այդ տրամադրվածությունը գովելի է, ինքներս էլ ուզում ենք ավելի հաջող հանդես գալ եւ արդյունքի հասնել, այդ ամենը կարեւոր առաջընթաց է: Եթե ի շահ հայկական ֆուտբոլի զարգացման բոլորս կարողանանք միասնական մտածել, լավ կլինի:

-Միայն ֆուտբոլից խոսեցինք, բայց Ձեր կյանքում այլ հետաքրքրություններ էլ պետք է լինեն:

-Միայն ֆուտբոլն է (ծիծաղում է, խմբ.): Սիրում եմ երեկոյան պարտադիր մեկ ժամ զբոսնել ու հենց այդ ժամանակ ամեն ինչ վերլուծել, տակտիկա մտածել եւ խաղային լուծումներ գտնել: Քայլելու ընթացքում վերլուծում եմ անցնող օրն ու որոշում հաջորդին ինչ եմ անելու: Այսօր Դուք հաստատ իմ երեկոյան ամփոփման մեջ լինելու եք (ծիծաղում ենք, խմբ.):

-Հենց դա էլ ակնկալում էի: Իսկ ի՞նչ է անում մարզիչը, երբ չի զբաղվում ֆուտբոլով:

-Իրականում կամ զբաղված եմ աշխատանքով, կամ էլ մտածում եմ դրա մասին: Իմ կյանքում ֆուտբոլ է, ֆուտբոլ, ֆուտբոլ: Ընտանիքիս էլ, ցավոք, քիչ ժամանակ եմ տրամադրում, ինձ միայն տուն մտնելիս ու զգեստափոխվելիս են տեսնում: Դեկտեմբերի արձակուրդներին ընտանիքով պարտադիր մեկնում ենք հանգստի: Որդիս էլ ֆուտբոլիստ է, ակադեմիայում է մարզվում, հույս ունեմ՝ մի օր միասին կհայտնվենք հավաքականում:  

Եղիշե Մելիքյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին